ՄԻ ԿԱԴՐԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետի խորհրդականի պաշտոնում գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի նշանակումը հասարակական-քաղաքական շրջանակներում դժգոհություն է հարուցել: Սա այն պարզ պատճառով, որ ե՛ւ Ռոբերտ Քոչարյանի, ե՛ւ Սերժ Սարգսյանի իշխանավարման տարիներին Կարապետյանը լուրջ պաշտոններ է զբաղեցրել: 2008թ. մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ Կարապետյանը եղել է այն ժամանակ Երեւանի կայազորի պետի՝ Յուրի Խաչատուրովի տեղակալը: Իսկ Խաչատուրովին, հիշում եք, մեղադրանք է առաջադրվել մարտի 1-ի գործի շրջանակներում սահմանադրական կարգը տապալելու համար:

Ավելի ուշ` արդեն 2016թ., Կարապետյանը զբաղեցնում էր ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնը եւ ապրիլյան պատերազմից որոշ ժամանակ անց՝ ապրիլի 26-ին, Սերժ Սարգսյանի հրամանագրով ազատվեց աշխատանքից, քանի որ շատերը նաեւ նրան էին համարում հիմնական պատասխանատուներից: Ի դեպ, ապրիլյան պատերազմից հետո աշխատանքից ազատված պաշտոնյաներից Կարապետյանը միակն էր, որ ավելի ուշ պաշտոն ստացավ. Սերժ Սարգսյանի հետ ընկերական կապերի շնորհիվ դեռ նրա պաշտոնավարման օրոք Կարապետյանը դարձավ ՌԴ-ում ՀՀ ռազմական ներկայացուցիչ: Հիմա, փաստորեն, Նիկոլ Փաշինյանը կարեւոր պաշտոն է վստահում նրան, ինչն էլ տարակուսանքների, մտահոգությունների տեղիք է տվել:
Բայց շատ ավելի մտահոգիչ էին վարչապետ Փաշինյանի երեկվա հայտարարությունները, երբ մեկնաբանել է Կարապետյանի նշանակումը: «Նրանք, ովքեր ասում են, թե Արշակ Կարապետյանն է քառօրյա պատերազմի պատասխանատուն, նրանք ասում են, որ նրանից վերեւ ոչ մեկ պատասխանատու չէ: Նրանք, ովքեր հիշատակում են, որ Արշակ Կարապետյանին Սերժ Սարգսյանը հանել է գործից այդ իրադարձություների արդյունքում, նրանք ասում են, որ Սարգսյանն արդար դատավոր է եւ արդար որոշում է կայացրել: Ես քառօրյա պատերազմի վերաբերյալ կարդացել եմ տասնյակ, եթե ոչ հարյուրավոր էջերով գաղտնի նյութեր եւ այդ նյութերում ոչինչ չեմ գտել հետախուզական տվյալների բացակայության կամ պակասության մասին»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Իսկ հարցին, թե արդյոք դա նշանակո՞ւմ է, որ Կարապետյանն իր պարտականություններն ապրիլյան պատերազմի ժամանակ պատշաճ է կատարել, վարչապետը պատասխանեց, թե գնահատականեր տալ չի կարող. «Գաղտնի նյութերին ծանոթանալով` այս պահի դրությամբ չեմ գտել տվյալ, որ մենք ունեցել ենք հետախուզական տվյալների պակաս»:
Փաստորեն, ՀՀ վարչապետի խոսքերից կարելի է եզրակացնել՝ հայկական հետախուզությունն ապրիլյան պատերազմից առաջ հակառակորդի զինուժի տեղաշարժի մասին ժամանակին ներկայացրել է զեկույցներ, բայց նախկին իշխանության ներկայացուցիչներն ընթացք չեն տվել՝ ցուցաբերելով հանցավոր անգործություն կամ անտարբերություն: Թե ինչ հետեւանքներ ունեցավ ապրիլյան քառօրյա պատերազմը, հիշում եք բոլորդ՝ 100-ից ավելի զոհ, 8 հարյուր հեկտար տարածքի կորուստ, հարյուրավոր վիրավորներ:
Այնպես որ, Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարություններին պետք է հետեւեն իրավական գործողությունները: Պետք է ապրիլյան պատերազմից առաջ նախկին իշխանությունների գործողությունները դարձնել իրավական քննության առարկա եւ քրեական գործ հարուցել այդ կապակցությամբ պարզելու՝ եթե հետախուզական տվյալների պակաս չի եղել, ապա ինչո՞ւ այն ժամանակ իշխանությունները բավարար քայլեր չեն ձեռնարկել` ռազմական լայնածավալ գործողություններին պատրաստվելու եւ դիմակայելու կամ այդ գործողությունները կանխելու ուղղությամբ: Իսկ եթե, այնուամենայնիվ, ինչ-որ բաներ արվել են (չնայած կասկածում ենք), ապա հարկավոր է պարզել՝ ինչո՞ւ նման ծանր հետեւանքներ ունեցանք: Ճիշտ է, այդ դեպքում «խմորը կարող է շատ ջուր քաշել» ու հասնել մինչեւ այն ժամանակվա ՀՀ ԳՇ պետ Յուրի Խաչատուրով, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան, ԶՈՒ գլխավոր գերագույն հրամանատար, նախագահ Սերժ Սարգսյան:
Ինչ վերաբերում է Արշակ Կարապետյանին, ապա երեկ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ վերջինս թավշյա հեղափոխության օրերին ռուսական շրջանակների հետ շփումներում բավական ակտիվ է գտնվել՝ փորձելով դիմակայել ՀՀԿ իշխանությունների մանիպուլյացիաներին: Բանն այն է, որ ՀՀԿ-ականները սկզբում ջանք ու եռանդ չեն խնայել Հայաստանում այդ օրերին տեղի ունեցող համաժողովրդական ընդվզումները ներկայացնելու որպես արեւմուտքի կազմակերպած գունավոր հեղափոխություն: Եւ Արշակ Կարապետյանը, լինելով ՀՀ ռազմական կցորդ, ներկայացրել է իրականությունը` հանգստացնելով ռուսական շրջանակներին: Թե ինչու է Կարապետյանն այդպես վարվել` հաշվի առնելով նրա կապերը նախկին իշխանությունների հետ, դժվար է ենթադրել: Միգուցե հասկացել է պահի լրջությունն ու որոշել է գործել: Ենթադրվում է` նա թավշյա հեղափոխությունից հետո հարցաքննվել է նաեւ մարտի 1-ի գործով, ի վերջո, Կարապետյանն այդ ժամանակ կարեւոր պաշտոն է զբաղեցրել ու առնչվել է 0038 գաղտնի հրամանին, տիրապետել է որոշակի տեղեկատվության:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

ՋՈ՞ՒՐ, ԹԵ՞ ԲԵՆԶԻՆ
Արդեն մի քանի օր է` համացանցում անզիջում մարտեր են ընթանում «Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների միջեւ: Կուսակցությունները ամեն միջոց օգտագործում են իրար վրա ցեխ շպրտելու համար: Ու մինչ մարդիկ փորձում էին գտնել ԱԺ-ում ընդդիմադիր դիրքերից հանդես եկող կուսակցությունների միջեւ վեճի պատճառները, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը բացահայտել է իրականությունը. մեղավորը լրագրողներն են: Ընդ որում, ըստ այս պատգամավորի` լրագրողները մեղավոր են ամեն ինչում: Ներկայացնում ենք Ղուկասյանի հետ հարցուպատասխանն «օրիգինալ» տարբերակով.
-Պարո՛ն Ղուկասյան, ո՞րն է ԲՀԿ-ԼՀԿ ղեկավարների կռվի պատճառը:
-Լրագրողներն են մեղավոր:
-Ինչո՞ւ:
-Լրագրողներդ բանսարկուներ եք: Դուք ուրախանում եք, երբ մարդիկ իրար հետ վիճում են: Ձեր ուրախությունը դրա մեջ է, եւ ես դրա համար ցավում եմ: Սաղին խառնում եք իրար, աղմուկ-աղաղակ եք բարձրացնում, յանի ի՞նչ: Մի չնչին բան է լինում, իսկ դուք դրա վրա բենզին եք լցնում: Խորհուրդ եմ տալիս` ջուր լցրե՛ք եւ բենզին լցնելուց մի՛ ուրախացեք, որովհետեւ մեղք եք. Աստված ձեզ կպատժի:

 

 

ԿՍՏՈՒԳԵՆ
Նախատոնական այս շրջանում Երեւանի փողոցներում կարելի է հանդիպել բնական եղեւնիների փոքր շուկաների: Նշենք, որ բնական եղեւնիները վաճառվում են 50-160 հազար դրամով: Հայաստանում արդեն մի քանի տարի է, ինչ արգելված է բնական եղեւնիների եւ սոճիների հատումը: Այս պատճառով այսօր Հայաստանում նախատոնական շրջանում վաճառվում է Գերմանիայից, Իրանից, Ռուսաստանից ներկրված կամ մեր հանրապետությունում` հատուկ տնկարաններում աճեցրած եղեւնիներ: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմին եւ հետաքրքրվեց` արդյոք շուրջօրյա վերահսկողություն իրականացվում է Ամանորի նախօրեին եղեւնիների եւ սոճիների վաճառքի օրինականության վերաբերյալ: Մեր հարցին ի պատասխան` տեսչական մարմնից հայտնեցին. «Այո, հարցը մեր ուշադրության կենտրոնում է, շրջայցեր կիրականացվեն վաճառակետերում պարզելու` արդյոք դրանք սահմանված կարգով արտերկրից ներմուծված ծառե՞ր են, թե՞ տեղական ոչ օրինական կերպով հատված ծառեր, ճյուղեր»:

