ԼՈՒԾԱՐԵՄ, ԳՆԱՄ ՄԻԱՆԱ՞Մ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, Արթուր Բաղդասարյանը հայտարարել է քաղաքականությունից դուրս գալու մասին` միաժամանակ հրաժարվելով ՕԵԿ նախագահի պաշտոնից: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է նախկին ՕԵԿ-ական, «Արժանապատիվ ուղի» կուսակցության նախագահ Հովհաննես Մարգարյանի հետ։

-Պարո՛ն Մարգարյան, Ձեր հարզացրույցներում ասում էիք, որ մասնակցելու եք ԱԺ ընտրություններին։ Ինչո՞ւ մտափոխվեցիք։
-Միակ պատճառն այն էր, որ իմ «Արժանապատիվ ուղի» կուսակցությունը չհասցրեցինք գրանցել։ Իսկ ես չէի ուզում որեւէ այլ ուժի ընտրացուցակով մասնակցել։
-Ընտրություններից ի՞նչ տպավորություն ունեցաք։
-Պայքարը գաղափարական չէր։ Սրանք աննախադեպ ընտրություններ էին, բայց ժամանակը շատ կարճ էր, ծրագրերի մրցակցություն չկար։ Քաղաքացին հիմնականում չէր տրամադրվում, որ ուսումնասիրեր ծրագրերը։ Այն վարկանիշը, որը վաստակեց Նիկոլ Փաշինյանը, հիանալի էր։ Եթե ժողովուրդը հնարավորություն ունենար ուղիղ ընտրել Նիկոլ Փաշինյանին, կգնար եւ էլի 70% կտար։ Այսինքն` այդ տոկոսի վաստակը ստացավ Նիկոլ Փաշինյանը. երկրորդ կարծիք լինել չի կարող։
-Այսինքն` խորհրդարանի կազմը սպասելի՞ էր Ձեզ համար։
-Կազմը սպասելի էր, բայց ինձ համար անսպասելի էր պատգամավորների թիվը։ Այնպես ստացվեց, որ շատ ուժեր անցողիկի շեմը չհաղթահարեցին, այլապես էսպիսի պատկեր չէինք ստանա։ Աստված չաներ, որ եթե ինչ-որ քաղաքական ուժ մեծամասնություն չհավաքեր, կունենայինք, օրինակ, 170 պատգամավոր, եւ դա այս բոնուս-ֆոկուսների արդյունքում։ Մի կարեւոր բան ասեմ. հենց մեր կուսակցությունը գրանցվեց, ստորագրահավաք ենք սկսելու սահմանադրությունում փոփոխություններ անցկացնելու։ Առաջինը ուզում ենք ժողովրդին հետ վերադարձնենք առաջնային մանդատով պետության գլխին ընտրելու հնարավորությունը։ Ժողովուրդը ուզում էր Նիկոլ Փաշինյանին, եւ որպեսզի նա ընտրվեր, ժողովուրդը ստիպված էր 70-80 քաղաքացիների ընտրել ԱԺ-ի համար, որ նրանք էլ երաշխավորեին, թե իրենք, մտնելով ԱԺ, կընտրեն Նիկոլին։ Դե մեկից թող ընտրեր։ Բացի դրանից` երկրում միահեծան իշխանություն է ձեւավորված, որը, իհարկե, այս իշխանությունների մեղքով չէ, այլ նախկին։ Վերջինս սահմանադրությամբ ստեղծել էր մի խայտառակ իրավիճակ, որ ոչ թե իրենք ցմահ ղեկավարեին երկիրը, այլ նաեւ հետմահու միանձնյա ղեկավարեին։
-Ընդդիմության մեջ կռիվը ինչի՞ց սկսվեց։
