Արամի 23-ի շենքը վթարային է դարձել ստորգետնյա ավտոկայանատեղիի համար փորված փոսորակի հետեւանքով. մշակույթի փոխնախարար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիայի շենքի անմիջապես պատի հիմքերի մոտ փորված փոսորակի հետևանքով խարխլված հիմնատակի ամրակայման նախագիծ Մշակույթի նախարարություն չի ներկայացվել:

Այս մասին իր «Ֆեյսբուք»-ի էջում գրել է ՀՀ մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը:

Նրա խոսքով՝ երգչախմբի շենքը, որը գտնվում է Արամի 23 հասցեում՝ վթարային է դարձել անմիջապես հարակից հողակտորում ստորգետնյա ավտոկայանատեղի համար փորված փոսորակի հետևանքով:

«Ստորգետնյա ավտոկայանատեղիի շինթույլտվությունը տվել է Երևանի քաղաքապետարանը (Տարոն Մարգարյանի ժամանակ) և հետևաբար վթարային վիճակի համար պատասխանատու է Երևանի քաղաքապետարանը (որպես իրավահաջորդ): Անհասկանալի է պարոն Մեսչյանի՝ Մշակույթի նախարարությանը մեղադրելն այն պարագայում, որ Մշակույթի նախարարությունն արել է իր լիազորությունների սահմաններում ամեն հնարավոր և անհնարին բան, որպեսզի խուսափենք այս իրավիճակից»,- նշել է Գալստյանը:

Մշակույթի փոխնախարարի պնդմամբ՝ դեռ 2018 թվականի օգոստոս ամսին Մշակույթի նախարարությունը դատախազութուն է դիմել հուշարձան շենքը վնասելու վերաբերյալ: Դատախազություն դիմելուց հետո քրեական գործ է հարուցվել: Տիգրան Գալստյանը հույս է հայտնել, որ մեղավորները կպատժվեն:




Լրահոս