Մենք միշտ կողմ ենք, որ ԼՂ խնդիրը հնարավորինս շուտ կարգավորվի․ Մարիա Զախարովա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ղարաբաղյան կարգավորման հարցում Ռուսաստանը ժամանակային սահմանափակումներ չի դնում: Եթե այդուհանդերձ խոսենք ժամանակի մասին, մենք միշտ կողմ ենք, որ խնդիրը հնարավորինս շուտ կարգավորվի: Ցավոք, սա երկարատև հարց է: Ինչը կախված կլինի Ռուսաստանից, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, և մի երկիր, որը ընդհանուր պատմություն ունի թե՛ Ադրբեջանի և թե՛ Հայաստանի հետ, Ռուսաստանը կանի», – այս տարի հրավիրված առաջին մամուլի ասուլիսին պատասխանելով հարցին, թե ինչպես Ռուսաստանը պատկերացնում ղարաբաղյան հակամարտության կարգավորումը 2019 թվականին՝ ասել է երկրի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Զախարովան այսօր ասել է նաև, որ որևէ տեղեկություն չունի Ռուսաստանի նախաձեռնությամբ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումներ կազմակերպելու վերաբերյալ:

Դմիտրի Մեդվեդևի նախագահության տարիներին Ռուսաստանն ակտիվորեն միջնորդում էր Հայաստանի և Ադրբեջանի թե՛ արտգործնախարարների և թե՛ նախագահների հանդիպումների կազմակերպելու հարցում: Նախագահների շուրջ տասը հանդիպում էր կազմակերպվել: Ռուսաստանի այս նախաձեռնությունը, սակայն, տապալվել էր 2011-ին Կազանում:

Այսօրվա ասուլիսին Զախարովան անդրադարձավ նաև Ադրբեջանից պարբերաբար արտաքսվող ազգությամբ հայ ՌԴ քաղաքացիների հարցին՝ հայտարարելով, թե Ադրբեջանից էթնիկ հայերին արտաքսելը մարդու իրավունքների կոպիտ խախտում է, և դա չի արտացոլում Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առկա բարեկամական հարաբերությունների ոգին:

«Անցյալ տարի մեզ հայտնի են դարձել անվազն 16 դեպք, երբ էթնիկ ծագման պատճառով ռուսաստանցիներին թույլ չեն տվել մտնել Ադրբեջան», – ասաց Զախարովան՝ հավելելով, որ նման դեպքերը, ցավոք, վերածվում են վատ ավանդույթի, սխալ ավանդույթի:




Լրահոս