-Մենք բոլորս տեսանք, որ դեբատից։ Բայց հիմա մենք պետք է ձգտենք ունենալ ավելի քան միասնական իշխանություն։ Ինձ համար տարօրինակ է, որ ասում են` որպեսզի ես լինեմ երկրորդ տեղը, դու չպիտի մասնակցես ընտրությանը։ Է որ Նիկոլն էլ չմասնակցեր, առաջին տեղում կլինեիք։ Սա շատ անընդունելի մոտեցում է եւ սա քաղաքական օրակարգ չէ։ Մեր հիշողությունը շատ թարմ է։ Ես ինքս ականատես եղա, թե ինչպես Գագիկ Ծառուկյանը կարողացավ կանգնել հեղափոխության կողքին։ Այսօրվա դրությամբ պետք է գնահատենք այն, որ Ծառուկյանը մեծ ներդրումներ է անում Հայաստանում։ Շատ կարեւոր է, որ այդ մարդը իր երկրում ստեղծում է աշխատատեղեր։
-Արթուր Բաղդասարյանը լքեց կուսակցությունը, թողեց քաղաքականությունը։ Որպես նախկին ՕԵԿ-ական` Ձեզ համար սպասելի՞ քայլ էր։
-Ճիշտն ասած` ես դա որեւէ կերպ չեմ ուզում մեկնաբանել։ Յուրաքանչյուր քաղաքական գործիչ` առավել եւս Արթուր Բաղդասարյանի նման փորձառու մեկը, ինքն է որոշում կայացնում։ Ժամանակ առաջ ես էլ որոշում կայացրի եւ դուրս եկա քաղաքականությունից։ Ես ընդամենը հարգում եմ այդ որոշումը։ Կարծում եմ` դա պահի տակ որոշում չէ, այլ կշռադատված որոշում է։
-Այնուամենայնիվ, ինչպե՞ս եք մեկնաբանում սա։ Հնարավո՞ր է, որ սա նրա հետեւանքն էր, որ ՕԵԿ-ը ձախողեց վերջին մի քանի ընտրությունները, եւ հրամայական էր ծառացած սերնդափոխության։
-Սերնդափոխությունը միշտ կարեւոր եւ առաջնային պայման է երկրում, բայց նորից եմ կրկնում` այդ մասին միայն որոշողը կարող է ասել։ Ես միշտ բարձր եմ գնահատել Արթուր Բաղդասարյանի դերակատարությունը քաղաքականության մեջ։
-Ի՞նչ եք սպասում նոր սերնդի ներկայացուցիչներից։
-Նոր սերունդը հաջողության կհասնի այն դեպքում, երբ իր կողքին կլինեն փորձառու, ճանապարհ անցած մարդիկ։ Բարձր եմ գնահատում երիտասարդների արած գործը` թավշյա հեղափոխությունը, որի միջոցով իշխանությունը վերադարձավ ժողովրդին։ Շատ քննադատելու տեղեր ունեն, բայց ես ձեռնպահ կմնամ դրանից, որովհետեւ հասկանում եմ, որ էնքան լավ բան են արել` լեզուդ չի բռնում քննադատես։ Այնուամենայնիվ, ասեմ, որ դրանով երիտասարդները հասնելու են նրան, որ փորձառու մարդկանց փորձը չօգտագործելով` լուրջ խնդիրների են բախվելու։
-Հնարավո՞ր է` նորից միանաք ՕԵԿ-ին։
-Ես այլ կուսակցության ղեկավար եմ, այլ կուսակցություն եմ հիմնադրել։ Այսինքն` լուծարեմ, գնամ միանա՞մ։ Իսկ, ընդհանուր առմամբ, մեր քաղաքական ուժի գաղափարների շուրջ պատրաստ եմ բոլորի հետ էլ համագործակցել եւ այդ թվում եւ բնականաբար ՕԵԿ-ի, որովհետեւ ՕԵԿ-ը ինձ շատ բան է տվել։

Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆԸ

 

 

 

ԵՄ-Ն ՍՊԱՍՈՒՄ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ՔԱՅԼԵՐԻՆ

Երեկ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի եւ ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստին եւ ելույթ ունեցել:

«Կոչ եմ անում առավել ակտիվ աշխատել Համաձայնագրի կիրարկման գործընթացների ուղղությամբ, քանի որ թեւակոխում ենք առավել ինտենսիվ եւ ընդարձակ ծրագրերի կազմման ու իմպլեմենտացման փուլ», – նշել է նա:
Փաշինյանը ընդգծել է, որ ինքը տեղյակ է այս հանձնաժողովի աշխատանքային ընթացքի մասին, եւ իրեն պարբերաբար զեկուցում են: Նշենք, որ այս հանձնաժողովի ղեկավարը Մհեր Գրիգորյանն է, անդամներից է հանդիսանում նաեւ դեռեւս պատգամավոր Արմեն Աշոտյանը, ով երեկ ներկա չի եղել հանդիպմանը:
«Ժողովուրդ» օրաթերթը դեռեւս օգոստոսին անդրադարձել էր այս հանձնաժողովի գործունեությանը, ավելի ճիշտ՝ անգործությանը, քանի որ այդ պահի դրությամբ 2018 թվականի հունիսի 1-ից ուժի մեջ մտած Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթներով պայմանավորված որեւէ բարեփոխման մեկնարկ կառավարության մակարդակով դեռ տրված չէր:
Ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հուլիսի 2-ի որոշմամբ` Հայաստանի եւ Եվրոպական Միության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումն ապահովելու նպատակով միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ որոշում էր կայացվել: Այդ հանձնաժողովի նախագահ էր նշանակվել հենց ներկայումս փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը: Սակայն այդ հանձնաժողովը հուլիսի 2-ից մինչեւ օգոստոսի 26-ն անգամ նիստ չէր գումարել: Ու միայն ընդհանուր դժգոհություններից հետո այս հանձնաժողովը սկսել է աշխատել, մշակել է նաեւ գործողությունների ճանապարհային քարտեզ եւ այն ներկայացրել եվրոպական կողմին:
Սակայն նշենք, որ եվրոպական կողմը շատ պահանջկոտ է Հայաստանի ներկա իշխանությունների հանդեպ: Չնայած նրանք հասկանում են, որ անցումային փուլ էր, եւ ամեն ինչ արվում էր արտահերթ խորհրդարանական ընտրությունների հասնելու համար, սակայն եվրոպական կողմը հստակ քայլեր եւ ծրագրեր է ակնկալում հայկական կողմից: Գաղտնիք չէ, որ Հայաստանը մշտապես մեծ ֆինանսավորումներ է ստացել ԵՄ-ից եւ այժմ էլ ակնկալում է, սակայն այժմ ԵՄ-ն գումարներ ցանկանում է տալ միայն հստակ ծրագրերի պարագայում, իսկ մինչ այժմ, համենայնդեպս նաեւ պաշտոնական տեղեկատվության համաձայն, դեռեւս ծրագրեր չեն ներկայացվել ԵՄ-ին նաեւ համաձայնագրի կիրառումն ապահովելու առումով:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ՀԱՅՑ` ԸՆԴԴԵՄ ՆԱԽԱԳԱՀԻ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու հրամանագիրը չստորագրելու համար քաղաքացին դատի է տվել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին: Վարդան Կարապետյանը ՀՀ վարչական դատարան համապատասխան հայց է ներկայացրել՝ պահանջելով ստիպել ՀՀ նախագահին ընդունել իր քաղաքացիությունը դադարեցնելու մասին հրամանագիր: Նկատենք, որ այս գործով որպես պատասխանող դատարանում ներգրավվել են ՀՀ վարչապետը, ՀՀ քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը, ՀՀ ոստիկանությունը, ՀՀ պաշտպանության նախարարությունը: Նկատենք, որ քաղաքացիությունը դադարեցնել ցանկացող անձը ընդամենը 16 տարեկան է, ասել է թե` ընդամենը երկու տարի է մնացել, որ նա բանակ զորակոչվի, ուստի հավանաբար դա է պատճառը, որ գործով որպես պատասխանող է ներգրավված նաեւ ՀՀ պաշտպանության նախարարությունը:

 

 

ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ
Գործադիրն այսօրվա իր նիստում պատրաստվում է արտոնություն տալ «ՆԱՆՄԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը: «ՆԱՆՄԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են ջինսե հագուստի արտադրության մեջ: Ներդրումային ծրագիրը իրականացվելու է ՀՀ Կոտայքի մարզում, եւ նախատեսվում է իրականացնել 110 100 000 ՀՀ դրամի ներդրում, ստեղծել 3 նոր աշխատատեղ՝ 78 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Նշենք, որ այս ընկերությունը հաճախ է հարկային արտոնություններ ստացել նաեւ նախորդ իշխանությունների օրոք: «Ժողովուրդ» օրաթերթը իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներից պարզեց, որ ընկերությունը հիմնադրվել է 2003 թվականին: Դրա տնօրենն ու սեփականատերը Արման Կատվալյանն է:

 

 

ԱՆՓՈՐՁԻՆ ԸՆՏՐԵԼՈՎ
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ առաջիկայում տեղի կունենա Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենի ընտրության մրցույթ: Նշենք, որ Լ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի նախկին տնօրենը Սմբատ Դաղբաշյանն է եւ կենտրոնը ղեկավարում էր 2001 թվականից: Ըստ որոշ տեղեկությունների` արյունաբանական կենտրոնի տնօրենի մրցույթին իր թեկնածությունն առաջադրել է նաեւ ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը: Սակայն ինքը` Սերգեյ Խաչատրյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ սուտ են այս տեղեկությունները. «Ես չեմ առաջադրվել եւ մտադրություն էլ չունեմ իմ թեկնածությունն առաջադրելու»: Հիշեցնենք, որ օրեր առաջ տեղի էր ունեցել «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրենի ընտրության մրցույթ, որին մասնակցել էր Սերգեյ Խաչատրյանը: Ի դեպ, նա մրցույթը անցած թեկնածուներից է եղել, սակայն, չգիտես թե ինչու, առողջապահության նախարարի ԺՊ Արսեն Թորոսյանը որոշեց նշանակել երիտասարդ, բայց կառավարման փորձ չունեցող Հովակիմյանին: Եւ զարմանալի չէ, քանի որ, ըստ որոշ տեղեկությունների, Արման Հովակիմյանն ու Արսեն Թորոսյանը մտերիմ ընկերներ են:




Լրահոս