Գյումրիում հետընտրական կրքերը թեժ են: Վերջին օրերին տեղի ունեցած Գյումրու բյուջեի հանրային լսումը վերածվել է վիճաբանության: Բանն այն է, որ եթե նախկինում հանրային քննարկումներն անցնում էին կիսադատարկ դահլիճներում, ապա այս անգամ հետաքրքրվողների թիվն է մեծ:
Գյումրու հաջորդ տարվա բյուջեն կազմել է 3 մլրդ 584 մլն 873 հազար դրամ, նախորդ տարի այն կազմում էր 3 միլիարդ 470 միլիոն 200 հազար դրամ: Դոտացիայի չափն էլ այս տարի ավելացել է 150 միլիոն դրամով: Ընդհանուր առմամբ, հաջորդ տարի պետական միջոցներից Գյումրուն կտրամադրվի 2 մլրդ 155 մլն 507 հազար դրամ դոտացիա:
Տեղական տուրքը, ըստ 2019 թվականի բյուջեի նախագծի, կազմելու է 98 միլիոն 312 հազար 250 դրամ: Եկամուտներից 7 միլիոն 330 հազար դրամ կհավաքագրվի քաղաքաշինական ոլորտից, համայնքային մանկապարտեզներից` ծնողական վճարներ` 193 միլիոն 638 հազար, աղբահանությունից` 185 միլիոն 178 հազար 700 դրամ:
Բյուջեի նախագիծն առաջիկայում ներկայացվելու է ավագանու մշտական հանձնաժողովներին, այնուհետ ավագանու հաստատմանը: Եւս մի շարք հարցերում թեժ քննարկումներ ծավալվեցին:
ՀԵՂԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Գյումրի
ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ Կրթության եւ գիտության նախարարությունը տեղեկացնում է, որ հանրակրթական դպրոցներում ձմեռային արձակուրդը կմեկնարկի դեկտեմբերի 24-ից: 3-ից 12-րդ դասարանների աշակերտներին ձմեռային արձակուրդ կտրամադրվի դեկտեմբերի 24-ից մինչեւ 2019-ի հունվարի 6-ը ներառյալ: Առաջին եւ երկրորդ դասարանցիների ձմեռային արձակուրդը կտեւի դեկտեմբերի 24-ից 2019-ի հունվարի 20-ը ներառյալ: «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի համաձայն` Սուրբ Ծննդյան եւ Հայտնության տոնին հաջորդող Մեռելոց հիշատակի օրը նշվում է հունվարի 7-ին, որը ոչ աշխատանքային օր է: Հանրակրթական ուսումնական հաստատություններում դասերը կվերսկսվեն 2019թ. հունվարի 8-ից:
ԿԱՐԳԵԼՎԻ
Հանրապետության հրապարակի տոնածառի լույսերը վառելու հանդիսավոր արարողության նախապատրաստական աշխատանքների հետ կապված` դեկտեմբերի 18-ից մինչեւ դեկտեմբերի 21-ը՝ միջոցառման ավարտը, կարգելվի երթեւեկությունը Նալբանդյան փողոցում՝ Սախարովի հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ, եւ Հանրապետության հրապարակի շատրվանների ու քարե գորգի միջեւ ընկած հատվածում: