Անցած տարվա ապրիլ-մայիսին Հայաստանի ժողովուրդը պոռթկաց, որովհետև տարիներ ի վեր ապրում էր իր համար անընդունելի վիճակում՝ անդրադառնլով հայաստանյան թավշյա հեղափոխությանը հայտարարել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը:
«Հայրենի ժողովուրդը պոռթկաց, որովհետև տարիների ընթացքում հայրենի մեր ժողովուրդը ապրել է այնպիսի վիճակի մեջ, որ ընդունելի չէր երբեք մեր ժողովրդի համար։ Մեր ժողովուրդը մերժեց այնպիսի հոռի ու արատավոր երևույթներ, որոնք չէին համապատասխանում մեր ժողովրդի նկարագրին։ Հեղափոխությոնը ժողովրդի պոռթկումն է», – ասաց Արամ Առաջինը։
Լիբանանյան OTV հեռուստաընկերությանը օրերս տված հարցազրույցում Արամ Առաջինը ընդգծել է՝ հեղափոխության հիմնական նպատակը պետք է լինի Հայաստանի վերակերտումը և հզորացումը․ – «Ես հեղափոխությունը իր հարազատ ու ամբողջական իմաստով կբնորոշեմ որպես վերականգնումի, վերակազմակերպումի, վերակենսավորումի հավաքական և ուժական ընթացք։ Ընթացք, որի հիմնական նպատակը պետք է լինի հայրենիքի վերաշինությունը, հայրենիքի վերակերտումը, հայրենիքի հզորացումը»։
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը ժամանակ առ ժամանակ հանդես էր գալիս Հայաստանի նախկին իշխանությունների հասցեին ուղղված քննադատությամբ: 2017թ․ սեպտեմբերին Երևանում մեկնարկած Հայաստան – Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովում Արամ Առաջինը հայտարարել էր․ – «Եկեք լինենք իրապաշտ ու անկեղծ։ Հայաստանը պարպվում է, իսկ Սփյուռքը՝ մաշվում։ Այս վտանգալից իրականության դիմաց պատահական նախաձեռնությունները չեն կարող մեր տագնապները լուծել և վերքերը դարմանել»:
Անցած տարվա դեկտեմբերի 14-ին, Հայաստանի խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո, Արամ Առաջինը նամակ էր հղել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, ուր, մասնավորապես, գրել էր․ – «Հայաստանի մեջ կատարուած յեղափոխութիւնը, իր էութեամբ, ժողովրդակեդրոն շարժում մըն էր։ Տարիներու ընթացքին կուտակուած ժողովրդային ընդվզումը առիթ կը փնտրէր պայթելու։ Դուք այդ խայծը ու մղիչ ուժը հանդիսացաք»:
«Հայաստանի մեջ կատարված հեղափոխության առաջին իսկ հանգրվանին մենք ուրախությամբ և սպասումով ողջունեցին։ Ողջունեցինք, որովհետև այդ հեղափոխության մեջ և այդ հեղափոխության ճամփով մենք կսպասենք նոր էջի բացվելը մեր կյանքեն ներս», – ընդգծեց Արամ Առաջին կաթողիկոսը։
Խոսելով Հայաստանում նախկինում տեղ գտած «փտածության, առանձնաշնորհումների և այլ տեսակ հոռի երևութների մասին»՝ վեհափառը հավելել է, որ Երևանում բազմից դատապարտել է այդ ամենը. – «Մենք կուզենք, որ պարոն Փաշինյանը նոր իշխանությունը հաջողի, որովհետև իր հաջողությունը Հայաստանի հաջողությունն է»։