Գաղտնիք չէ, որ պետական պաշտոնյաների գործուղումները մեծ գումարներ են արժենում պետական բյուջեի վրա եւ հաճախ այդ գործուղումներն ու հանդիպումներն անարդյունք են լինում: Նախկինում պաշտոնյաների կողմից այս կամ այն երկիր գործուղման մեկնելու մանրամասներն ամեն կերպ գաղտնի էին պահվում, սակայն 2017 թվականից ՀՀ էլեկտրոնային կառավարման հարթակում գործում է գործուղումների հաշվետվություններ բաժինը, որը հնարավորություն է տալիս ծանոթանալ գործուղվողի հանդիպումներին, ձեռք բերված պայմանավորվածություններին, արդյունքներին:
Նախկին իշխանությունների օրոք այդ հաշվետվություններն այնքան էլ ծավալուն չէին, եւ պաշտոնյաները կրկին ձգտում էին թաքցնել որոշ բաներ: Նոր իշխանությունների ներկայացուցիչները դեռեւս «չեն տիրապետում» հանրությանը հաշտվություն ներկայացնելուց խուսափելու հմտություններին եւ ծավալուն հաշվետվություններ են ներկայացնում` մանրամասը ներկայացնելով ամեն ինչ. մի հանգամանք, որն անշուշտ գովելի է:
«Ժողովուրդ» օրաթերթը փոքրիկ ուսումնասիրություն անցկացրեց հասկանալու համար, թե որ երկրներ, ինչ նպատակով են մեկնել կառավարության ներկայիս պաշտոնյա-պաշտոնակատարները: Նշենք, որ գործուղումների առումով ռեկորդակիր են առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ու մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը. նրանք ամենից շատ են մեկնել գործուղումների այս 7 ամիսների ընթացքում:
Եվ հետաքրքիր է, որ հաշվետվության համաձայն` արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը բոլոր միջոցառումների ժամանակ ելույթ ունենալիս անդրադարձել է թաշյա հեղափոխությանն ու դրա հետեւանքով ՀՀ-ում տեղի ունեցած փոփոխություններին: Եվ սա այն դեպքում, երբ նա հանդիսանում է «Հանրապետություն» կուսակցության անդամ, իսկ ահա ՔՊ քվոտայով նշանակված նախարարներից գրեթե ոչ ոք նման ջանասիրությամբ չի անդրադարձել հեղափոխությանը, միջազգային ասպարեզում այդ կոնտեքստով չի «գովազդել» մեր երկիրը:
Զեյնալյանի առաջին գործուղումը եղել է Ֆրանսիա հունիսի 19-20-ը, երբ մասնակցել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատաինի-Դրագոնիի եւ այդ ոլորտի այլ ներկայացուցիչների հետ հանդիպումների: Հունիսի 21-23-ը նա եղել է Վենետիկում եւ մասնակցել «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովին: Ելույթ ունենալով` նա ներկայացրել է թավշյա հեղափոխության արդյունքներով ձեւավորված նոր կառավարության առաջնահերթությունները: Հուլիս ամսին նա երկու գործուղում է ունեցել Ավստրիա եւ ԱՄՆ, իսկ արդեն նոյեմբերի 3-7-ը փոխնախարար Սուրեն Քրմոյանի հետ մեկնել է Կորեա եւ մասնակցել Բաց կառավարման գործընկերության Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանային հանդիպմանը: Իր ելույթում նա կրկին անդրադարձել է գարնանը Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին, այն որակել աննախադեպ եւ պատմական: Արդեն նոյեմբերի 11-ին կրկին Քրմոյանի հետ Իտալիայում է եղել եւ կրկին իր ելույթում ներկայացրել կառավարության քայլերը:
Կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն այս ընթացքում 3 գործուղման է մեկնել` 2 անգամ Ֆրանսիա եւ մեկ անգամ Գերմանիա: Առաջին փոխվարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Արարատ Միրզոյանը վեց գործուղում է կատարել, եւ դրանք հիմնականում եղել են մամուլի ուշադրության կենտրոնում, քանի որ ներկայացուցչական եւ մեծաքանակ պատվիրակությամբ է եղել: Օրինակ` Մայիսի 31-ից հունիսի 1-ը նա Դուշանբեում մասնակցել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին` փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի, Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի, Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Հակոբ Արշակյանի մասնակցությամբ, եւ մի շարք համաձայնագրեր ստորագրել:
Արդեն հունիսի 11-14-ը եղել է Հռոմում, հանդիպել եվրոպաբնակ հայազգի գործարարների հետ: Օրինակ` հանդիպումներից մեկում նա «Սարտիս» ընկերության ղեկավար Գագիկ Սարուխանյանի հետ քննարկել է Հայաստանում թեթեւ արդյունաբերության հետագա զարգացման հետ կապված հարցեր, իսկ «Ֆրանկ Մյուլեր» ընկերության համասեփականատեր Վարդան Սըրմաքեշի հետ` Հայաստանում ջրամբարների կառուցման, քաղաքային շինարարության խթանման հնարավորությունները: Նրա ամենաքննարկված այցերից մեկը եղել է հուլիսի 14-17-ն ԱՄՆ մեկնելը, երբ կնոջ հետ էր: Նրա պատվիրակության կազմում եղել են Սփյուռքի նախարարի տեղակալ Բաբկեն Տեր-Գրիգորյանը, Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Հակոբ Արշակյանը, նաեւ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Նոյեմբերի 1-3-ը Միրզոյանն Աստանայում մասնակցել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին եւ ՀՀ անունից ստորագրել է 5 համաձայնագիր եւ մոտ մեկ տասնյակ որոշումներ: Միայն 2 փաստաթուղթ չի ստորագրել եւ մանրամասնել է, թե ինչու: Հոկտեմբերի 18-20-ն էլ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի հետ հանդիպումներ է ունեցել Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ, նոյեմբերի 26-27-ն էլ` Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին. մի շարք հարցերի շուրջ ստորագրվել են փաստաթղթեր:
Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը երեք գործուղման է մեկնել եւ բավական ուշագրավ արդյունքներ արձանագրել: Օրինակ` հունիսի 26-29-ը նա մասնակցել է Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամի (ԳԷՀ) Ասամբլեայի 6-րդ նախարարական նստաշրջաններին. նստաշրջանի ընթացքում ֆինանսական միջոցների տեղաբաշխման արդյունքում Հայաստանին հատկացվել է 7.450.000 ԱՄՆ դոլար դրամաշնորհ ԳԷՀ-7 իրականացման ժամանակահատվածի համար։ 2 գործուղում էլ նա ունեցել է հոկտեմբերին:
Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը 5 գործուղում է ունեցել եւ դրանց ընթացքում հիմնականում մասնակցել է ներկայացումների պրեմիերաների, բեմադրությունների: Օրինակ` Ուկրաինայի նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի հետ պայմանավորվածություն է եղել հայաստանյան թանգարաններից մեկին ուկրաինացի ժամանակակից նկարիչների կտավները փոխանցելու ուղղությամբ: Սեպտեմբերին էլ, երբ Իտալիայում մասնակցել է Սալենտոյի միջազգային կինոփառատոնի փակմանը, տնօրենին առաջարկել է գալ Հայաստան:
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը 3 գործուղման է մեկնել: Օրինակ` հունիսի 21-ին` Ղազախստան այցի ժամանակ, երբ մասնակցել է Եվրասիական զարգացման բանկի խորհրդի նիստին, որոշումներից մեկի համաձայն` նախատեսվում է 2018-2019թթ. Ֆինանսավորել մասնավոր հատվածի ծրագրերը գյուղատնտեսության, հեռահաղորդակցման, էներգետիկայի եւ ֆինանսական ոլորտներում:
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը գործուղումների մասնակցել է երկու մակարդակով` սկզբում որպես փոխնախարար, ապա որպես նախարարի պաշտոնակատար: Օրինակ` նոյեմբերին նա 5 տարի պաշտոնավարման ժամկետով ընտրվել է ԱՊՀ տրանսպորտային համակարգող խորհրդակցության նախագահի տեղակալ եւ սա այն դեպքում, երբ դեկտեմբերի 9-ին` ընտրությունների արդյունքներից հետո, հայտնի չէ` նա կմնա խորհրդարանում, կգնա գործադիր, կամ ինչ տեսք կունենա նախարարությունն առհասարակ:
3 գործուղում ունեցել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը, 5 գործուղում էլ Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը: Ամենավերջին գործուղումը եղել է դեկտեմբերի 6-9, երբ մասնակցել է կեցություն հայ-ռուսական առողջապահական 4-րդ համաժողովին:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՈՒՂԻՂ ԵԹԵՐՈՒՄ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 31-ին՝ Ամանորի գիշերը, պատրաստվում է Նոր տարին շնորհավորել Հանրապետության հրապարակից հենց ուղիղ եթերում: Դա տեղի է ունենալու Հանրային հեռուստաընկերության եթերում: Մեկնաբանության համար դիմեցինք վարչապետի պաշտոնակատարի մամուլի խոսնակ Արման Եղոյանին: Վերջինս ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց լուրը` նշելով, որ վերջնական որոշում դեռ չկա:
«Քննարկվում է տեղը, վիճակը, ձեւը, տեխնիկական հարցերը: Այսինքն` ամեն բան դեռ քննարկման փուլում է»,- ասաց Արման Եղոյանը:
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Չնայած «Իմ քայլը» դաշինքի ներսում քննարկումներն արդեն մոտենում են ավարտին, եւ հայտնի են նոր խորհրդարանի գրեթե 90 տոկոսի կազմն ու զբաղեցրած պաշտոնները, սակայն չի բացառվում, որ մինչ առաջին նիստի օրը մեկ-երկու փոփոխություններ լինեն: Ըստ այդմ, չի բացառվում, որ ոչ միայն ԱԺ մշտական հանձնաժողովի թվաքանակը փոխվի, այլեւ անվանումները: Օրինակ` Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անվանման մեջ մտադրություն կա ավելացնել նաեւ «սփյուռք» բառը: Սա նման կլինի նոր ձեւավորվող համանուն նախարարությանը, որը կղեկավարի Արայիկ Հարությունյանը: Հանձնաժողովի նախագահն էլ արդեն հայտնի է, որ լինելու է Մխիթար Հայրապետյանը: Չնայած Հովհաննես Իգիթյանին ի սկզբանե որոշված էր առաջադրել Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնում, հիմա նրան տեսնում են մեկ այլ տեղ: Ամենայն հավանականությամբ, նա կլինի ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավարը, քանի որ այս ասպարեզում նա դաշինքի պատգամավորներից միակն է, որ փորձ ունի եւ, ընդհանրապես, ակտիվ շփումների մեջ է եվրոպացի պատգամավորների ու պաշտոնյաների հետ:
ԱՃ ՈՒ ԱՆԿՈՒՄ
Հայաստանում գյուղատնտեսական արտադրանքը, այս տարվա 11 ամիսների արդյունքներով, նվազել է 8.1 տոկոսով` կազմելով 795 մլրդ 319.5 մլն դրամ: Սա, ի դեպ, միակ ոլորտն է, որտեղ տասը ամսվա կտրվածքով ոչ թե աճ է արձանագրվել, այլ անկում: Ըստ մասնագետների` գյուղատնտեսության ոլորտում տարին այդքան էլ լավ չսկսվեց. անոմալ եղանակային պայմանների արդյունքում գյուղատնտեսական աշխատանքները սովորականից մեկ ամիս շուտ սկսվեցին, ապա տեղումների բացակայության հետեւանքով ջրամբարներում անհրաժեշտից շատ քիչ ջուր կուտակվեց: Այնուհետեւ ամռան տապն ուղեկցվեց երաշտով, եւ գյուղացիական տնտեսությունները չկարողացան իրենց բոստանները անհրաժեշտ ծավալով ոռոգել, եւ բոստանային կուլտուրաների բերքի ծավալները սովորականից պակաս ստացվեցին: Բացի այս, այն գյուղացիները, որոնք բերքի անհրաժեշտ քանակ ունեն, կանգնած են լուրջ խնդրի` իրացման առաջ:
ՈՒՂԵՆԻՇ
Կառավարության երեկվա նիստում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ առավոտյան հանձնարարական է հնչեցրել։ «Ես հանձնարարել եմ, որ ամենօրյա մեր սեղանին պետք է դրված լինի (որպեսզի մեր համակարգերում ներկայացնենք) որոշումների նախագծեր, որոնց արդյունքում կարող ենք արձանագրել՝ մարդկանց կյանքում տեղի են ունեցել փոփոխություններ»,-ասել է նա։ Նա ընդգծել է, որ այս քայլը պետք է լինի կառավարության ու նախարարների ամենօրյա թիվ մեկ առաջադրանքը։ «Այդ կարգավորումները պետք է լինեն մեր հիմնական ուղենիշը»,-ասել է նա։
ՆԱՄԱԿ ՉԻ ՍՏԱՑԵԼ
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը, անդրադառնալով սահմանին 1000 խմ գազի ներկայիս 150 դոլարը 215 դոլար դարձնելու մամուլի հրապարակմանը, հայտարարել է, որ այս պահին գազի գնի առնչությամբ որոշում չկա եւ չկա որեւէ ամրագրված սակագին։ «ՀՀ կառավարությունը ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակի կողմից նամակ չի ստացել։ Այս հարցի վերաբերյալ մեր ռուս գործընկերների հետ ընթանում են բանակցություններ փոխվստահության եւ փոխըմբռնման միջավայրում, որտեղ վերջնագրեր չեն եղել եւ չեն կարող լինել»,- նշել է Սիսեռյանը: Հիշեցնենք, որ «168 ժամ» թերթի տեղեկություններով՝ ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակը նամակ է հղել ՀՀ կառավարություն, մասնավորապես՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին՝ նշելով, որ ռուսական գազը սահմանին լինելու է 215 դոլար 1000 խմ-ի դիմաց, եւ դա քննարկման ենթակա չէ: