«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը երգիչ, երգահան Դավիթ Ամալյանն է: Մենք նրա հետ զրուցել ենք նախաամանորյա թեմաների շուրջ, հարցրել ենք, թե ինչպես է սիրում նշել Նոր տարին, ինչ հուշեր ունի տոնի հետ կապված, ինչ ձեռքբերումներ եւ կորուստներ ունեցավ 2018-ին, եւ պարզել ենք, թե ինչ սպասումներ ունի երգիչը 2019-ից:
-Պարո՛ն Ամալյան, ո՞րն է 2018 թվականի Ձեր ամենամեծ ձեռքբերումը:
-Եթե շատ անկեղծ պատասխանեմ, ապա սիրային երգերս:
-Ի՞նչ չհասցրեցիք անել, որ կցանկանայիք հաջորդ տարի իրականացնել, ավարտին հասցնել:
-Պարտքերս չհասցրեցի փակել: Երեւի ամբողջ հայ ազգն է այդ վիճակում:
-Ո՞րն է Ամանորը դիմավորելու Ձեր նախընտրելի տեղն ու ձեւը:
-Ի դեպ, ասեմ, որ Ամանորը միակ տոնն է, որ սիրում եմ: Իսկ, առհասարակ, ինձ համար էական չէ՝ որտեղ եմ այն անցկացնում, կարեւորն այն է, թե ում հետ եմ անցկացնում: Նոր տարին ռեստորանում նշել չեմ սիրում, բայց եթե ընկերներս այնտեղ են, ուրեմն սիրածս տեղը ռեստորանն է:
-Տոների հետ կապված ի՞նչը տանել չեք կարողանում:
-Բոլոր տեսակի ձեւականությունները տանել չեմ կարողանում: Իհարկե, սիրում եմ ճոխ սեղան, ինքս ուտող-խմող եմ, բայց ամեն ինչին չափ պետք է լինի:
-Ամանորն ինչի՞ հետ եք ասոցացնում:
-Հեքիաթի: Ինձ միշտ թվացել է, որ տոնածառի մեջ թաքնված մի բան կա, որի մասին ամբողջ կյանքում չեմ իմանա: Քանդված տոնածառ չեմ սիրում, որովհետեւ նայում ես, հեքիաթը կորչում է: Մանուկ հասակից մտածել եմ՝ ինչո՞ւ տոնածառն ամբողջ տարին չեն թողնում՝ մնա: Բայց երեւի որ այդպես լիներ, այն կկորցներ իր իմաստը, հետաքրքրությունն ու խորհուրդը:
-Ձեզ համար ո՞րն էր 2018-ի ամենահիշարժան պահը:
-Այդ չափի անկեղծանալ չեմ կարող, բայց ասեմ, որ սիրային երգերիս ծնունդի հետ է կապված:
-Նոր տարվա հետ կապված Ձեր ամենաքաղցր հիշողությունը ո՞րն է:
-Նախորդ տարի, օրինակ, հարազատ Փանիկ գյուղում եմ նշել Ամանորը՝ թոնրի կողքը: Բարեկամներով հավաքվել էինք, դա ինձ համար ամենալավ տարիներից մեկն էր: Ընդհանրապես, մանկությանս ամենավառ հուշերը հենց այդ գյուղի հետ են կապված: Հիշում եմ, որ հորեղբայրս գալիս էր, մեր տան անդամներին վերցնում էր, եւ մեքենայով գնում էինք գյուղ: Սիրում էի դեպի գյուղ տանող ճանապարհը, մթությունը, դրսի ցուրտն ու ներսի ջերմությունը: Հենց դա էլ ասոցացնում եմ Ամանորի հետ:
-Ձեզ համար ո՞րն էր 2018 թվականի ամենամեծ կորուստը:
-Բարության կորուստը: Մարդիկ չարացան. դա ինձ իսկապես անհանգստացնում է: Քաղաքական հողի վրա շատերը բաժանվեցին ճամբարների: Ինձ համար կապ չունի, թե ով որ կուսակցական թեւին է պաշտպանում, կարեւորը, որ մարդիկ մարդ մնան:
-Այդ ընթացքում ընկերներ կորցրեցի՞ք:
-Ես երբեք ընկերների չեմ կորցրել: Քաղաքական հողի վրա ընկեր կորցնելը տգիտության եւ փոքրոգության նշան է:
-Նոր տարվա ուտելիքներից ո՞րն եք ամենաշատը սիրում:
-Տոլմա, նրբաբլիթ, «Միկադո» տորթ: Բոլոր ուտելիքների հանդեպ էլ դրական եմ տրամադրված:
-Մանուկ հասակում Ձմեռ պապիկին նամակներ գրե՞լ եք:
-Ոչ, չեմ գրել, պատկերացրեք՝ մի քիչ շուտ եմ գլխի ընկել, որ Ձմեռ պապիկ չկա: Բայց երեխաներս նամակներ գրել են, մինչեւ նրանց ուզածը առնում էի, տունս քանդվում էր (ծիծաղում է), մինչեւ հասկացան, որ Ձմեռ պապ չկա, քամվեցի, հետո անցան արդեն Ոսկե ձկնիկին: Հիմա էլ նրան էին նամակներ գրում: Ծախսերս քչացան միայն այն ժամանակ, երբ երեխաներիս համոզեցինք, որ Ոսկե ձկնիկ էլ չկա (ծիծաղում է):
-Այս տարի ի՞նչ եք խնդրում Ձմեռ պապիկից:
-Խաղաղություն: Ինձ համար ամենամեծ կորուստը զինվորի մահն է սահմանին: Երշիկը թանկ արժե, թե էժան, ինձ չի հետաքրքրում, եւ երբեք չեմ հասկանա այն մարդկանց, որոնք ցույցեր են անում դրա համար: Մենք պետություն կորցնելու խնդիր ունենք, եւ պետք է ամեն ինչ անենք, որ դա չլինի:
Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԻ ՕՏԱՐԱԶԳԻ ԱՍՏՂԻ ՀԵՏ
«Շուտով երկրպագուներիս սպասվում է անակնկալ. համագործակցել եմ օտարազգի հայտնի երգչի հետ, սակայն փակագծերը դեռ չեմ բացի, միայն կասեմ, որ երկար եմ սպասել դրան»,-«Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրեց երգչուհի Նարե Գրիգորյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչ սպասի հանդիսատեսն իրենից առաջիկայում:
Ինչպես հիշում ենք, աշնանը թողարկվեց Նարեի առաջին հեղինակային երգը: Նա վաղուց էր ցանկանում հանդիսատեսի դատին հանձնել այդ ստեղծագործությունը, պարզապես զբաղվածության պատճառով չէր հաջողվում այդ ծրագիրը կյանքի կոչել: Հիմա արդեն դրան կհաջորդի երկրորդը՝ տեսահոլովակի տեսքով. «Համագործակցում եմ «Սաֆ քլաբ» փրոդաքշընի հետ, նոր ենք վերադարձել Մոսկվայից, այնտեղ ձայնագրել ենք երգը, կատարվել է գործիքավորում: Տեսահոլովակը կնկարահանվի կա՛մ Մոսկվայում, կա՛մ Երեւանում»,-նշեց երգչուհին:
2018-ը Նարեի համար թե՛ անձնական, թե՛ ստեղծագործական առումով բավական բեղմնավոր տարի էր: Տարին նրա համար սկսվել է լավ նորություններով եւ ավարտվում է կրկին պոզիտիվ զգացումներով. «Այս տարի ամուսնացա, անձնական բնույթի շատ այլ ուրախություններ եղան, վերջապես լույս տեսավ իմ հեղինակային երգը, որին երկար էի սպասել, իսկապես, հաջող տարի էր: Հուսամ՝ 2019-ը նույնքան շռայլ կգտնվի իմ հանդեպ»,-ասաց մեր զրուցակիցը:
Հարցին, թե արդյոք ամուսնությունից հետո հաջողվո՞ւմ է պլանավորել գործնականն այնպես, որպեսզի այն չխանգարի անձնականին, երգչուհին պատասխանեց. «Փառք աստծո, հասցնում եմ ժամանակ տրամադրել թե՛ անձնականին, թե՛ գործնականին, իսկ, առհասարակ, ես որեւէ բան չեմ պլանավորում, այսքան ժամանակ ինչ հաջողության որ հասել եմ, ինքնաբերաբար է ստացվել: Խորհուրդ եմ տալիս գալիք տարվա անելիքներն էլ չպլանավորել: Կարող եմ այսպես ասել՝ ստացվում է կյանքի կոչել այն, ինչ մտածում եմ: Հուսամ՝ մյուս տարի եւս այդպես կլինի»:
Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
ԻՍԿՈՆԿՏԵՂԱՓՈԽՎԻ
«Ռեալ»-ի կիսապաշտպան Իսկոն կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»: Պեպ Գվարդիոլան Իսկոյի տրանսֆերն առաջնային է համարել անգլիական թիմի համար առաջիկա ամռանը: «Մանչեսթեր Սիթի»-ի ներկայացուցիչներն արդեն կապ են հաստատել ֆուտբոլիստի գործակալի հետ եւ նախնական բանակցություններ են վարել: «Ռեալ»-ն Իսկոյից պատրաստ կլինի բաժանվել նվազագույնը 100 մլն եվրոյի դիմաց: Իսպանացու գործող պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2022թ.: Նրա հրաժարագինը 700 մլն եվրո է կազմում: Ընթացիկ մրցաշրջանում Իսկոն միշտ չէ, որ ընդգրկվում է «Ռեալ»-ի մեկնարկային կազմում: Նա Պրիմերայում անցկացրած 11 խաղում դարձել է 1 գոլի եւ 2 գոլային փոխանցման հեղինակ:
ՀԵՌԱՑՐԻՆ
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հեռացվել է զբաղեցրած պաշտոնից, հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը: «Ակումբը կցանկանար շնորհակալություն հայտնել Ժոզեին «Մանչեսթեր Յունայթեդում» իր աշխատանքի համար եւ հաջողություն մաղթել նրան ապագայում: Շուտով կհայտարարենք, թե ով կլինի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարը մինչեւ մրցաշրջանի ավարտը, միեւնույն ժամանակ ակումբը սկսում է նոր գլխավոր մարզչի փնտրտուքները»,- ասվում է ՄՅՈւ-ի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ: