ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ՍՏԵՂԾՎԱԾ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓԱԿՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գաղտնիք չէ, որ ՀՀԿ իշխանությունները պետական կառավարման համակարգը տարիներ շարունակ ձեւավորել են` պահի անհրաժեշտությունից ելնելով, այլ ոչ թե առաջնորդվելով պետության զարգացման տեսանկյունից: Դրա համար էլ ժամանակ առ ժամանակ գերատեսչություններ են իրար միացվել կամ առանձնացվել: Նպատակը եղել է կոնկրետ անձանց պաշտոններ տալը: Հենց այս մեթոդով էլ նրանք վարձահատույց են եղել իշխանությանը ծառայություններ մատուցած գործիչներին հատկապես ընտրությունների ժամանակ:

Այդ դրդապատճառներից ելնելով էլ` նրանք որոշեցին ՀՀ տարածքային կառավարման ու ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունները վերակազմավորել (2014թ. խնդիր էր տրված ՕԵԿ-ին նախարարական պորտֆել տալը), իսկ ավելի ուշ` անջատել: Կամ նույն որոշման արդյունքում կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեն ու Ֆինանսների նախարարությունը վերակազմավորվեցին, ապա կրկին առանձնացվեցին: Ստացվում է, որ իշխանությունը ոչ միայն ըստ նպատակահարմարության նախարարություններ է ստեղծում ու վերամիավորում, այլ կոնկրետ անձի կամ անձանց համար պաշտոններ է ստեղծում, նրանց ենթակայության տակ ոլորտներ դնում:
Այդկերպ ժամանակին ստեղծվեցին կառավարության աշխատակազմի ղեկավարի եւ առաջին փոխվարչապետի պաշտոնները: Կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը 2013 թվականին ստեղծեց ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը: Սկզբում այդ պաշտոնը զբաղեցնում էր փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, իսկ նրանից հետո շուրջ երեք տարի` Դավիթ Հարությունյանը: Այն ժամանակ Տիգրան Սարգսյանը հիմնավորել էր, որ նման պաշտոնի ստեղծումն անհրաժեշտություն է, քանի որ պետք է կոորդինացնել գերատեսչությունների բարեփոխումները: Ընդ որում, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնը նախարարին հավասար պաշտոն էր համարվում, եւ պաշտոնյան վճարվում էր, ինչպես նախարարները` ամսական մոտավորապես 793 հազար, տարեկան շուրջ 10 մլն դրամով:
Այդպես ստեղծվեց նաեւ առաջին փոխվարչապետի պաշտոնը հատուկ Կարեն Կարապետյանի համար, որպեսզի նա Սերժ Սարգսյանի համար «ազատի» պաշտոնը, բայց եւ հենց ինքը զբաղվի տնտեսությանն առնչվող հարցերով: Սակայն այս տարվա ապրիլյան հայտնի իրադարձությունների հետեւանքով նա չկարղացավ զբաղեցնել այդ պաշտոնը, իսկ հիմա էլ նոր իշխանությունները որոշել են կրճատել այդ հաստիքը:
Եվ ոչ միայն այդ հաստիքը. կառավարությունը գնում է օպտիմալացումների ճանապարհով, ինչը, բնականաբար, դժգոհություններ է առաջացրել այդ կառույցների աշխատակիցների շրջանում. մարդիկ հայտնվել են գործազրկության շեմին: Մասնավորապես, երեկ բողոքի ակցիա էին կազմակերպել ՀՀ Մշակույթի եւ Սփյուռքի նախարարությունները: Եվ եթե Մշակույթի նախարարությունը ծրագրած է միացնել Կրթության, գիտության եւ սպորտի, երիտասարդության հարցերի նախարարություններին, ապա Սփյուռքի նախարարությունն առհասարակ նախատեսվում է լուծարել, եւ աշխատատեղերի կրճատումն էլ հանգեցրել է դժգոհությունների:
Սակայն Մշակույթի եւ Սփյուռքի նախարարությունները եւս ստեղծվել են նպատակահարմարությունից ելնելով: Օրինակ` 1991-2006 թվականներին գործել է Մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարություն, սակայն այդ նախարարություններն առանձնացվեցին: Մշակույթի նախարարությունն առանձնացվել էր Հասմիկ Պողոսյանի համար: Վերջինս, հիշեցնենք, Սերժ Սարգսյանի տիկնոջ` Ռիտա Սարգսյանի ընկերուհին էր, եւ այդ անձնական կապի շնորհիվ երկար ժամանակ պաշտոնավարեց: Սփյուռքի նախարարությունն էլ ստեղծվեց 2008 թվականին հատուկ Հրանուշ Հակոբյանի համար, ով այդ պաշտոնը զբաղեցրեց 10 տարի: Սա էլ նպատակ ուներ նախարարի կարգավիճակ տալ երբեմնի կարկառուն կոմունիստ, հետո ՀՀԿ-ական Հրանուշ Հակոբյանին:
Սփյուռքի նախարարություն ստեղծելու գաղափարի մասին Սերժ Սարգսյանը հայտարարել էր դեռ իր նախընտրական ծրագրում: Եվ նախագահ ընտրվելուց հետո Սերժ Սարգսյանի առաջին ձեռնարկներից մեկը եղավ այդ նախարարության հիմնումը: Եվ 2008թ. հոկտեմբերից արդեն ՀՀ կառավարության կազմում սկսեց գործել Սփյուռքի նախարարությունը: Ընդ որում, նախորդ տարի, երբ կառավարության կառուցվածքի մասին հարցը քննարկվեց խորհրդարանում, եւ մի քանի գերատեսչությունների անվանումներ փոխվեցին, նախկին իշխանությունները ոչ մի կերպ չդիտարկեցին Սփյուռքի նախարարությունը լուծարելու կամ միավորելու տարբերակը. ավելին` Էդուարդ Շարմազանովն առաջարկել էր այն վերանվանել Սփյուռքի եւ հայրենադարձության նախարարություն, սակայն այն չէր ընդունվել:
Եվ հիմա նոր իշխանությունները ցանկանում են օպտիմալացումներ կատարել` համարելով, որ կան գերատեսչություններ, որոնք անարդյունավետ են գործում: Իհարկե, այդ խոսքերի մեջ կա ճշմարտություն, եւ բազմիցս է բարձրացվել այն հարցը, որ այս կամ այն գերատեսչության աշխատակիցները պարապուրդի են մատնված, անարդյունավետ են գործում եւ այլն: Սակայն այդ օպտիմալացումները ոչ մի պարագայում չպետք է կամայական լինեն, այլ տրամաբանական, որպեսզի կառույցների գործառույթները եւս համապատասխանեն միմյանց:
Իհարկե, պետք է դիտարկել նաեւ միջազգային փորձը: Այդ առումով, նկատենք, որ Մշակույթի նախարարություն ունեն գրեթե բոլոր երկրները: Ու որեւէ մեկի մտքով Հունաստանում, Իտալիայում կամ Սերբիայում չի անցնի փակել այն: Այլ բան, որ այս տարիների ընթացքում այն գործել է անարդյունավետ: Այդ մասին բարձրաձայնել եւ բարձրաձայնում են նաեւ մշակութային գործիչները: Եվ արդյունավետ կառավարման արդյունքում այն կարող է իսկապես շատ կարեւոր եւ առանցքային գերատեսչություն լինել հատկապես զբոսաշրջիկներ ներգրավելու առումով:
Այստեղ էլ նկատենք, որ Հայաստանում Սփյուռքի նախարարություն ստեղծելուց հետո նույնիսկ Ադրբեջանում սկսեցին ակտիվացնել այդ ոլորտը եւ իրենց հայրենակիցների հետ կապերը: Այլ բան է, որ այս նախարարությունն էլ երկար ժամանակ զբաղված է եղել Սփյուռքից մարդկանց ներգրավելով, ովքեր գումարով կօգնեին Հայաստանին: Դե իսկ Կրթության եւ գիտության նախարարությունն ինքնին մեծ կառույց է, եւ միշտ բարձրաձայնվել է այն մասին, որ գիտությանը համարժեք տեղ չի տրվում, եւ այս միավորումից հետո կրկին խնդիր է գիտության հարցը: Եվ այս իրավիճակում մնում է հասկանալ, թե ինչ ուրիշ օպտիմալացումներ կլինեն եւ արդյոք դրանք տրամաբանական կլինեն:
Մինչ այդ անլուծելի խնդրի առաջ են հայտնվել նախարարությունների աշխատակիցները, որոնք զրկվելու են աշխատանքից` համալրելով գործազուրկների առանց այն էլ ստվար բանակը: Եւ հիմա նրանց բողոքն արդարացի է. ի վերջո, օպտիմալացման գնալուց առաջ իշխանությունները պետք է փորձեն լուծել նաեւ այդ մարդկանց աշխատանքով ապահովելու խնդիրը, այլ ոչ թե թողնեն բախտի քմահաճույքին:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ԿՇԱՐՈՒՆԱԿԵՆ ԳՈՐԾԵԼ
Ինչպես հայտնի է, «Լուսավոր Հայաստանը» ԱԺ փոխնախագահի թեկնածու է առաջադրելու կուսակցության փոխնախագահ Մանե Թանդիլյանին։ Իր հերթին խորհրդարանում մյուս ընդդիմադիր ուժը` «Բարգավաճ Հայաստանը» եւս իր թեկնածուն է ունենալու այդ պաշտոնում: Ու այս պարագայում վերջնական խոսքը լինելու է իշխող «Իմ քայլը» խմբակցությանը: ԱԺ փոխնախագահներն ընտրվում են փակ գաղտնի քվեարկությամբ, ու հիմա կարեւոր է, թե «Իմ քայլը» խմբակցությունն ինչպես կքվեարկի: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ իշխանությունները հակված են սատարելու ԲՀԿ թեկնածուին, քանի որ այն խորհրդարանում իր մեծությամբ երկրորդ ուժն է, հետեւաբար, արդարացի է այդկերպ վարվելը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԼՀԿ խոսնակ Անի Սամսոնյանը հարցին, թե որ կուսակցությանը կսատարի «Իմ քայլը» դաշինքը, եւ եթե սատարի ԲՀԿ-ին, որն է լինելու ԼՀԿ հաջորդ քայլը, պատասխանել է. «Չեմ կարող ասել, թե ում կսատարի։ Կարծում եմ` նպատակահարմար է հարցնել «Իմ քայլը» դաշինքին։ Չսատարելու դեպքում կշարունակենք իրագործել մեր օրակարգը»,-մեզ հետ զրույցում ասաց նա։

