ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՐԿԸՆՏՐԱՆՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ մշակույթի եւ սփյուռքի նախարարության աշխատակիցները կառավարության շենքի մոտ երեկ բողոքի ցույց էին կազմակերպել` պահանջելով չլուծարել այդ երկու գերատեսչությունները: Ինչպես հայտնի է, կառավարությունը մտադիր է կրճատել նախարարությունների թիվը` 17-ից դարձնելով 11-12-ը: Նախօրեի երեկոյան արդեն նախարարությունների աշխատակազմերին է ներկայացվել «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը, ինչն էլ արդարացի դժգոհություն է հարուցել: Ի վերջո, կառավարության կառուցվածքային փոփոխությունների արդյունքում մարդիկ հայտնվել են աշխատանքից զրկվելու վտանգի առաջ: Ու տրամաբանությունը հուշում է, որ իշխանությունները պետք է օպտիմալացում նախաձեռնելուց առաջ մտածեին նաեւ այդ մարդկանց ճակատագրի մասին. ի վերջո, Հայաստանում այսօր աշխատանք գտնելը հեշտ չէ, մեղմ ասած:
Մյուս կողմից` սակայն, նկատենք, որ կառավարության նախաձեռնությունը պետական շահերի տեսանկյունից արդարացված է. ՀՀԿ իշխանությունը տարիներ շարունակ պահի թելադրանքով, կոնկրետ անձանց (կամ ուժերի) պաշտոն տալու անհրաժեշտությունից դրդված, ավելացրել է նախարարությունների թիվը` պետական բյուջեի վրա դարձնելով ահռելի բեռ: Ու հիմա այդ բեռից ազատվելը դարձել է հրամայական, առավել եւս, երբ 1991-2006 թվականներին գործել է Մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարություն: Այսինքն` Մշակույթի նախարարությունը եղել է Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության հետ միասին: Իսկ Սփյուռքի նախարարությունը ստեղծվեց 2008թ., այնինչ նախկինում դա ԱԳՆ վարչություններից մեկն էր:
Ամեն դեպքում, նման որոշումներից առաջ պետք է համադրել պետական ու մասնավոր շահերը:

 

 

 

Արդեն հայտնի է, որ դեկտեմբերի 27-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնելու է ՌԴ, որտեղ հանդիպելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Քննարկումների հիմնական թեման լինելու է գազի սակագինը: Նշենք, որ 2013 թ.-նից հենց ռուսական կողմն է որոշում, թե ՀՀ սպառողին մատակարարվող գազի սակագինը ինչպես պետք է հաշվարկվի: Համաձայնագրերում նաեւ հետաքրքիր մեկ նախապայման կա, որ, օրինակ, ՀՀ մատակարարվող գազի սակագինը կապվում է ՌԴ Օրենբուրգի մարզին մատակարարվող գազի սակագնի հետ: Ամռանն այնտեղ գազի սակագինը բարձրացել է, եւ մտավախություն կա, որ նույնը կարող է լինել ՀՀ-ին մատակարարվելիք գազի դեպքում: Ռուս քաղաքագետ Մոդեստ Կոլերովը «Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե ՌԴ-ի քաղաքականությունն ու դիրքորոշումը գազի սակագնի վերաբերյալ ինչպիսին է, պատասխանել է, որ ՌԴ-ն գազի սակագնի շուրջ բանակցություններ է անցկացնում ե՛ւ ՀՀ-ի, ե՛ւ Բելառուսի հետ. «Եվ կարող եմ ասել, որ Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններն ընթանում են զուգահեռ, եւ այստեղ Բելառուսն ու Հայաստանը գնում են նույն ճանապարհով եւ փորձում են հասնել գազի սակագնի նվազման»:

 

 

 

Հայաստանում մեծ համաներում հայտարարելուց հետո` արդեն նոյեմբերի 23-ին, ՀՀ գլխավոր դատախազը հրաման ստորագրեց Համաներման մասին ՀՀ օրենքի կիրառման գործընթացի օրինականության նկատմամբ դատախազական հսկողություն ու վերահսկողություն իրականացնելու վերաբերյալ: Եւ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ են հասել, որ դատախազի հրամանն իր նախապատմությունն ունի: Իրավապահները բացահայտել են, որ համաներման անվան տակ փորձեր են արվել ազատ արձակել կոնկրետ անձանց, որոնց վրա այդ օրենքը չէր տարածվում: Ավելին` գործընթացը հասել է «վերեւներ», որից հետո կանխվել: Ուստի հետագա նման դրսեւորումները կանխելու նպատակով էլ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը որոշել է հրաման ստորագրել: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղից նշեցին. «Համաներման օրենքի պահանջները կիրառվում են` հետաքննության, նախաքննության կամ իրավասու այլ մարմինների, դատարանների կողմից համապատասխան դատավարական ակտեր կայացնելով, որոնց օրինականությունն ստուգվում է դատախազության կողմից: ՀՀ գլխավոր դատախազի հրամանը միտված է այդ գործընթացի համակարգվածությունը եւ արդյունավետությունը բարձրացնելուն»:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` քրեական գործեր են հարուցվել` իրավապահ համակարգում դիզվառելիքի յուրացումների հետ կապված: Մասնավորապես, թավշյա հեղափոխությունից հետո իրավապահ համակարգի մի շարք աշխատակիցներ բողոք են ներկայացրել` պնդելով, թե դիզվառելիքը, որ պետք է տրվեր մարզեր գործուղումների, նաեւ Երեւանում ծառայողական անհրաժեշտությունից ելնելով տեղաշարժվելու համար, իրականում չի տրամադրվել: Ու հիմա քրեական գործ է հարուցվել պարզելու համար, որ գերատեսչությունների տրամադրված դիզվառելիքը նպատակին չի ծառայել: Նկատենք, որ այս խնդիրը նոր չէ. տարիներ շարունակ ոստիկանները, քննիչները մասնավոր զրույցներում չեն թաքցրել, որ իրենք ստիպված են մարզեր գործուղումների գնալ սեփական միջոցների հաշվին: Սակայն նախկին իշխանությունների օրոք շատերը խնդիրների մասին չեն բարձրաձայնել, չեն բողոքել` վախենալով հաշվեհարդարներից:

 

 

 

ՃԵՂՔՎԱԾՔԻ ԱՌԱՋ
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ այդ կառույցի անդամ երկրների հակասությունները սպառնում են ավելի խորանալ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել էր երկրի ԱԱԽ քարտուղար Ստանիսլավ Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակելու համապատասխան որոշման նախագիծը: Ու այս օրերին Զասը սկսել է հանդիպումների շարքը ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հետ` միաժամանակ հայտարարելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հանդիպելու պարտաստակամության մասին: «Ես պատրաստ եմ Հայաստանի վարչապետին հարմար ցանկացած ժամանակ մեկնել այնտեղ եւ հանդիպել նրա, Արտաքին գործերի եւ Պաշտպանության նախարարների հետ, քննարկել այն հարցերը կամ խնդիրները, որոնք նրանք տեսնում են կազմակերպության գործունեությունում, եւ հետագայում աշխատել նաեւ այդ խնդիրների ուղղությամբ»,- ասել էր նա:
Սակայն դատելով Հայաստանի պաշտոնական արձագանքից` հանդիպումը հազիվ թե տեղի ունենա գոնե մոտ ապագայում: Վարչապետի խոսնակ Արման Եղոյանը հայտարարել է, որ Փաշինյանը պատրաստ չէ այդ հանդիպմանը: «Եթե մինչ այս պահը նրա հետ հանդիպում տեղի չի ունեցել, ուրեմն նման հանդիպման անհրաժեշտություն չի եղել»,- ասել է Եղոյանը։
Ենթադրվում է` Հայաստանը ՀԱՊԿ-ում նաեւ վետո կդնի Զասի թեկնածությանը, եթե Բելառուսը պնդի իր ցանկությունը: Այդ դեպքում Բելառուսը փորձելու է օգտվել ՀԱՊԿ կանոնակարգում առկա սողանցքներից ու որոշումները կայացնել առանց Հայաստանի: Զասը երեկ հայտարարել է, թե ՀԱՊԿ կանոնակարգը նախատեսում է սահմանափակ ձեւաչափով որոշումների ընդունում, երբ ոչ բոլոր երկրներն են համաձայն այս կամ այն հարցի շուրջ: «Բայց ես հույս ունեմ, որ, ամեն դեպքում, կոնսենսուս կլինի, եւ ներկայում գոյություն ունեցող հարցերը կհանվեն»,- հավելել է նա:
Ակնհայտ է, որ իրադարձությունների նման զարգացումը կարող է անցանկալի հետեւանքներ ունենալ. ի վերջո, եթե Բելառուսը պնդի այս հարցն առանց Հայաստանի որոշելու ցանկությունը` օգտվելով կանոնակարգով նախատեսված սողանցքներից, կարող է լրացուցիչ անգամ հարուցել հայկական կողմի զայրույթը` լուրջ ճեղքվածք առաջացնելով կառույցի անդամ երկրների հարաբերություններում: Միաժամանակ, այդպես անհարմար դրության մեջ կհայտնվեն ՀԱՊԿ մյուս երկրները, այդ թվում` ՌԴ-ն, առանց որի աջակցության ՀԱՊԿ-ում նման հարցերը չեն լուծվի: Եւ ուրեմն լավագույն լուծումը կարող է լինել ժամանակ ձգելը, մինչեւ ավարտվի ՀՀ-ին հատկացված ժամկետի ավարտը:




Լրահոս