ՀՀԿ-Ն ԵՐԿԱՐ ԺԱՄԱՆԱԿՈՎ ԴՈՒՐՍ Է ՄՂՎԵԼ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Լենա Նազարյանի հետ:

-«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ եթե իրենց 2-3 հանձնաժողով պիտի տրվի որպես ընդդիմություն, իշխանությունը պետք է իր բաժնից որոշակի զիջի: Այս մասով քննարկումներ կա՞ն, եթե հաշվի առնենք, որ երկրորդ ուժը ԱԺ-ում ԲՀԿ-ն է:
-Ես գրեթե կասկած չունեմ, որ ԲՀԿ-ն կներկայացնի իր թեկնածուին, եւ ես հիմա չեմ կարող ինչ-որ կոնկրետ որոշման մասին խոսել: Դա տալով չէ: Կա Դոնթի բանաձեւ, որով որոշվում է համամասնությունը` ըստ խմբակցությունների պատգամավորների թվի: Եթե մենք շատացնենք հանձնաժողովների թիվը, ապա ընդդիմադիրները ավելի շատ տեղեր կստանան, բայց, բնականաբար, մենք չենք կողմնորոշվում այդ տրամաբանությամբ: Այսինքն` մենք չենք մտածում, որ ավելացնենք իրենց շատ տեղ տալու համար կամ պակասեցնենք, որ շատ տեղեր չտանք: Մենք հարցերը քննարկում ենք ավելի շատ արդյունավետության նպատակահարմարությունից դրդված:
-ԼՀԿ-ն ներկայացնելու է խորհրդարանի իր փոխխոսնակի թեկնածուին` Մանե Թանդիլյանին: Մյուս կողմից` ԲՀԿ-ն` որպես ընդդիմադիր, օգտվելու է սահմանդրությամբ իրեն ընձեռնված հնարավորությունից խորհրդարանում փոխխոսնակ ունենալու: «Իմ քայլը» դաշինքը արդեն որոշել՞ է` ում է սատարելու:
-Ոչ: Այդ որոշումը մենք չունենք: Մենք չենք քննարկել այդ հարցը: Ես վստահ եմ, որ ԲՀԿ-ն կներկայացնի թեկնածու, եւ առաջիկայում կքննարկենք այդ հարցը, բայց իմ անձնական կարծիքով` տրամաբանությունն այն է, որ պիտի հնարավորություն տրվի այն խմբակցությանը, որն ավելի մեծ մասնաբաժին ունի որպես ընդդիմություն:
-Ո՞ւմ եք ավելի շատ որպես ընդդիմություն տեսնում` հաշվի առնելով, որ ԼՀԿ-ն նախկինում ձեր գործընկերն է եղել:
-Ես կարծում եմ` նախկինում մեզ հետ մի դաշինքի մեջ լինելը չի կաշկանդելու «Լուսավոր Հայաստանին» լինել ընդդիմություն եւ բարձրաձայնել այն հարցերը, որոնց վերաբերյալ մտահոգություն կունենան այդ խմբակցության անդամները: Ես չեմ ուզում մտածել` ով է ավելի ընդդիմադիր լինելու: Ընդդիմադիրության չափանիշները որոշված չեն որեւէ մեկի կողմից: Ճիշտն ասած` այս մասին ինձ այս հարցը նույնիսկ չի էլ մտահոգում:
-ՀՀԿ-ն իրեն հայտարարել է արտախորհրդարանական ընդդիմություն: Ընդ որում` պատրաստվում է շատ կոշտ ընդդիմադիր դիրքորոշում ունենալ: Դրան ինչպե՞ս եք վերաբերվում:
-Քաղաքական դաշտում ցանկացած սյուբեկտ կարող է դիրքավորվել խիստ ընդդիմադիրից մինչեւ թույլ ընդդիմադիր: Մենք այստեղ անելիք չունենք. իրենց որոշելիքն է:
-Նրանք կկարողանա՞ն ինչ-որ պահի իշխանության դեմ որոշակի դժգոհություն առաջացնել, զանգվածներ հավաքել դրսում:
-Չեմ կարծում, որ այդպիսի զարգացումներ կլինեն: Ինձ թվում է` ՀՀԿ-ն արդեն երկար ժամանակով դուրս է մղվել քաղաքական պրոցեսներից: Գուցե որոշ անդամներ ժամանակ առ ժամանակ շարունակեն կարծիք հայտնել քաղաքական այս կամ այն իրողությունների վերաբերյալ` կվերաբերի Ղարաբաղյան հակամարտությանը կամ արտաքին հարաբերություններին: Այնուամենայնից, չեմ կարծում, որ առաջիկայում` նույնիսկ տարիների ընթացքում, կհաջողվի մեծ հասարակական աջակցություն ունենալ, որովհետեւ հանրությունը մերժել է այն բոլոր արատավոր ավանդույթները, որոնք կապված են ՀՀԿ-ի գործունեության հետ:
-Սպասելի՞ էր ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի խորհրդարան չանցնելը:
-Այո, սպասելի էր: Երկար տարիներ այդ երկու կուսակցությունները կոալիցիաներով եւ իրենց գործունեությամբ հանգեցրել են այն իրավիճակին, որը պատճառ դարձավ հեղափոխության համար:
-ՀՅԴ-ն ինչ-որ պահից կանգնեց Նիկոլ Փաշինյանի կողքին եւ նույնիսկ մի որոշ շրջան իշխանության մաս էր:
-Այո: Դա մինչեւ հոկտեմբերի երկուսը` մինչեւ ԸՕ քվեարկությունը: Շատ փուլեր կարելի է նշել, երբ «Դաշնակցությունը» մի քայլ առաջ էր անում եւ երկու քայլ հետ: Եթե վերլուծենք իրավիճակը, ԸՕ փոփոխությունները չընդունվեցին, որովհետեւ ՀՅԴ խմբակցությունում բացակա էին երկու պատգամավոր:
Հարցազրույցն ամբողջությամբ՝՝ ArmLur.am կայքում:

Զրուցեց ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆԸ

 

 

 

Ի՞ՆՉ ՏՎԵՑ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԿԱԼԱՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո մարտի 1-ի քրեական գործը լայն թափով սկսվեց քննվել: Դրա շրջանակներում առաջին եւ մինչ օրս միակ աղմկոտ կալանավորվածը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է, մի իրադարձություն, որ անկարելի էր պատկերացնել ամիսներ առաջ:

Երբ առաջին անգամ Քոչարյանը կալանավորվեց` սահմանադրական կարգը տապալելու հոդվածով, հասարակական արձագանքը, նույնիսկ կարելի է ասել` ոգեւորությունը, անասելի մեծ էր: Կարծես անարդարության մի պատնեշ ճեղքված լիներ, անպատժելիության մթնոլորտը` հաղթահարված: Իհարկե, միայն նրանով չպետք է սահմանափակվեր գործընթացը: Բայց, երբ Քոչարյանին ազատ արձակեց ՀՀ վերաքննիչ դատարանը, մի տեսակ անհետաքրքիր դարձավ մթնոլորտը: «Բռնոցի-թողոցի», «արդարադատության ծաղր», «սաբոտաժ» եւ այլ ձեւակերպումներով, այսպես ասած, «հետաքրքրությունը կորավ» Քոչարյանի եւ նրա գործի նկատմամբ:
Եւ իրականում, երբ դեկտեմբերի 7-ին Ռոբերտ Քոչարյանը ՀՀ Վճռաբեկ դատարանի վճռով դարձյալ կալանավորվեց, նախորդ անգամվա բում-ը չեղավ: Նախ` մարդիկ զբաղված էին ընտրություններով, դրա համար չհասցրեցին ցնծալ կամ ոգեւորվել, բացի այդ, մի տեսակ մաշված էր արդեն թեման: Այլեւս Քոչարյանի կալանքը չէր հետաքրքրում որեւէ մեկին, քանի որ արդեն հաղթահարված էր նրան կալանքի տանելու պետական կառավարման մինչ այժմ եղած բարդույթը: Հիմա հասարակության զգալի մասը Քոչարյանի կալանավորված կամ ազատության մեջ լինելու փաստով մեծ հաշվով ոգեւորված չէ, անտարբեր է:
Նաեւ մի բան էլ. Քոչարյանի կալանավորումը էապես չազդեց նաեւ հասարակական կարծիքի վրա ընտրությունների ելքի տեսանկյունից, քանի որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ առկա վստահության ահռելի չափաբաժինը արդեն վաղուց վճռել էր այդ ելքը: Դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած ընտրություններում Նիկոլ Փաշինյանի առաջնորդած դաշինքի ստացած 70 տոկոսից ավել վստահության մանդատը բաշխված էր վաղուց: Հասարակությունը կողմնորոշված էր ավելի, քան երբեւէ:
Եւ այստեղ հարց է առաջանում` քաղաքական իմաստով ի՞նչ տվեց Ռոբերտ Քոչարյանի երկրորդ անգամ կալանավորումը, բացի մի փոքր խումբ մարդկանց (որոնք, ի դեպ, ամենեւին էլ իշխանության ներկայացուցիչները չեն, այլ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի որոշ թիմակիցներ) ուրախություն պարգեւելուց: Պատասխանը թերեւս մեկն է` այլեւս ոչինչ: Ինչ տվել էր նախկինում, բավարար էր: Համենայնդեպս, դրական առումով, ինչպես շարադրեցինք, արդեն չէր էլ կարող որեւէ փոփոխություն լինել: Իսկ բացասական իմաստով, իհարկե, չի ունեցել եւ չի կարող ունենալ այնպիսի հետեւանք, ինչպիսին եղավ ՀԱՊԿ նախագահ Յուրի Խաչատուրովի կալանավորումից հետո (ՀԱԿՊ նախագահի տեղը դեռ թափուր է, ու Բելառուսն ամեն ինչ անում է, որպեսզի խլի մեզանից նախագահության իրավունքը): Այսինքն` տեսանելի, շոշափելի վտանգներ, որպես էքս-նախագահ, Ռոբերտ Քոչարյանն անկարող է հարուցել իր կալանավորումից հետո: Բայց փոքրիկ «վատություններ» նրա ունեցած կապերով կարող են անել իր թիմի ներկայացուցիչները: Այլ հարց է, թե այդ «վատությունները» որքան կարող են խորանալ ու ինչ նստվածք կթողնեն կոնկրետ իրադարձությունների վրա:
Ու այս իրավիճակում հանգում ենք վերնագրային հարցադրմանը` ի՞նչ տվեց Քոչարյանի կրկնակալանքը. դրական ոչինչ, բացասական սպասումներով:
Բայց այն, որ Քոչարյանը եւ մյուս բոլոր դերակատարները, այդ թվում եւ Սերժ Սարգսյանը, պետք է պատասխան տան` նաեւ քաղաքական, մարտի 1-ի արյունալի իրադարձությունները կազմակերպելու, ուղղորդելու եւ 10 զոհերի համար, դա աներկբա է:

ԼԻԼԻԹ ԱՎԵՏԻՍՅԱՆ

 

 

 

ՔՆՆԻՉՆԵՐԸ ԴԱՏԻ ԵՆ ՏՎԵԼ
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը նշանակվելուց հետո կադրային ջարդ է սկսել, եւ ազատված քննիչները հայց են ներկայացրել նրա դեմ: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Արկադի Օսիպյանը դիմել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով իրեն վերականգնել նախկին աշխատանքին: Նշենք, որ Արկադի Օսիպյանը 2017 թվականին եղել է Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի քննիչ: Հիշեցնենք, որ ավելի վաղ Գրիգորյանի դեմ դատական նման հայց ներկայացրել էր ՔԿ Արարատի մարզային վարչության նախկին պետ Գեւորգ Սիմոնյանը. նա էլ վիճարկում էր Քննչական կոմիտեի ղեկավարի՝ իրեն տրված նկատողությունը, որից հետո ազատվել էր աշխատանքից:

 

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ` ԸՆԴԴԵՄ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ
ՀՀ Աժ պատգամավոր Արկադի Համբարձումյանի` Դերժավայի Արկադիի ընտանիքին պատկանող «Սլավմեդ» բժշկական կենտրոնի դեմ այս անգամ էլ դատական հայց է ներկայացրել ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ոստիկանությունը դիմել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով ստիպել «Սլավմեդ» բժշկական կենտրոնին վճարել 2 միլիոն 700 հազար դրամ: Չի բացառվում, որ այս գումարը գոյացել է այն ծառայությունից, որն իրականացրել է ոստիկանության պահպանությունը: Բանն այն է, որ ոստիկանությունը պահպանություն է իրականացրել ԲԿ-ում: ՈՒ ենթադրվում է՝ ծառայության դիմաց հիվանդանոցի տնօրինությունը չի կատարել համապատասխան վճարումը, եւ հիմա ոստիկանությունը փորձում է գումարները ստանալ դատական ճանապարհով:

 

 

ԵՏ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ
Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների` նորաստեղծ Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լեւոն Շիրինյանը ֆինանսական ինչ-որ պատմությունների մեջ է հայտնվել. նա վերջին օրերին զբաղված է ինչ-որ անձանցից իր գումարները ետ պահանջելով: Չնայած Շիրինյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հերքել է. «Չէ՛, ցավդ տանեմ, նման բան չի եղել»: Մեր դիտարկմանը, թե Երեւանի սրճարաններից մեկում մարդիկ լսել են, թե ինչպես է Շիրինյանը հեռախոսով ինչ-որ մեկից պահանջում սահմանված ժամկետում վերադարձնել գումարները, նա ասել է. «Չի եղել նման բան: Անձնական խոսակցությունների՞ն եք հետեւում: Ես ո՞ւմ հետ եմ եղել, որ ականատես է եղել: Չէ՛, չէ՛: Նման բան չկա»:




Լրահոս