 

 

 

ՆՈՐ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ արդարադատության նախարարության կողմից հրապարակվել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը եւ դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի նախագիծը: Սահմանվել է կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական երեք ուղղություն` կոռուպցիայի կանխարգելումը, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումը եւ հակակոռուպցիոն կրթությունը: Նշենք, որ մինչ այս ՀՀ-ն ունեցել է 3 հակակոռուպցիոն ռազմավարություն՝ համապատասխան միջոցառումների ծրագրերով: Սա հանդիսանում է ՀՀ 4-րդ հակակոռուպցիոն ռազմավարությունը: Եվ այս առումով նոր ռազմավարությունն առաջին հերթին նախատեսում է Վարչական կոռուպցիայի հաղթահարում, բիզնես ոլորտում բարեվարքության հաստատումը, բիզնեսի եւ քաղաքականության տարանջատման ապահովումը, կոռուպցիոն իրավախախտումների համար պատասխանատվության անխուսափելիության սկզբունքի իրացման երաշխավորումը: Ընդ որում` այս նոր ռազմավարության մեխանիզմներից ամենագլխավորը նրանք համարում են մոնիթորինգը եւ դրա արդյունավետ կիրառումը:

 

 

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ
Դեկտեմբերի 20-ին Երեւանում արտակարգ դեպք էր տեղի ունեցել. ժամը 17:50-ի սահմաններում ոստիկանության աշխատակիցները Հանրապետության հրապարակում նկատել են մի այրվող կնոջ: Իրավապահները ձեռնամուխ են եղել բռնկված կրակը մարելուն, որից հետո օգնել են կնոջը տեղափոխվել Երեւանի այրվածքաբանական բժշկական կենտրոն: Վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ, 86-ամյա Ռիմա Գրիգորյանն է, ով ինքնահրկիզման միջոցով փորձել է ինքնասպան լինել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ կինը հայտնել է, թե այս քայլին է գնացել ընտանեկան խնդիրների պատճառով եւ որոշել է կյանքին վերջ տալ:

 

 

 

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՄԲ
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ադմինիստրատոր Ադամա Ուանին: Ն. Փաշինյանը կարեւորել է ՖՄԿ-ՀՀ համագործակցությունը եւ ընդգծել, որ կազմակերպությունում նախագահության ընթացքում Հայաստանը կներդնի առավելագույն ջանքերը` ՖՄԿ առջեւ դրված խնդիրների լուծման, դրա հետագա զարգացման եւ միջազգային ասպարեզում հեղինակության բարձրացման ուղղությամբ: Ուանին համոզմունք է հայտնել, որ Հայաստանը մեծ դեր ունի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում ներկայում եւ կշարունակի ունենալ ապագայում: ՖՄԿ ադմինիստրատորը նշել է, որ Հայաստան է եկել հատուկ առաքելությամբ:

 

 

ԱՎԵԼԻ ԽԻՍՏ
Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի խոսքով` հունվարի 1-ից սկսած շատ ավելի խիստ է լինելու մոտեցումը փողոցային ապօրինի առեւտրի նկատմամբ: «Նվազագույնի ենք հասցնելու այն, ինչը հնարավոր է անել ոստիկանության եւ քաղաքապետարանի ուժերով»,- նշել է քաղաքապետը: Վերջինիս խոսքով` խնդրում կա երկու կողմ` օրինականության պահպանումը եւ սոցիալական խնդիրը, այնուամենայնիվ, նրա վստահեցմամբ` պայքարը խստացվելու է փողոցային առեւտրի ուղղությամբ: Քաղաքապետը նշել է, որ օբյեկտիվ պատճառներ կան, թե ինչու չի վերանում փողոցային առեւտուրը. «Աշխատանքներ են տարվում ոչ միայն բիրտ ուժով, այլեւ բացատրական կերպով, եւ դա մի փոքր ժամանակ է պահանջում մեզանից»,-ասել է նա:

 

 

ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ ԵՆ
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը համատեղ նամակ են հղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին` շնորհավորելով ԱԺ արտահերթ ընտրություններում իր ղեկավարած «Իմ քայլը» դաշինքի տարած հաղթանակի առթիվ:




Լրահոս