«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ Վճռաբեկ դատարանում դատավորները մասնավոր զրույցների ժամանակ թեթեւացած շունչ են քաշել` ասելով, որ գլխացավանքից ազատվեցին` Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը ՀՀ վերաքննիչ դատարան ուղարկելով եւ այդ հարցով որոշման իրավունքը վերաքննիչին տալով:
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանի հետ:
-Պարո՛ն Խունդկարյան, ինչպիսի՞ն էր դատավորների համար տարին:
-Տարին բավական լի էր դատական իշխանության համար իրադարձություններով, որովհետեւ 2018 թվականն էր, որ նշանավորվեց նոր դատական օրենսգրքի ներմուծմամբ, ինչպես նաեւ քաղաքացիական դատավարության օրենսգրքի ընդունմամբ եւ կյանքի կոչելով: Ինչպես նաեւ նոր օրենսգրքերը, նոր կանոնակարգումները իրենց հետ բազմաթիվ լուծումների հետ միասին բերում են նաեւ բազմաթիվ նոր խնդիրներ: Ես, միեւնույն ժամանակ, դատական համակարգի համար տարին կգնահատեմ խիստ արդյունավետ, քանի որ, իհարկե, դատավորների կատարած աշխատանքը գուցե եւ չի երեւում, քանի որ մենք` դատավորներս, ժամանակ չունենք խոսելու, մենք` դատավորներս, մեր աշխատանքն ենք կատարում եւ մենք մեր մտքերը, զգացմունքները արտահայտում ենք դատական ակտերով: Դատավորին կաշկանդող բազմաթիվ վարքագծի կանոններ կան, որ դատավորը ինքը չի կարող յուրաքանչյուր հարցի պատասխանը տալ:
-Դուք նշեցիք, որ դատավորին կաշկանդող բազմաթիվ վարքագծի կանոններ կան, բայց դատավորներից շատերը չկաշկանդվեցին եւ համարձակ գտնվեցին: Մասնավորապես, ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը հայտարարել էր, որ համակարգի վրա ինչպես հասարակական, այնպես էլ պաշտոնյաների կողմից ճնշում կա: Դուք անձամբ` որպես դատարանի նախագահ, ճնշում զգացե՞լ եք:
-Այն, ինչ ասել է պարոն Ազարյանը, ես հարկ չեմ համարի այդ խոսքերի գնահատականը կամ վերլուծությունը տալ, դրա ճիշտ հասցեատերը կլինի հենց դատավոր Ազարյանը: Ինչ վերաբերում է դատավորների նկատմամբ ճնշում գործադրելուն, մենք ունենք համապատասխան կանոնակարգ օրենսգրքով, եթե որեւէ դատավորի նկատմամբ որեւէ ճնշում է գործադրվել, դատավորը պարտավոր է դրա մասին տեղյակ պահել համապատասխան մարմնին:
-Հիմա Վճռաբեկ դատարանի նկատմամբ ճնշում եղե՞լ է, թե՞ չի եղել:
-Վճռաբեկ դատարանի նկատմամբ երբեք որեւէ ճնշում ո՛չ զգացել եմ, ո՛չ էլ կարող եմ ասել, որ այդպիսի միջոցներ ձեռնարկվել են դատավորներին ճնշելու տեսանկյունից: Մեր հասարակությունը պետք է պատրաստ լինի եւ պետք է համոզված լինի, որ դատարանները եւ դատավորները գործում են միայն սահմանադրությանը, օրենքներին համաձայն եւ իրենց ներքին համոզմունքին համապատասխան:
-«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ Վճռաբեկ դատարանում դատավորների միջեւ ներքին խոսակցություն է եղել, որ իրենք ազատվեցին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցից` գործը ուղարկելով ՀՀ վերաքննիչ դատարան. ինչպես ՀՀ վերաքննիչ դատարանը ազատել էր երկրորդ նախագահին, այնպես էլ թող տակից դուրս գա: Եղե՞լ է նման խոսակցություն:
-Չեմ կարծում, որ նման խոսակցություն կարող է եղած լինել, քանի որ յուրաքանչյուր դատարան իր լիազորությունների սահմաններում տալիս է լուծումները: Յուրաքանչյուր հանգամանքի վերաբերյալ Ձեր դիրքորոշումը կազմելուց առաջ նախ պետք է ծանոթանալ այդ դատական ակտերին, հասկանալ, թե Վճռաբեկ դատարանի դիրքորոշումը այնպիսին էր, որ բեռը իրենք իրենց վրայից գցեցին, թե ոչ:
-Ներկայումս ունենք մեկ պատկեր, որ աղմկահարույց գործեր քննած դատավորները ազատման դիմում են ցանկանում գրել եւ դուրս գալ դատական համակարգից : Օրինակ` ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը չհերքեց, որ նման մտադրություն ունի, սակայն որոշումը վերջնական չէ: Նշենք, որ Մխիթար Պապոյանը քննել էր Վաչագան Ղազարյանի կալանքի հարցը եւ նրան գրավի դիմաց ազատ էր արձակել, սակայն Վճռաբեկը բեկանեց այդ որոշումը, եւ Վաչագան Ղազարյանը կրկին կալանավորվեց:
-Յուրաքանչյուր անձ ինքն է ընտրում, թե որ դաշտում կամ որ ոլորտում ցանկություն ունի աշխատելու: Ես չեմ կարող մեկնաբանել, քանի որ տեղեկատվություն չունեմ:
-Դուք գո՞հ եք Բարձրագույն դատական խորհրդի գործունեությունից:
-Բարձրագույն դատական խորհուրդը, որը կոչված է դատարանների անկախությունը երաշխավորելուն, ինքը անկախ պետական մարմին է, որը լիարժեքորեն անցել է իր պարտականությունների կատարմանը 2018 թվականի ապրիլի 9-ից հետո, եւ ինչպես ցանկացած նորաստեղծ մարմին, Բարձրագույն դատական խորհուրդին, իմ կարծիքով, ժամանակ է պետք` ընկնի իր տեղը:
-Դատավորները ասում են, որ Գագիկ Հարությունյանը բոլորին իր բռի մեջ է ցանկանում հավաքել, իրեն ենթարկեցնել:
-Ես նման վտանգ չեմ կարող տեսնել, եթե որեւէ մարմին որեւէ ցանկություն ունի ինչ-որ մեկին իր բռունցքների մեջ հավաքել, դա կկարողանա անել այնքան ժամանակ, ինչքան թույլ կտա դիմացի կողմը, իսկ այդպիսի բան ես չեմ տեսնում:
Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
«ԶԻԲԻԼԻՔՍԻ» ԳՈՐԾԸ ՏԵՂԱՓՈԽՎԵՑ
«Զիբիլիքսի» հայտնի գործի քննության շարունակությունը տեղափոխվեց հաջորդ տարի: Հերթական դատական նիստը տեղի կունենա 2019թ. հունվարի 17-ին: Ասել է թե` քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության նախկին պետ Հրայր Անտոնյանը եւ 10 մեղադրյալները այս տարի ազատազրկման չդատապարտվեցին: Այսպիսով, ՀՔԾ բացահայտել էր 2017թ. Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ շտաբի կողմից ընտրակաշառք բաժանելը: Մասնավորապես, Արաբկիրի տարածքային կառույցի ղեկավարն իրենց կողմից ձեւավորված ենթաշտաբների ղեկավարների միջոցով 2017 թվականի մայիսի առաջին տասնօրյակում շուրջ 130 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումարը որպես ընտրակաշառք` յուրաքանչյուրին 10 հազարական դրամ, բաժանել են տարածքի ընտրողներին: ՀՀԿ-ական մեղադրյալներն ամբողջությամբ ընդունել են իրենց մեղքը, գործն էլ ուղարկվել է դատարան: ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի խոսքով` «Զիբիլիքսի» գործով արձանագրված արդյունքն աննախադեպ էր Հայաստանի նորագույն պատմության մեջ, քանի որ առաջին անգամ նախաքննության ընթացքում հիմնավորվել է ընտրակեղծարարության ամբողջ շղթան:
ՀԱՅՑ` ԸՆԴԴԵՄ ԹԱՂԱՊԵՏԻ
Առաջին դատական հայցն է ներկայացվել Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գեւորգ Բաբայանի դեմ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ դեկտեմբերի 14-ին Սամվել Վարդանյանը դիմել է վարչական դատարան ընդդեմ Աջափնյակ համայնքի ղեկավար Գեւորգ Բաբայանի, որպեսզի դատարանը 2017 թվականի դեկտեմբերի 6-ի` Վարուժան Մխիթարյանին շինարարական թույլատվություն տրամադրելու վերաբերյալ որոշումն անվավեր ճանաչի: Դատելով իրավիճակից` 2017 թվականին Վարուժան Մխիթարյանին Աջափնյակ վարչական շրջանի տարածքներից մեկում շինարարական թույլտվություն են տվել, եւ հիմա եկել է նոր թաղապետը, եւ քաղաքացիները նրանց դեմ հայց են ներկայացնում, որ նա նախկինների թույլ տված որոշումները անվավեր ճանաչի:
ՔՐԳՈՐԾ
Հարուցվել է քրեական գործ` պայմանագրային զինծառայողին անզգուշությամբ հրազենային վնասվածք պատճառելու դեպքի առթիվ: Ըստ ՀՀ Քննչական կոմիտեի փոխանցման` նախօրեին ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, ավագ լեյտենանտ Գ.Մ.-ն մարտական դիրքի գետնատնակում խախտել է զենքի հետ վարվելու կանոնները` իրեն կցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց է արձակել եւ պայմանագրային զինծառայող Արմեն Խաչատուրի Հարությունյանին անզգուշությամբ պատճառել է ձախ ազդրի հետին մակերեսի գնդակային միջանցիկ հրազենային վնասվածք: Ա.Հարությունյանը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ԸՆԹԱՆՈՒՄ
Ըստ ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի` Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ իսկապես բանակցություն է ընթանում Հայաստանում տեղակայված կենսաբանական լաբորատորիաներում օտարերկրյա զինծառայողների բացակայության երաշխավորման մասին: Հարցին` ինչո՞ւ է Ռուսաստանն ուզում արգելել, որ Հայաստանում օտարերկրյա զինծառայողներ ներկայացվեն, նա պատասխանել է. «Ո՞վ, ո՞ւմ, ի՞նչ կարող է արգելել: Խոսքը հայ-ռուսական հարաբերությունների մասին է, երկու սուվերեն, իրավահավասար պետությունների մասին է»: Նա նշել է, որ երկխոսությունն ընթանում է ոչ միայն Հայաստանի, այլեւ հետխորհրդային մի քանի այլ պետությունների հետ: «Հայկական կողմի հետ երկխոսությունը բավականին կոնստրուկտիվ է, կա փոխըմբռնում: Չեմ բացառում, որ որեւէ փուլում հանգենք ընդհանուր եզրակացության: Թե ինչ տեսք կստանան դրանք, չեմ կարող ասել: Որեւէ արգելքի մասին խոսք լինել չի կարող: Հարցը դեռ քննարկվում է, թե երբ կլինեն պայմանավորվածությունները ու ինչ տեսք կստանան, չեմ կարող ասել»,-ասել է դեսպանը: Հիշեցնենք, որ Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ներկայում Մոսկվան ու Երեւանը նախապատրաստում են փաստաթուղթ, որը պետք է երաշխավորի Հայաստանում օտարերկրյա զինծառայողների բացակայությունը:
ԿԱՇԱՌՔԻ ԳՈՐԾՈՎ
Ըստ ՀՀ գլխավոր դատախազության` ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրակաշառք տալու եւ ստանալու դեպքի առթիվ Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունում քրգործ է հարուցվել: Դատախազությունը նշում է, որ դեկտեմբերի 7-ին Ոստիկանության Երեւան քաղաքի վարչությունում օպերատիվ տվյալներ են ստացվել այն մասին, որ 2018թ. դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրությունների քարոզարշավի ընթացքում մի քաղաքացի ընտրողներին ընտրակաշառք է տվել` խոչընդոտելով ընտրողների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը: «Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում առերեւույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել տվյալ անձի կողմից մի շարք ընտրողներին թեկնածուներից մեկի օգտին քվեարկելու համար կաշառք տալու եւ ընտրողների կողմից կաշառք ստանալու վերաբերյալ: Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազի տեղակալի որոշմամբ` նշված դեպքի առթիվ հարուցվել է քրգործ, որը Գլխավոր դատախազությունից ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն:
ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ
ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանն ասել է, որ Գրիգորյանը չի ցանկանում, որ դատական ակտերը ներպետական ատյանները սպառելուց հետո գնան Եվրոպական դատարան: «Եթե ներպետական ատյաններում արդյունքի չհասնենք, հորդորելու ենք, որ այն գնա ՄԻԵԴ: Նա այլ կերպ է նայում իրավիճակին` ասելով, որ ես պետությանը դատի չեմ տա»,-ասել է Լեւոն Բաղդասարյանը: Վերջինիս խոսքով` որեւէ հիմք չկա Գրիգորյանին կալանքի տակ պահելու համար. «Մենք ոչ միայն չենք խոչընդոտել գործին, այլեւ առերեւույթ վնասը փոխհատուցել ենք»,-նշել է նա: Պաշտպանը նշել է` ՄԻԵԴ դիմելու խնդիրը վերաբերում է կալանքի որոշմանը, ոչ թե ընդհանուր մեղադրանքին: