«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ Լեռնիկ Ալեքսանյանի հետ:
-Նախ խոսենք ընտրությունների մասին: Ինչպե՞ս եք գնահատում ընթացքը:
-Անցածներից բավականին տարբերվում էր: Նախ էդ փողային բաների հետ կապված: Կար թերություններ, բայց ինչ-որ նոր եւ հետաքրքիր բան կար քարոզարշավի մեջ: Միանշանակ, քարոզարշավի ձեւը փոխված էր, բայց բովանդակությունը էլի նույնն էր: Չկային լուրջ ծրագրեր, չկար լուրջ գաղափարախոսություն: Բոլորը նույն բաներից էին խոսում` անվտանգության մասին, երկրի մասին: Այդպես չէ, կուսակցությունների ծրագրերը պետք է հիմնված լինեն սեփական գաղափարախոսության վրա, երկրի տեսլականի վրա: Բոլորը խոսում էին մի քանի ընդունված բաների մասին, որոնցից ժողովրդի զահլեն արդեն գնացել ա:
-Ձեւավորված ԱԺ-ն համապատասխանո՞ւմ է Ձեր սպասելիքներին:
-Անկեղծ ասած` ոչ բոլորին եմ ճանաչում: Հին գործիչները շատ քիչ են: Երիտասարդությունը մեծ մասն է կազմում: Մի կողմից` դա վատ չէ, մյուս կողմից էլ` անփորձությունն է շատ, եւ դրա մեջ վտանգավոր բան կա: Կապրենք, կտեսնենք: Կարծում եմ` կունենանք լավ պատգամավորներ:
-Կմտածեի՞ք, որ ՀՀԿ-ն չի լինի խորհրդարանում:
-Անկեղծ ասած` ես սպասում էի, որ չի հայտնվի, որովհետեւ շատ դժվար էր այդ պայմաններում: Համենայնդեպս, ՀՀԿ-ն իմ սպասածից շատ ձայն ստացավ: Բայց դե գիտեք, դա շատ բնական է, որովհետեւ մենք այդ վերաբերմունքը տեսել ենք կոմունիստների նկատմամբ, ՀՀՇ-ի նկատմամբ: Մեր հասարակությունը սիրում է ծայրահեղություններ: ՀՀԿ-ն ինչքան էլ բացասական վերաբերմունքի արժանացավ, պետք է նշենք, որ ՀՀԿ-ում կան շատ առողջ ուժեր, մարդիկ, որոնք առանձնապես խառնված չեն այս ալան-թալանին, ինչի մասին խոսվում է: Եթե մի քիչ խորը վերլուծության ենթարկենք, ՀՀԿ-ն լուրջ պոտենցյալ ուներ եւ կարող էր:
-ՀՀԿ-ին` որպես արտախորհրդարանական ընդդիմության, ինչպե՞ս եք պատկերացնում: Կարո՞ղ է այդ կարգավիճակով հակազդել ներկայիս կառավարությանը:
-Ամեն ինչ կախված է հենց ՀՀԿ-ից: Եթե գնա ինքնամաքրման, եթե համագումարի ժամանակ դրվի այն խնդիրները, որոնք ուրիշներն են դնում, տեսնի սխալները, փորձի ուղղել կամ չկրկնել, վերջապես կարողանա շահել ժողովրդի եւ հասարակության վստահությունը, ապա կարող է լավ ընդդիմություն լինել: ՀՀԿ-ում մարդիկ կան, որոնք իրոք գաղափարի համար են պայքարում: Քաղաքական այդ կմախքի վրա ճիշտ քաղաքականության դեպքում կարող է ճիշտ բան հավաքվել: Իմ խորին համոզմամբ` ՀՀԿ-ն կմնա քաղաքականության մեջ եւ հաջորդ ընտրություններում կանցնի ԱԺ:
-Խորհրդարանում հայտնված երկու ուժերը` ԲՀԿ-ն եւ «Լուսավոր Հայաստանը» փոխհրաձգություն են սկսել: Սա ինչի՞ հետեւանք է` ըստ Ձեզ:
-Շատերը խեղաթյուրում են ընդդիմություն հասկացողությունը եւ պատկերացնում են, որ միայն քննադատողն է ընդդիմություն: Ես այդ ձեւով չեմ պատկերացնում: Ընդդիմությունը հասարակության մեջ իշխանությունից դժգոհ մասսայի առաջնորդը պետք է լինի: Ընդդիմությունը երկրի զարգացման տեսլականի ուրիշ տարբերակ պիտի ներկայացնի: Եթե կուսակցությունները նույն բանն են ուզում, ապա ինչ ընդդիմության մասին է խոսքը: Ընդդիմությունը իշխանություններին զսպող, աջակցող ուժ պետք է լինի: Ընդդիմության խնդիրը շատ ավելին է, քան այսօր մենք պատկերացնում ենք: Ասում ենք` լավ ընդդիմություն կարող են լինել ՀՀԿ-ն «Դաշնակցությունը», բայց գուցե եւ այդպես չէ: Լավ ընդդիմություն կարող է լինել շարժման մեջ եղած ուժերը, որովհետեւ այն ուժերը, որոնք եղել են իշխանություն, արդեն խոցելի են: Իսկ շարժումից պոկված ընդդիմությունը շատ ավելի արմատական կարող է լինել, քան մյուսները, որովհետեւ իրենք խոցելի չեն: Մենք ունենք Վազգեն Մանուկյանի օրինակը: Արդեն մենք ունենք նման մի քանի ուժեր, որոնք ավելի արմատական հայացքներ ունեն, օրինակ, «Սասնա ծռերը»: Չի բացառվում, որ ընթացքում ընդդիմությունը ավելի կծանրանա նրանց վրա:
-Կարեն Կարապետյանը լքեց ՀՀԿ-ն: Այսինքն` ստացվում է, որ երբ ՀՀԿ-ն իշխանություն էր, լծակներ ուներ, բոլորը ձգտում էին անդամագրվել, հիմա երբ ծանր վիճակում է, լքում են: Ինչո՞ւ է նման պատկեր ստեղծվել:
-Դա Կարեն Կարապետյանի եւ ՀՀԿ-ն լքող մյուս մարդկանց մեղքը չէ: Դա ՀՀԿ-ի մեղքն է: Կարեն Կարապետյանը շատ լավ կառավարիչ էր, լավ մարդ, բայց նա հանրապետական չէր, նա ՀՀԿ-ի հետ կապ չի ունեցել: Չի կարող մի տարում, վեց ամսում մարդը դառնա կուսակցության լիդերներից մեկը: Դա ամենակոպիտ սխալն էր ՀՀԿ-ի: ՀՀԿ-ի ամենամեծ սխալն այն է, որ գալիս էին մարդիկ, պաշտոնատար անձինք, որ իշխանությունն ու կուսակցությունը միաձուլվեր: Դա երկրորդ նախագահի ժամանակ եղավ, թե մարզպետները, գործադիր անդամները պիտի անպայման լինեն ՀՀԿ-ականներ, լինեն լիդերներ: Դա շատ բացասական երեւույթ է, եւ ժամանակին այդ թեզը, որ բանավոր կամ գրավոր ասվում էր, ես դեմ եմ եղել դրան: Դա եղել է դեռ լուսահոգի Անդրանիկ Մարգարյանի ժամանակ: Ասեմ` ինքն էլ էր դեմ նման երեւույթին եւ ասում էր, որ ամենամեծ սխալներից մեկն է կուսակցության: Այդ ամենը, չգիտես ինչու, ամրապնդվեց 3-րդ նախագահի ժամանակ, թե, օրինակ, գյուղապետերը պետք է անպայման լինեն ՀՀԿ անդամներ: Ադմինիստրատիվ կեղտը մենք բարդեցինք կուսակցության վրա, հենց դրա համար էլ ՀՀԿ-ն ավելի խոցելի դարձավ: Բնականաբար, գյուղապետերից, մարզպետերից դժգոհողներ միշտ էլ կան, եւ այդ ամբողջ դժգոհությունն ու կեղտը եկավ, լցվեց կուսակցության վրա: Բացասական կերպարները սկսեցին ասոցացվել կուսակցության հետ, եւ կուսակցության դեմքը շատ ավելի բացասական դարձավ: Կարեն Կարապետյանն էլ վարչապետ էր, լավ հեղինակություն ուներ, բայց ինչ պարտադիր էր, որ դառնար կուսակցության նախագահի տեղակալ:
Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆԸ
ՓԱՇԻՆՅԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ ՄԵԿՈՎ ԱՎԵԼԱՑԱՎ
Նորընտիր իշխանությունը կառավարությունում առկա շատ հաստիքներ շռայլություն է համարում եւ, ինչպես հայտնի է, գնում է կրճատումների, օպտիմալացումների ճանապարհով: Հիմա սեղանին դրված է առաջին փոխվարչապետի հաստիքը կրճատելու, նախարարությունների թիվն էլ 17-ից 12-ը դարձնելու տարբերակը:
Եվ չնայած կառավարության մաս կազմող մարմիններում օպտիմալացումներ են, որ կհանգեցնի նաեւ աշխատակազմի՝ մոտ 5 հարյուր հոգու կրճատման, սակայն վարչապետի աշխատակազմի դեպքում, կարծես թե, միանգամայն հակառակ միտումն է:
Մասնավորապես, նախօրեին վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է կատարել. Արշակ Կարապետյանին նշանակել է խորհրդական: Այս նշանակումից հետո Նիկոլ Փաշինյանն ունի 2 գլխավոր խորհրդական, 4 խորհրդական, հասարակական հիմունքներով 8 խորհրդական եւ 5 օգնական:
Նախկին վարչապետերը եւս աչքի էին ընկնում մեծ աշխատակազմերով, եւ այդ երեւույթը հաճախ էր քննադատվում ընդդիմության կողմից: Սակայն ուսումնասիրելով վարչապետի աշխատակազմի քանակը` տեսնում ենք, որ այն այնքան էլ չի զիջում նախորդներին:
Օրինակ` նույն Կարեն Կարապետյանը 2016 թվականի դրությամբ ուներ 11 խորհրդական, 2 գլխավոր խորհրդական: Նրա` ոչ հասարակական հիմունքներով խորհրդականների թիվը 5-ն էր, օգնականներինն էլ` 4-ը:
Թե ինչու է վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ընդլայնում աշխատակազմը, «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց մամուլի խոսնակ Արման Եղոյանին: Վերջինս նկատեց, թե ներկայիս աշխատակազմի թիվն այնքանն էլ չի տարբերվում նախորդներից: «Նույն սանդղակում են եղել նախկինում եւս: Ինչ վերաբերում է նախարարությունների կրճատմանը, ապա դրանք կրճատվում են ֆունկցիաների կրկնությունը բացառելու, ավելի մոբիլ, ավելի օպերատիվ աշխատանք ապահովելու համար, բայց խորհրդականի ֆունկցիան բոլորովին այլ է: Եթե նույն բնագավառի երկու խորհրդական լինի, դա կլինի կրկնություն, բայց այս դեպքում առկա չէ: Եթե կա որեւէ խորհրդական, ապա դա նշանակում է, որ նա կատարում է կոնկրետ գործառույթ», – նկատեց Արման Եղոյանը:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԻՐԱՐ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԵԼՈՎ
Հայաստանի բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի եւ հայտնի Սարկիսով եղբայրների միջեւ ստեղծված «հակամարտությունը» դեռ շարունակվում է։ Տեղեկացնենք, որ հանձնաժողովը վարույթ է հարուցել Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոս Նիկոլայ Սարկիսովի եւ նրա եղբոր` Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Սերգեյ Սարկիսովի նկատմամբ: Պատճառն այն է, որ Սարկիսովները չեն ներկայացրել պաշտոնական հայտարարագրեր: Հանձնաժողովից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ Սարկիսովները վիճարկել են հարուցված վարույթը, եւ դատական գործը դեռ ընթացքի մեջ է։ Մեզ հաջողվեց պարզել, որ Սարկիսով եղբայրները դատարանից պահանջում են, որ հանձնաժողովին ստիպի վերացնել այս տարվա հունիսի 18-ի որոշումը։
ԱՌԱՆՑ ՕՂՈՒ
Վերջին շրջանում մեր հանրապետությունում թանկացումներ նկատվում են ոչ միայն լայն սպառման ապրանքների, այլեւ ալկոհոլային խմիչքների, մասնավորապես՝ գինու, օղու, գարեջրի շուկաներում։ Այսպես, ՀՀ վիճակագրական կոմիտեից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ գինու շուկայում միայն նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, արձանագրվել է 0.2 տոկոսի չափով թանկացում։ Գարեջրի ոլորտում նշված ժամանակահատվածում այդ թանկացումը կազմել է 0.1 տոկոս։ Իսկ ահա օղին թանկացել է 0.5 տոկոսով։ Ալկոհոլային այս խմիչքների շուկայում թանկացումներն անխուսափելի կլինեն։ Չէ՞ որ հարկային օրենսգրքով աճել են ակցիզային հարկի դրույքաչափերը։ Ըստ մասնագետների՝ պատճառը այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ մտած հարկային օրենսգրքի փոփոխություններն են։ Ինչպես հայտնի է, հարկային օրենսգրքի այս փոփոխությունները պայմանավորված են ԵՏՄ անդամ երկրների ընդհանուր մաքսային դրույքաչափերով։ Արդյունքում, խմիչքները շարունակելու են թանկանալ նաեւ հաջորդ տարի։ Նշենք, որ սպիրտային խմիչքների 1 լիտրի համար ակցիզային հարկը այս տարվա համար կազմել է 725 դրամ, բայց հաջորդ տարում այն կդառնա 835 դրամ, իսկ ահա 2020-ին՝ 960 դրամ։ Ասել է թե՝ թարգե՛ք խմելը։
ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆԸ՝ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Բյուրականի աստղադիտարանի աշխատակիցները հայտնվել են խնդրի առաջ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2018 թվականի դեկտեմբերի 17-ին Անահիտ Եղիազարյանը դիմել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Բյուրականի աստղադիտարանի եւ ղեկավարությունից պահանջում է 681 հազար 430 ՀՀ դրամ չվճարված աշխատավարձը: Ավելին, նույն հայցով աստղադիտարանի տնօրինության դեմ դատական հայց է ներկայացրել նաեւ Գաբրիել Օհանյանը, որն էլ պահանջում է իր 681 հազար 430 ՀՀ դրամ չվճարված աշխատավարձը: