ԾԱՌԵՐԻ ՆԱԽԱՏՈՆԱԿԱՆ ՍՊԱ՞ՆԴ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեղարքունիքի մարզում ամանորյա տոներին ընդառաջ փշատերեւ ծառեր են կտրվել: Դեկտեմբերի 11-ին «Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցները Վարդենիսից դուրս եկող` դեպի Երեւան տանող ճանապարհին գտնվող անտառածածկ տարածքում արձանագրել են բնական եղեւնու կոտրված ու թափված ճյուղեր: Ենթադրվում է, այդ ծառերը հատվել են ամանորին ընդառաջ վաճառելու համար, եւ սա այն դեպքում, երբ Հայաստանում եղեւնիների եւ սոճիների հատումն ու վաճառքն արդեն մի քանի տարի արգելված է: Իսկ շուկայում վաճառվող բնական եղեւնիների կամ սոճիների մի մասը բերվում է ՀՀ մի քանի մարզերում երկար տարիներ գործող տնկարաններից, մի մասն էլ ներկրվում է Վրաստանից, Ռուսաստանից, Իրանից, Լեհաստանից եւ Գերմանիայից:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Վահե Գուլանյանին: Մեր ահազանգի հետքերով Գուլանյանը հանձնարարական է տվել պարկի Վարդենիսի մասնաճյուղի պետ Մխիթար Հարությունյանին իրականացնելու հատված ծառերի որոնողական աշխատանքները: Ավելի ուշ Գուլանյանը մեր թղթակցին ասել է, թե «Կոտրված թափված ճյուղեր են, ըստ երեւույթին, ձյան հետեւանքով է դա եղել»: Բայց, արի ու տես, որ մեր թղթակիցը տարածքում թափված, կոտրված ճյուղերը լուսանկարելիս արձանագրել է, որ ձյուն չկա, անգամ գետինը թաց ու խոնավ չի եղել:
Մինչ այդ նկատենք` «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Վարդենիսի մասնաճյուղի պետը Մխիթար Հարությունյանն է: Տեղաբնակների խոսքերով` մարդիկ կարողանում են հանգիստ ելումուտ անել անտառ եւ Ամանորի համար եղեւնի տանել: Ու կարելի է ենթադրել՝ Մխիթար Հարությունյանը, մեղմ ասած, չի տիրապետում իրավիճակին, հետեւաբար անձամբ պատասխանատվություն է կրում ամեն կտրված եղեւնու համար: Այս իրավիճակը բավական մտահոգիչ է, եւ իրավապահ համակարգի միջամտության կարիք կա, այլապես անխնա ծառահատումների նորանոր դեպքեր կարող են գրանցվել:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նախօրեին ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի անունից ԱԺ խմբակցությունների ղեկավարերին ու մշտական հանձնաժողովների նախագահներին հրահանգվել է հանձնել ծառայողական ավտոմեքենաները: Եվ սա այն դեպքում, որ մինչ նոր խորհրդարանի անդրանիկ նիստը իրավունքի ուժով արձակված այդ խորհրդարանի անդամները դեռ համարվում են պատգամավոր եւ պետք է օգտվեն իրենց իրավունքներից: Մեզ հայտնի դարձավ, որ մի մասին ուղղակի ասվել է հանձնել մեքենաները, մի մասին էլ ասվել է, որ տեխզննում անցնելու համար մի քանի օրով դրանք պետք է թողնել ավտոտնակում: Բաբլոյանի անունից իջեցված հրահանգը դժգոհությունների առիթ է հանդիսացել: Մեկնաբանության համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանին, որն էլ նշեց. «ԱԺ նախագահը չի զբաղվում այդպիսի հարցերով։ Իսկ մեքենաները կհանձնեն լիազորությունների ավարտից ողջամիտ ժամանակ առաջ»: Դիտարկմանը` ի վերջո, նման հրահանգ եղե՞լ է, թե՞ ոչ, եւ արդյոք վերադարձրե՞լ են, նա նշեց. «Հրահանգ չի եղել, մենք պատրաստվել ենք, որ հանձնողներից կարողանանք ստանալ: Այսինքն` գարաժն արդեն պատրաստ է, որ մեքենաներն ի պահ հանձնվի եւ կայանվի ավտոտնակում»:

 

 

 

Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը, հակառակ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի հայտարարությունների, թե դատական համակարգի վրա բիրտ ճնշում կա, այլ տեսակետ է հայտնել: «Վճռաբեկ դատարանի նկատմամբ երբեք որեւէ ճնշում ո՛չ զգացել եմ, ո՛չ էլ կարող եմ ասել, որ այդպիսի միջոցներ ձեռնարկվել են դատավորներին ճնշելու տեսանկյունից»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է Ե. Խունդկարյանը: Ինչ վերաբերում է Ազարյանի հայտարարություններին, ապա Խունդկարյանը նկատել է. «Այն, ինչ ասել է պարոն Ազարյանը, ես հարկ չեմ համարի այդ խոսքերի գնահատականը կամ վերլուծությունը տալ, դրա ճիշտ հասցեատերը կլինի հենց դատավոր Ազարյանը: Ինչ վերաբերում է դատավորների նկատմամբ ճնշում գործադրելուն, մենք ունենք համապատասխան կանոնակարգ օրենսգրքով. եթե որեւէ դատավորի նկատմամբ որեւէ ճնշում է գործադրվել, դատավորը պարտավոր է դրա մասին տեղյակ պահել համապատասխան մարմնին»:

 

 

 

Թավշյա հեղափոխությունից հետո սկսել է աշխատել նաեւ ՏՄՊՊՀ-ն: Պետական կառույցը, որին մշտապես մեղադրել են մենաշնորհների դեմ չպայքարելու, այլ, ընդհակառակը, նրանց հովանավորելու մեջ, այս տարվա ընթացքում լուրջ արդյունքներ է արձանագրել: Մասնավորապես, եթե 2014 թվականին կարագի շուկայում գործել են թվով 24 տնտեսվարողներ, ապա այս տարի նրանց թիվը դարձել է 57: Կարագի շուկայում գերիշխող տնտեսվարողի մասնաբաժինը նվազել է` 74%-ից դառնալով 49%: Ալյուրի շուկայում 2014-ի 30 տնտեսվարողի փոխարեն 2018-ին գործում է 149-ը, խոշորների մասնաբաժինը նվազել է` դառնալով 38 %-ից 5 %: Շաքարավազի մասով 4 տարվա կտրվածքով ներմուծողների թիվը 36-ից դարձել է 62, իսկ գերիշխողի մասնաբաժինը 94%-ից` 78%: Բանան ներմուծող 9 տնտեսվարողի փոխարեն այսօր ներկրմամբ են զբաղվում 21-ը, իսկ գերիշխողի մասնաբաժինը նվազել է` 92%-ից հասնելով 56%-ի: Փաստորեն, լավ աշխատելու համար պետք էր իշխանությունների քաղաքական կամքը, երբ գերիշխող դիրք ունեցողները զիջում են իրենց դիրքերը:

 

 

ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆԻ ՊԱՀԱՆՋԸ
ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մասնակցությամբ երեկ տեղի է ունեցել Հայաստանում ընտրական աջակցության ծրագրի ղեկավար կոմիտեի հերթական նիստը։ Ըստ պաշտոնական հաղորդագրության` այդ նիստում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ղեկավար կոմիտեի մյուս անդամներին ներկայացրել է քվեարկության օրվա եւ դրան հաջորդող որոշ զարգացումների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն: Բնականաբար շեշտվել է, որ ԱԺ այս ընտրություններն անցել են միջազգային չափանիշներին համապատասխան, ու դրա վկայությունն է այն, որ ԿԸՀ-ն չի ստացել որեւէ քաղաքական կուսակցությունից կամ որեւէ թեկնածուից բողոք, ինչպես նաեւ չի ստացվել ընտրությունների ամբողջական վերահաշվարկի որեւէ դիմում։ Նաեւ ԱԺ ընտրություններին մասնակից ուժերից ոչ մեկը, անգամ պարտված կուսակցությունները, Սահմանադրական դատարանում չեն բողոքարկել ընտրությունների արդյունքները:
Հայաստանում վերջապես միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնելուց հետո նոր իշխանությունները, ունենալով բարձր լեգիտիմություն, հիմա պետք է մեկ կարեւոր խնդիր լուծեն՝ ձեռնամուխ լինեն ՀՀ ընտրական օրենսգրքի բարեփոխումներին: Ընդ որում` ցանկալի է, որ օրենսդրական այդ փոփոխություններն արվեն հնարավորինս արագ ի սկզբանե հստակեցնելու հաջորդ ընտրությունների խաղի կանոնները: Իսկ օրենսդրական բարեփոխումների հիմնական նպատակը ռեյտինգային ընտրակարգի վերացումն ու հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգի ներդրումն է: Սա անհրաժեշտ է Հայաստանի քաղաքական համակարգի կայացման համար: Միաժամանակ, սա ճիշտ այն է, ինչ առաջարկում էր Նիկոլ Փաշինյանի կառավարությունը մեկ-երկու ամիս առաջ: Բայց քանի որ վեցերորդ գումարման ԱԺ-ում ՀՀԿ-ն դեռ կոճակային մեծամասնություն էր, օրենսդրական առաջարկը մերժվեց: Հիմա Փաշինյանի իշխանությունը, խորհրդարանում ունենալով բացարձակ մեծամասնություն, կարող է անարգել օրենսդրական փոփոխություններ կատարել:
Գաղտիք չէ, որ ռեյտինգային ընտրակարգով սովորաբար կարող են պատգամավոր ընտրվել նաեւ քաղաքականությունից հետո մարդիկ, որոնք ընդամենը ունեն մեծ շրջապատ, եւ տվյալ դեպքում ընտրողը քվեն տալիս է ոչ այնքան կուսակցությանը, ոչ այնքան գաղափարախոսությանը, որքան անձերին: Այս ընտրակարգի վերացումը եւ անցումը համամասնական ընտրակարգի կարող է ընտրողին «ստիպել», քվեարկել քաղաքական մոտեցմամբ:
Մյուս կողմից` նկատենք, որ այս ընտրակարգի ներդրումը ձեռնտու է հենց իշխանություններին, քանի որ այդ անձերի միջոցով հնարավոր է երաշխավորված քվեներ ունենալ: Այնպես որ, հետաքրքիր է` նոր իշխանությունն իր ժամկետի ավարտին արդյոք կհամաձայնի՞ հրաժարվել ձայների քիչ թե շատ երաշխավորված այդ «կապիտալից»:




Լրահոս