 

 

ԿՎԵՐՑՆԵՆ
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների կողմից շրջանառության մեջ է դրվել մի նախագիծ, որով իրենց հաշվեկշռում գտնվող երկու մեքենա կփոխանցեն այլ գերատեսչության: Մասնավորապես, նախատեսվում է իրենց հաշվեկշռում գտնվող տրանսպորտային միջոցները հետ վերցնել եւ օգտագործման նպատակով ամրացնել «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ին ու «Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ին: Խոսքը 2004 թվականի արտադրության եւ 13 մլն դրամից ավելի արժողության երկու NISSAN URVAN մակնիշի ավտոմեքենաների մասին է:

 

 

ԼՈՒԿԱՇԵՆԿՈՆ ՉԻ՞ ԲԱՎԱՐԱՐՎԵԼ
Պարոն Լուկաշենկոն որոշ բաներ ասել է, բայց ինքը չի պատմել, թե ես ինչ եմ ասել. Դիլիջանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի այն հայտարարությանը, թե ինքը Նիկոլ Փաշինյանին հարցրել է` ինչո՞ւ զենքի վաճառքի հարցը չի բարձրացնում նաեւ ՌԴ նախագահի առաջ: «Պարոն Լուկաշենկոն ասում է՝ ես այս ասացի, այսպես ասացի, այնպես ասացի, բայց նա չի ասում՝ ես ինչ ասացի: Ես ամսի 7-ին եկել եմ, հարցրել են` խոսակցություն եղել է, թե ոչ, ես ասել եմ, որ, այո, խոսել եմ, մանրամասները չեմ ներկայացրել, որովհետեւ դռնփակ նիստից կոռեկտ չեմ համարում մանրամասներ ներկայացնել, բայց վերջում ասել եմ, որ բավարարված եմ այդ խոսակցությունից: Հիմա էլ եմ հաստատում, որ բավարարված եմ եւ այդ խոսակցությունն իմ կողմից շարունակելու անհրաժեշտություն չեմ գտնում: Հնարավոր է, որ լինեն մարդիկ, ովքեր բավարարված չեն այդ խոսակցությունից եւ բավարարվելու համար դեռ պետք է երկար դրա մասին խոսեն, դա այլ թեմա է»,-ասաց Փաշինյանը:

 

 

ԱՐՁԱԿՈՒՐԴԻ Է ՄԵԿՆԵԼ
Նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մեկնել է կարճատեւ արձակուրդի:

 

 

ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԻՑ
ԱՄՆ Կոնգրեսի մի շարք անդամներ նամակ են հղել ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին` նրան շնորհավորելով դեկտեմբերի 9-ին ԱԺ ազատ եւ ազնիվ արտահերթ ընտրությունների անցկացման կապակցությամբ: Նրանք ընդգծել են, որ կայացած ընտրությունները համոզիչ հաղթանակ էին հանուն ազատ ու ազնիվ ընտրական գործընթացի, ժողովրդավարական բարեփոխումների պայքարողների համար: Փաշինյանին ուղղված նամակում կոնգրեսականները հանձնառել են շարունակել աջակցել հայ ժողովրդին տարածաշրջանային անվտանգության ու տնտեսական բարգավաճման հասնելու ձգտումներում: ԱՄՆ-ի Հայ դատ հանձնախումբն այս առնչությամբ իր երախտագիտությունն է հայտնել կոնգրեսականներին:

 

 

ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ
Հեղափոխությունից հետո Հայաստանում ներդրումներ անելու առաջարկներ շատ կան, ժամանակն է օդից կախված առաջարկներն ի մի բերելու. երեկ Գյումրիում հայտարարեց Տարածքային կառավարման ու զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը՝ հավելելով՝ առաջիկայում հենց Գյումրիում կկայանա «Իմ քայլը՝ հանուն Շիրակի» խորագրով գործարար համաժողով. «Համաժողովին պիտի հրավիրենք, եւ նաեւ կարող են մասնակցել արտասահմանում գտնվող հայ գործարարներ, ովքեր ցանկություն ունեն Հայաստանում ներդրում կատարել՝ գան եւ Շիրակում ներդրում կատարեն»:




Լրահոս