ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաջորդ շաբաթ աշխատանքային այցով մեկնելու է Մոսկվա, հանդիպում է ունենալու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Փաշինյանի այցը տեղի կունենա դեկտեմբերի 27-ին: Իսկ մինչ այդ` երեկ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ամենամյա ասուլիսի ժամանակ խոսելով ՀՀ-ի հետ հարաբերությունների մասին, նշել է. «Հայաստանը Ռուսաստանի ամենամտերիմ գործընկերն է Անդրկովկասում… Հայաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է տարածաշրջանում եւ աշխարհում, Եվրասիական միության եւ ՀԱՊԿ անդամ է, ի՞նչ պետք է վերականգնենք։ Մենք պետք է զարգացնենք այն, ինչն ունենք»։
Փաշինյան-Պուտին հանդիպումն ուշագրավ է մեկ այլ առումով. դեկտեմբերի 31-ին ավարտվում է ռուսական գազի մատակարարման պայմանագրի գործողության ժամկետը: Այժմ Հայաստանը գազը սահմանին ձեռք է բերում 150 դոլարով, թեեւ շարքային սպառողին այն հասնում է 290 դոլարով, ոչ ապահով խավերին` 80 դոլարով: Ու հիմա ՀՀ եւ ՌԴ առաջնորդները պետք է կրկին պայմանավորվեն գազի սակագնի շուրջ: Այս հանդիպումը, փաստորեն, լինելու է վարչապետ Փաշինյանի առաջին փորձությունը՝ արդյոք կհաջողվի՞ պայմանավորվածություն ձեռք բերել գազի սակագինն առնվազն անփոփոխ թողնելու մասին, եթե հաշվի առնենք փաստը, որ այն սահմանվել էր դեռ նախկին իշխանությունների օրոք, ու եկել է ժամանակը վերանայելու պայմանագրերը: Ավելին, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը ոչ մեկ անգամ է փորձել սահմանին գազի 150 դոլար սակագինը ներկայացնել որպես իր անձնական ձեռքբերում:
Հիմա Փաշինյանը պետք է փորձի այդ ուղղությամբ քայլ անել: Թեեւ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները պնդում են, որ, ամենայն հավանականությամբ, սակագինը սահմանին կմնա անփոփոխ: Ավելին, տեսակետ կա, որ, ամեն դեպքում, շատ բան կախված է նաեւ Պուտին-Փաշինյան հարաբերություններից, իսկ նրանց հարաբերությունները բավական ջերմ են:
«Ժողովուրդ» օրաթերթը թավշյա հեղափոխությունից հետո նշանակված նախարարների գործուղումների հաշվետվություններն ուսումնասիրելիս ուշագրավ փաստ է արձանագրել: Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն օտարերկրյա այցերի ժամանակ բոլոր միջոցառումներին ելույթ ունենալիս անդրադարձել է թաշյա հեղափոխությանն ու դրա արդյունքում ՀՀ-ում տեղի ունեցած փոփոխություններին` «գովազդելով» մեր երկիրը: Եվ սա այն դեպքում, երբ նա հանդիսանում է «Հանրապետություն» կուսակցության անդամ, իսկ ահա ՔՊ քվոտայով նշանակված նախարարներից գրեթե ոչ ոք նման ջանասիրությամբ չի անդրադարձել հեղափոխությանը, միջազգային ասպարեզում այդ կոնտեքստով չի «գովազդել» մեր երկիրը: Նշենք, որ գործուղումների առումով ռեկորդակիր են առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ու Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը. նրանք ամենից շատ են մեկնել գործուղումների այս 7 ամիսների ընթացքում:
ԲՀԿ-ԼՀԿ հեռահար հակամարտության առաջին փորձությունը սպասվում է նորընտիր խորհրդարանի առաջին նիստին: Բանն այն է, որ օրենսդրությունը պահանջում է՝ ԱԺ փոխնախագահներից մեկը պետք է լինի ընդդիմադիր խմբակցությունից: Հիմա ե՛ւ ԼՀԿ-ն, ե՛ւ ԲՀԿ-ն հայտարարել են իրենց թեկնածուն ունենալու մասին: ԼՀԿ-ն առաջադրելու է Մանե Թանդիլյանին: ԲՀԿ-ն դեռ քննարկումների մեջ է. թեկնածուների թվում են Արթուր Գրիգորյանը, Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը: Բայց հիմա ամեն ինչ «Իմ քայլը» դաշինքի «ձեռքերում է»: Ի վերջո, Ազգային ժողովի նախագահը, փոխնախագահներն ընտրվում են գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: 132 հոգանոց խորհրդարանում տեղերի մեծամասնությունը՝ 88-ը, «Իմ քայլը» դաշինքինն է, ու ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի ընտրությանը պարզ է՝ անհրաժեշտ կլինեն «Իմ քայլի» ձայները։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` «Իմ քայլը» դաշինքի ներսում ավելի հակված են աջակցել ԲՀԿ-ի թեկնածուին` հաշվի առնելով փաստը, որ դա ԱԺ-ում երկրորդ քաղաքական ուժն է:
Ինչպես հայտնի է, Ազգային անվտանգության ծառայությունում Սերժ Սարգսյանի եղբորորդու` Նարեկ Սարգսյանի գործողությունների մասով երկու տարբեր քրեական գործեր են քննվում: Գործերից մեկը վերաբերում էր Ն. Սարգսյանի կողմից թիկնազորի հետ 49-ամյա մի տղամարդու առեւանգման ու դաժան ծեծի ենթարկելու առթիվ հարուցված քրեական գործին: Նախնական տվյալներով` տղամարդը ցանկացել էր հիմնել գիշերային ակումբ, բայց Ն.Սարգսյանը նրան առեւանգել էր տվել եւ ստիպել հրաժարվել այդ ցանկությունից: Այս գործով Նարեկ Սարգսյանի 4 թիկնապահներին կալանավորել էին, իսկ Նարեկ Սարգսյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել: Հայտնի է՝ նրան օրերս հայտնաբերել են Պրահայում: Ու մինչ Նարեկ Սարգսյանին կտեղափոխեն Հայաստան, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություններով` նախաքննական մարմինն այդ գործով թիկնապահներին վերաբերող դրվագն առանձնացրել է եւ մեղադրական եզրակացությամբ ուղարկել դատարան: Իսկ Նարեկ Սարգսյանին վերաբերող դրվագը դեռ քննվում է եւ դատարան կգնա արդեն նրան ՀՀ տեղափոխելուց հետո:
ՀԱՅՏՆԻ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԱԺ ընտրություններում ՀՀԿ ցուցակը գլխավորած Վիգեն Սարգսյանը երեկ հանդես է եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված գրառմամբ: Ի զարմանս շատերի` այս անգամ նա կարողացել է խոսքը շարադրել առանց լուրջ էքսցեզների. «բոշան դու ես», «այ գավառական ծաղրածու» ոճով արտահայտությունները նրա բառապաշարում տեղ չեն գտել, թեեւ որոշ դեպքերում կար ընդգծված հեգնանք: Վիգեն Սարգսյանը ջանացել է հանդես գալ որպես մտահոգ քաղաքացի: Եթե անկեղծ, նրան դա չի հաջողվել: Ճգնելով հանդես գալ ամենախելացիի, պետության մասին լրջորեն մտածողի ու մտահոգվածի դիրքերից` Վիգեն Սարգսյանն ի վերջո կրկնել է մի քանի հայտնի ճշմարտություն:
«Փաշինյանը պետք է դառնա երկրի ղեկավար ու առաջնորդ ու դադարի լինել միայն ճառ ասող ընդդիմադիր գործիչ։ Նախորդ իշխանությունը տարիներ շարունակ քննադատելուց բացի որեւէ գործնական պարտականություն չկատարած համախոհների բանակից պետք է ձեւավորի երկրի համար պատասխանատվություն կրող գործուն թիմ: Ընդ որում, որպես թիմի ղեկավար նա անմիջականորեն եւ անձամբ պատասխանատու է լինելու այդ թիմի յուրաքանչյուր դերակատարի սխալների, բացթողումների, զանցանքների եւ հանցանքների, անզգույշ արտահայտությունների, ինքնագլուխ հանդիպումների, մարդկային որակների, իրենց ազգականների հաղթած տենդերների եւ բազմաթիվ այլ արածների եւ չարածների համար»: Այնուհետեւ Վ. Սարգսյանը շարունակել է. «Երկրորդը` ապագայի օրակարգի ձեւավորումն է եւ որոշումների ու իրականացվող քաղաքականության համար պատասխանատվության ստանձնումը: Միշտ գայթակղիչ է ցանկացած ձախողման մեջ մեղադրել նախկիններին: Հեշտ է որեւէ հարցի պատասխանելիս հղում կատարել անցյալին: Բայց միակենտրոն իշխանության խաչը կրկնակի ծանր է»:
Միգուցե Վիգեն Սարգսյանը մտածում է՝ հայտնագործություն է արել: Բայց իրականում որեւէ մեկը չգիտի՞, որ Փաշինյանն այլեւս ընդդիմադիր գործիչ չէ, այլ դարձել է ՀՀ վարչապետը: Որեւէ մեկը չգիտի՞, որ նա պատասխանատվություն է կրում իր թիմի յուրաքանչյուր արածի համար: Որեւէ մեկը չգիտի՞, որ պետք է երկրի ապագայի օրակարգը ձեւավորել, չնայած իրականում այդ օրակարգն արդեն ձեւավորված է, ու Փաշինյանը հարապարակել է: Եւ ուրեմն, համաձայնե՛ք, Վիգեն Սարգսյանի «պետք է այսպես անել, պետք է այնպես անել» տոնայնությամբ երեկվա երկարաշունչ գրառումը անիմաստ էր, մեղմ ասած: Էլ չենք ասում այն մասին, որ եթե ՀՀԿ-ականները գիտակցում են այս ամենը, ինչո՞ւ իրենց իշխանավարման օրոք այդպես չէին վարվում: