Հատուկ քննչական ծառայությունում շարունակում են քննել Մարտի 1-ի գործը: Այդ գործի շրջանակներում հարցաքննության են հրավիրվում բազմաթիվ անձինք՝ նախկին, ներկա պաշտոնյաներ: Սակայն ArmLur.am-ի տեղեկություններով, իրականում հարցաքննության հրավիրվողների և հրավիրվածների շրջանակն արդեն լայն է և չի սահմանափակվում նախկին և ներկա պաշտոնյաներով: Մեր տեղեկություններով, առաջիկայում հարցաքննությունների են հրավիրվելու նաև այդ օրերին այլ գործունեություն ծավալած անձինք ևս:
Նշենք, որ Հատուկ քննչական ծառայությունում, որն արդեն տասը տարի է քննում է 2008-ի մարտի 1-2-ի արյունալի իրադարձությունների քրեական գործը, թավշյա հեղափոխությունից հետո մարտի 1-ի գործը նոր ընթացք է ստացել: Մինչ այժմ հարցաքննության են կանչվել մեծ թվով նախկին և ներկա պաշտոնյաներ, այդ թվում` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և այլ: Այլ անձանց հետ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու համար մեղադրանք է առաջադրվել Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: