Անցած ամսվա ամենանշանակալի իրադարձություններից էր տեղեկատվությունը այն մասին, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման որոշել է առաջադրվել երկրորդ անգամ: Մենեջերների խումբը արդեն մեկնել է Չիկագո, որտեղ եւ տեղեկացվելու է գլխավոր շտաբը: «Ռասմուսեն» սոցիոլոգիական ծառայության տվյալներով` Օբամայի դրական վարկանիշը հասնում է 50%-ի: Եթե շարքային ամերիկացիներին առավել հետաքրքրում է, թե ինչպիսին կլինի Օբամայի ներքին քաղաքականությունը, մասնավորապես, կապված բարեփոխումների հետ, ապա ամբողջ աշխարհի համար կարեւոր են թիվ 1 գերտերության Նախագահի արտաքին քաղաքականության հիմնական ասպեկտները: Իր պաշտոնավարման արդեն երկու տարիների ընթացքում Օբաման աչքի ընկավ առավել քան արտաքին հանդուրժողական քաղաքականությամբ` ավտորիտար եւ բռնակալական վարչակազմեր ունեցող երկրների նկատմամբ: Շատերը դա բացատրում են նրանով, որ Աֆղանստանը եւ Իրաքը ստիպեցին նման զգուշավորություն, քանզի նախորդ վարչակազմի տապալումը պայմանավորված էր նաեւ արտաքին ձախողումներով: Վերջերս Չինաստանի ղեկավարի հետ համատեղ մամլո-ասուլիսում Օբաման բառացիորեն հայտարարեց հետեւյալը. «Չինաստանի հետ մենք ունենք տարբեր քաղաքական համակարգեր, մենք գտնվում ենք զարգացման տարբեր ժամանակաշրջաններում, ունենք տարբեր մշակույթներ եւ պատմություն: Վերջին 30 տարիներում Չինաստանը էվոլյուցիա է ապրել, եւ ես համոզված եմ, որ այդ միտումները կշարունակվեն ու կխորանան»: Այս խոսքերը, մի փոքր խմբագրելով, ԱՄՆ վարչակազմը ասում է վերջին երկու տարիների ընթացքում` տարբեր առիթներով: Հատկապես ԱՊՀ եւ Մերձավոր Արեւելքի երկրների ժողովուրդներն ունեին մեծ ակնկալիքներ ԱՄՆ-ից` որպես մարդու իրավունքների եւ ժողովրդավարության պաշտպանի: Սակայն Չինաստանում մարդու իրավունքների խախտումները չեն դատապարտվում ամերիկյան պարտատոմսերի պատճառով, նույնը նաեւ՝ ՌԴ-ի դեպքում: Այդ երկրի կայսերական նկրտումները հարեւանների նկատմամբ որեւիցե ձեւով չեն կանխվում: Կարելի է փաստել, որ Օբամայի վարչակազմը ուղղակի գտածո է մեծ ու փոքր բռնատիրական վարչակազմերի համար, քանզի հայտարարված ԱՄՆ-ի հեղինակության վերականգնման արշավը ընթանում է ի հաշիվ բռնատիրական երկրներում ապրող ժողովուրդների: Դրա ցայտուն օրինակներից է Ուկրաինան, եւ դեռեւս շատ ջանք է պահանջվելու, որպեսզի Եվրոպայի մեծ երկրներից մեկը վերադառնա դեպի ժողովրդավարության ճանապարհ: Իսկ «Վիկիլիքսի» բացահայտումներն ուղղակի ապտակ էին ԱՄՆ-ի ժողովրդավարական համբավին: Քաջատեղյակ լինելով Ուզբեկստանի իշխանության քրեածին եւ կոռումպացված լինելու իրողությանը, այնուամենայնիվ, ԱՄՆ-ը, ելնելով իր ստրատեգիական շահերից, չի շտապում փչացնել իր հարաբերությունները Քարիմովի վարչակազմի հետ: Եւ այս ցանկը կարելի է շարունակել շատ երկար:Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այդ քաղաքականության դրսեւորումների ականատեսը մենք բազմիցս եղանք վերջին 2 տարում: Որեւիցե կերպ չաջակցեցին սկիզբ առած համաժողովրդական շարժմանը, ըստ էության չարձագանքեցին մարդու իրավունքների բազմաթիվ խախտումներին, քանզի ցանկության դեպքում, գոնե կարող էին լուծել քաղբանտարկյալների ազատ արձակման խնդիրը: Միեւնույն ժամանակ, լուրջ փորձագետները կանխատեսում են, որ առաջիկայում հնարավոր են լուրջ փոփոխություններ: Բրուկինգսի ինստիտուտի հայտնի աշխատակից Ռոբերտ Կեգանը վերջերս հայտարարեց, թե հավատում է, որ ԱՄՆ-ի քաղաքականությունը կվերադառնա դեպի լիբերալ դեմոկրատիայի արժեքներ, եւ նրա նպատակը կդառնա «համաշխարհային լիբերալ կարգուկանոնի վերածնունդն ու հաստատումը»: Ինչեւէ, ամեն ժողովուրդ ինքն է հարթում իր ճանապարհը դեպի ժողովրդավարություն, բայց վատ չէր լինի ունենալ ԱՄՆ-ի պես դաշնակից այդ պայքարում:ԱՐԻՍ ՎԱՂԱՐՇԱԿՅԱՆ
ԲՌՆԱՏԻՐԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