Համաներում հայտարարելու մասին ՀՀ օրենքի կիրառման գործընթացի օրինականության նկատմամբ դատախազական հսկողություն ու վերահսկողություն իրականացնելու վերաբերյալ Նոյեմբերի 23-ին ՀՀ գլխավոր դատախազի հրամանը, պարզվում է, բավական խորը ամրատներ ունի: «Ժողովուրդ»-ին հասած տեղեկությունների համաձայն` իրավապահ համակարգը բացահայտումներ է արել` համաներման գորընթացի հետ կապված, ինչը մտահոգության տեղիք է տվել:
Այսպիսով, համաներում հայտարարելուց հետո իրավապահները բազմիցս հորդորել եւ զգուշացրել են հասարակությանը լինել զգոն իրենց բնակարանների, գույքի նկատմամբ, քանի որ գողությունների, կողոպուտի, հափշտակությունների դեպքերի աճ է արձանագրվել:
Եվ, ահա, այս հրապարակումից երկու շաբաթ հետո ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հրաման ստորագրեց «2018թ. նոյեմբերի 6-ին ուժի մեջ մտած «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի կիրառման գործընթացի օրինականության նկատմամբ դատախազական հսկողություն ու վերահսկողություն իրականացնելու վերաբերյալ:
Հրամանի նպատակն է դատախազական ներգործության գործիքակազմի միջոցով ապահովել համաներում հայտարարելու մասին օրենքի` ողջամիտ ժամկետներում եւ օրենսդրությամբ նախատեսված կարգով ճշգրիտ ու միատեսակ կիրառումը:
Սահմանվել է, որ դատախազության համապատասխան ստորաբաժանումներում դատախազների կողմից մանրակրկիտ պետք է ուսումնասիրվեն մինչդատական քրեական վարույթում գտնվող քրեական գործերով համաներման մասին օրենքի կիրառման արդյունքում ընդունված որոշումները, ինչպես նաեւ առաջին ատյանի եւ վերաքննիչ քրեական դատարաններում քննված, անմիջական դատախազական հսկողության տակ գտնվող քրեական գործերով նույն օրենքի կիրառմամբ կայացված դատական ակտերը: Ուսումնասիրության արդյունքում համաներման մասին օրենքի սխալ կիրառման դեպքեր հայտնաբերելիս ձեռնարկվելու են դրանցից բխող դատախազական ներգործության միջոցներ: Մասնավորապես, եթե առաջին ատյանի եւ վերաքննիչ քրեական դատարաններում քննված քրեական գործերով համաներման մասին օրենքի սխալ կիրառման դեպքեր հայտնաբերվեն, պարտադիր քննարկման առարկա կդարձվի դատական այդ ակտերը բողոքարկելու հարցը…:
Արթուր Դավթյանի կողմից խնդիր է դրվել պարբերաբար եւ հնարավոր սեղմ ժամկետներում զեկուցել համաներման մասին օրենքի կիրառման օրինականության ապահովման ընդհանուր վիճակի, ինչպես նաեւ դատախազների եւ դատախազության ստորաբաժանումների կողմից ձեռնարկված միջոցների արդյունքների մասին:
Տպավորությունն այնպիսին է, որ իրավապահ համակարգը պարզապես ցանակցել է հսկողություն իրականացնել, որպեսզի համաներման անվան տակ այլ անձանց ազատ չարձակեն, եւ ամեն ինչ արվի օրինական ճանապարհով: Սակայն պարզվում է` այս հայտարարությանը նախորդել են բավական ուշագրավ դեպքեր:
Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` իրավապահները բացահայտել են, որ համաներման անվան տակ փորձեր են արվել ազատ արձակել կոնկրետ անձանց, որոնց վրա համաներումը չէր տարածվում: Ավելին, գործընթացը հասել է «վերեւներ», որից հետո կանխվել է, ուստի հետագա նման դրսեւորումները կանխելու նպատակով էլ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը որոշել է հրաման ստորագրել:
«Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի մասին տեղեկությունը փորձեց պարզել ՀՀ գլխավոր դատախազությունից, որտեղից ի պատասխան հայտնեցին. «Համաներման օրենքի պահանջները կիրառվում են` հետաքննության, նախաքննության կամ իրավասու այլ մարմինների, դատարանների կողմից համապատասխան դատավարական ակտեր կայացնելով, որոնց օրինականությունը ստուգվում է դատախազության կողմից: ՀՀ գլխավոր դատախազի հրամանը միտված է այդ գործընթացի համակարգվածությունը եւ արդյունավետությունը բարձրացնելուն»:
Ի դեպ, Համաներման մասին օրենքի կիրառման վերջնական արդյունքները կամփոփվեն մինչեւ 2019թ. փետրվարի վերջ: Այդ կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազին կներկայացվի հաղորդում: Հուսանք՝ այս ժամանակ հայտնի կդառնա, թե ինչ է տեղի ունեցել: Մինչ այդ, նկատենք` իրավապահ մարմիները շարունակում են բարձրաձայնել համաներումից հետո ստեղծված իրավիճակի մասին: Մասնավորապես, գրեթե ամեն օր գողությունների, կողոպուտի դեպքերի օրեցօր ավելացումը խիստ մտահոգիչ իրավիճակ է ստեղծել իրավապահների շրջանում: Վերջիններս նշում են, որ իրավապահների գիշերային ծառայությունը պետք է ուժեղացվի հնարավոր վտանգները բացառելու համար: Պատահական չէր, որ ՀՀ կառավարության վերջին նիստից հետո ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը հայտարարել էր.«Այս պահի դրությամբ չեմ կարող հստակ ասել, բայց կան այնպիսիներ, որ կրկնակի հանցագործություն են կատարել: Մենք հունվարին ձեզ կհրավիրենք, եւ այն մտահոգությունները, որոնք կան, թե ՀՀ-ում տեղի է ունենում հանցավորության աճ, մանրակրկիտ ասուլիս կհրավիրենք, ինքներդ էլ կհամոզվեք, որ դա իրականությանը չի համապատասխանում: Աճ կա, բայց դա համահունչ է, ինչպես մյուս պետություններում է»:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴԴԵՄ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ
«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն է դիմել Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի բնակիչ Վանիկ Թորոսյանը: Նրա ներկայացմամբ` դեռ 5 տարի առաջ իր մեքենան վաճառել է քաղաքացի Հայկ Դովլաթբեկյանին, որը մաս-մաս վճարել է գումարը, բայց 1700 դոլար պարտք մնացել: «Լավ պատկերացնելով օրենսդրական դաշտի առանձնահատկությունները` Դովլաթբեկյանը չի հրաժարվում իմ գումարը վերադարձնելուց եւ տարիներ շարունակ պնդում է. «հո չե՞մ հրաժարվում, կաշխատեմ, կտամ»: Բայց նա մշտապես աշխատում է ստվերում, իր անունով ոչ մի սեփականություն, շարժական ու անշարժ գույք չունի: Իմ բոլոր դիմումները չեն բավարարվում, եւ հարկադիր կատարողներն էլ լավագույն դեպքում կարող են կազմել անվճարունակության արձանագրություն: Դուրս է գալիս, որ ՀՀ-ում ամեն ոք անպատիժ կարող է յուրացնել քաղաքացու վաստակը` ծիծաղելով ու արհամարհելով»: Քաղաքացին շարունակում է իր նամակում հղումներ անել ՀՀ օրենսդրությանը. «ՀՀ Սահմանադրությունը հռչակում է, որ քաղաքացու սեփականության իրավունքն անձեռնմխելի է եւ չի կարող տիրապետվել այլ անձի կամ այլ մարմնի կողմից: Այնպես որ, իմ պատասխանը պետք է բխի արդարության, այլ ոչ թե արդարադատության` նման դեպքերին վերաբերող իմպոտենտ հոդվածների վկայակոչումից: Վերադարձրե՛ք տարիների իմ վաստակը, 80-անց մարդ եմ, ժամանակ չունեմ»:
Քաղաքացու զայրույթը հասկանալի է. հինգ տարի շարունակ նա, բախվելով արդարադատության ամենատարբեր ատյանների կամայականություններին, ինչպես նաեւ օրենսդրական խութերին, ճարահատյալ կոշտ նամակ է գրել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն: Այն, որ իրավական կամայականություններ մեր երկրում կան, վաղուց հայտնի իրողություն է, եւ պետք է որ հեղափոխությունից հետո մթնոլորտի էական փոփոխություն լիներ: Բայց օրենսդրական խութերի մասով դեռ լրջագույն անելիքներ կան: Մասնավորապես, եթե խարդախություն կատարողը հրաժարվում է վճարել դիմացինին պատճառված վնասը, ապա նրան օրենքով պատժի ենթարկելուց բացի արժի ստիպել աշխատել, եւ, ըստ այդմ, աշխատած գումարը բռնագանձել` մարելով կուտակված պարտքը: Իսկ եթե պարտատերը չի հրաժարվում վճարել, ապա օրենքն այստեղ բաց է: Ու հիմա 80-ամյա Վանիկ Թորոսյանը երկրորդ տարբերակի ծուղակում է. իրավիճակ, որ պատիվ չի բերում նոր Հայաստանին:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՔԱՆԴՎԱԾ
Առնվազն երկու տարի ժամանակ է պետք տրանսպորտային ցանցը Երեւանում ամբողջությամբ փոխելու համար, ասել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Նա ընդգծել է, որ նախկին իշխանություններից ժառանգություն են ստացել ոչ միայն վատ տրանսպորտային համակարգ, այլեւ գրեթե քանդված. «Մենք ժառանգություն ենք ստացել մի տրանսպորտային համակարգ, որը գրեթե քանդված է: Երթուղային տաքսիները եզրին են հասել մաշվածության, տեխնիկական առումով: Մենք ռեալ ենք ասում, որ առնվազն երկու տարի ժամանակ է պետք, եթե մենք խոսում ենք ամբողջական ցանցի փոփոխման մասին»:
ԿԱՎԵԼԱՆԱՆ
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակն արձանագրել է, որ 2019թ. քաղաքային բյուջեով Երեւանում զգալի կերպով ավելանալու են տուրքերն ու վճարները: Հետազոտության մեջ արձանագրվել է, որ փոփոխությունների արդյունքում լրացուցիչ ֆինանսական բեռ է դրվելու տնտեսավարող սուբյեկտների վրա. «Նոր քաղաքային իշխանությունը մտադրված է շուրջ 1 մլրդ ՀՀ դրամով ավելացնել վարչական ծախսերը` միաժամանակ կրճատելով կամ անտեսելով տնտեսական եւ սոցիալական համայնքային հիմնախնդիրները: Սակայն բյուջեի քննարկումը պետք է ուղեկցվի ոչ միայն ծախսային հոդվածների, այլ նաեւ եկամտային մասի վերլուծությամբ: Ամեն տարի Երեւանի բյուջեի նախագծի հետ մեկտեղ շրջանառության է դրվում Երեւան քաղաքում տեղական վճարների եւ տուրքերի մասին որոշման նախագիծը, որը կոչված է ապահովել քաղաքապետարանի բյուջեի եկամտային մասը»:
ԻՆՔՆԱԹԻՌ Է ԸՆԿԵԼ
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում ընկել է «Ան-26» բեռնատար ինքնաթիռ, որի անձնակազմի երեք օդաչուները, նախնական տեղեկություններով, ռուսաստանցիներ են։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։ Ինքնաթիռում եղել է 23 մարդ։ Նախնական տվյալներով՝ ինքնաթիռի անկման պատճառով զոհվել է 6 մարդ, որոնցից մեկը ինքնաթիռի օդաչուներից է։ Ինքնաթիռը ընկել է մայրաքաղաք Կինշասայի մոտակայքում (հստակ տեղը դեռ ճշտված չէ)։ Այն թռիչք էր կատարել դեպի երկրի կենտրոնական շրջաններից մեկը, որտեղից բերում էր կենտրոնական ընտրական հանձնաժողովի նյութերը։ Ինքնաթիռի հետ կապը կորել է այն բանից հետո, երբ այն հատել է մայրաքաղաքի վարչական տարածքի սահմանը։ Ենթադրվում է, որ ավիավթարի պատճառը եղել են եղանակային անբարենպաստ պայմանները։
ԳՐԱՎԻ ԴԻՄԱՑ
6-րդ վարչության աշխատակիցների կողմից վնասազերծված ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյան` Սուրեն էլոյանը, երեկ 2 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել: Ըստ նրա պաշտպան Միհրան Պողոսյանի` նման որոշում կայացրել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մանուշակ Պետրոսյանը: Հիշեցնենք, որ ՊԵԿ փոքր հարկ վճարողների տեսչություն-վարչության ստուգումների 10-րդ բաժնի պետ Սուրեն Էլոյանը, տեսուչ Վաղարշակ Լալայանը եւ տեղակալ Սամսոն Առաքելյանը, ըստ իրավապահ մարմինների, 1 միլիոն դրամ կաշառք ստանալու պահին «մերկացվել են» հոկտեմբերի 22-ին: Նրանց մեղադրանք է առաջադրվել:
35 ՄԼՆ ԴՐԱՄԻ ՏՈՒԳԱՆՔ
ՀՀ Գլխավոր դատախազության իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ մինչեւ 2018-ը հանրապետության տարածքում տարբեր ժամանակահատվածներում փաստացի շահագործվող թվով 193 շարժական գազալցակայաններից 63-ը սահմանված կարգով` որպես արտադրական վտանգավոր օբյեկտ, ռեեստրում գրանցում չեն ունեցել: Արձանագրված խախտումների կապակցությամբ ԱԻՆ աշխատակազմի պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության կողմից 60 դեպքերով հարուցվել են վարչական վարույթներ: Վարչական վարույթներով 32 անձինք ենթարկվել են տուգանքի, որի ընդհանուր գումարը կազմել է շուրջ 35 մլն դրամ: