Ինչպես պաշտպանել ձեռքերը ճաքճքվածությունից և չորությունից. ձմեռային խնամքի միջոցներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի փաստ է, որ հատկապես ձմռանը մեր մաշկն առավել շատ հոգատարության և խնամքի կարիք է ունենում: Օդի խոնավությունն ու ցուրտը կարող են պատճառ հանդիսանալ ձեռքերի, մաշկի չորացման, չորուկների առաջացման և ճաքճքման համար: Այս ամենից խուսափելու համար, կոսմետոլոգները խորհուրդ են տալիս հատկապես ձմռանն առավել ուշադիր լինել սեփական մաշկի հանդեպ:

Ձեռքերի և առհասարակ մաշկի խնամքը չափազանց կարևոր է նախ՝ մարդու առողջության համար, հետո՝ գեղեցիկ և առողջ տեսք ունենալու համար: Մարդիկ հատկապես ձմռանը տառապում են մաշկային չորությունից, ձեռքերին առկա ճաքճքվածությունից, որոնք հաճախ արտահայտվում են թույլ արյունահոսությամբ: Կոսմետոլոգները ձեռքերի խնամքի համար առաջարկում են հիմնականում պարաֆինային դիմակները, որոնք և՛ թեթև են, և՛ համարվում են ամենաարդյունավետ խնամքի միջոցներից: Նախ՝ չպետք է «մերկ» ձեռքերով՝ առանց խոհանոցային ձեռնոցների, ինչ-որ բան լվանալ, մանավանդ՝ ցուրտ եղանակին: Ամեն գիշեր, քնելուց առաջ պետք է որևէ փափկացնող քսուկով, կրեմով խնամել ձեռքերը, իսկ տանից դուրս գալիս՝ անպայման պետք է ձեռնոցներ կրել:

Կարտոֆիլից պատրաստված դիմակները ևս շատ օգտակար են մաշկի համար: Այս դիմակն օգնում է մաշկը հիանալի հարթեցնել և ձեռքերի վրա առկա մանր ճաքերը վերացնել: Դիմակը պատրաստելու համար անհրաժեշտ երկու-երեք խաշած տաք կարտոֆիլից պյուրե պատրաստել՝ ավելացնելով երկու-երեք ճաշի գդալ կաթ: Պյուրեն տարածել ձեռքերին, վրայից պոլիէթիլենային թաղանթով փաթաթել և բրդե ձեռնոցներ հագնել: Անհրաժեշտ է պյուրեն պահել ձեռքերի վրա այնքան ժամանակ, մինչ խյուսն ամբողջությամբ սառչի: Բացի մաշկից, եղունգները ևս, շատ խնամքի և հոգատարության կարիք ունեն: Հատկապես ձմռան ընթացքում «շոյեք» ձեր մաշկը յուղային, տաք լոգանքներով, եթե հնարավոր է՝ այցելել նաև մերսման սրահներ:




Լրահոս