ԳԱՐԴԱՍԻԼՆ ԱՄԵՆԱԱՆՎՏԱՆԳ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԵՐԻՑ Է. ԱՆՏՈՆ ԲԱՐՉՈՒԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանում, ինչպես եւ ամբողջ աշխարհում, վերջին տարիներին արգանդի պարանոցի քաղցկեղի հիվանդացության աճ է նկատվում, եւ մահացությունը քաղցկեղի այդ տեսակից մինչեւ 45 տարեկան կանանց մոտ այժմ առաջին տեղում է: Մասնագետները կարծում են, որ տվյալ հիվանդության կանխարգելման համար անհրաժեշտ է անհապաղ միջոցներ ձեռնարկել, այդ թվում` ներդնել մարդու պապիլոմա վիրուսի (ՄՊՎ) դեմ պարտադիր պատվաստում:

Նշենք, որ Ռուսաստանում ՄՊՎ-ի դեմ երկու պատվաստանյութ է գրանցված` ցերվարիկսը եւ քառավալենտ գարդասիլը: Բայց պատվաստումների ազգային օրացույցում վերջիններս դեռ ներառված չեն` ի տարբերություն Հայաստանի, որտեղ ՄՊՎ-ի դեմ պատվաստումը ներառված է պատվաստումների ազգային օրացույցում անցյալ տարվա վերջից:
Այդ առթիվ մեզ իր դիտարկումներն է ներկայացրել Ն. Ն. Պետրովի անվան Սանկտ Պետերբուրգի Ուռուցքաբանության ազգային կենտրոնի եւ Տամպերեի համալսարանի գիտաշխատող, Քաղցկեղի կանխարգելման հիմնադրամի փորձագետ Անտոն Բարչուկը:
Հիվանդացության աճը
«Ես զբաղվում եմ Ռուսաստանում արգանդի պարանոցի քաղցկեղի համաճարակաբանությամբ: Ի՞նչ ենք մենք տեսնում հիմա: Մենք տեսնում ենք, որ ՄՊՎ-ասոցացված ուռուցքներն ընդհանուր առմամբ եւ արգանդի պարանոցի քաղցկեղը` որպես ՄՊՎ-ասոցացված ամենատարածված ուռուցքներից մեկը, մեծ խնդիր են դառնում: Թեեւ արգանդի պարանոցի քաղցկեղն ամենատարածված ուռուցքային հիվանդությունը չէ, բայց ինչ-որ առումով դրանից կորուստներն ավելի շատ են, քան առավել տարածված կրծքագեղձի քաղցկեղից, որովհետեւ կրծքագեղձի քաղցկեղով ավելի հաճախ հիվանդանում են տարիքն առած կանայք, իսկ արգանդի պարանոցի քաղցկեղից ավելի հաճախ մահանում են երիտասարդները: Եվ եթե հաշվենք երիտասարդ կանանց կյանքի կորցրած տարիները, ապա դրանք ավելի շատ են արգանդի պարանոցի քաղցկեղի, այլ ոչ թե կրծքագեղձի քաղցկեղի պատճառով», – պատմեց նա` հավելելով, որ Ռուսաստանում մինչեւ 45 տարեկան կանանց մոտ արգանդի պարանոցի քաղցկեղից մահացությունն այժմ առաջին տեղում է` գերազանցելով բոլոր մնացյալ պատճառները, նույնիսկ կրծքագեղձի քաղցկեղը:
«Դա պատահեց տառացիորեն վերջին տարիներին` վերջին 20 տարվա ընթացքում, եւ կապված է ՄՊՎ տարածման հետ: Խոսքը վերաբերում է նաեւ քթըմպանի, բերանի խոռոչի, արտաքին սեռական օրգանների եւ հետանցքի ուռուցքներին: Մենք դրան ուշադրություն չէինք դարձնում, բայց այժմ վերլուծեցինք, տեսանք եւ փորձում ենք հիմա Ռուսաստանում ուշադրությունն առավելագույնս սեւեռել այդ խնդրի վրա, որովհետեւ եթե այժմ քայլեր չձեռնարկենք, ապա մոտակա ժամանակներս լուրջ սոցիալական խնդիր կունենանք», – ասաց Անտոն Բարչուկը:
Սկրինի՞նգ, թե՞ պատվաստում: Ինչո՞ւ է պետք պատվաստումը, եթե ՄՊՎ-ով վարակվածների միայն 10%-ի մոտ կարող է քաղցկեղ առաջանալ:
«Լավագույն տարբերակը միասինն է, այլ ոչ թե փոխարեն: Դրանք երկու միմյանց լրացնող առողջապահական ծրագրեր են, որոնք միատեղ կիրառման դեպքում կարող են լիովին էլիմինացնել արգանդի պարանոցի քաղցկեղը», – համարում է ռուսաստանցի ուռուցքաբանը:
Ըստ նրա` համարյա բոլոր կանայք սեռական կյանքը սկսելուց հետո վարակվում են ՄՊՎ-ով, ինչը հայտնի փաստ է: Արգանդի պարանոցի քաղցկեղին է հանգեցնում վիրուսի պերսիստենցիան, այսինքն, երբ այն ինչ-ինչ պատճառներով օրգանիզմից դուրս չի գալիս:
«Ինքնին ՄՊՎ-ով վարակվելու փաստը դեռեւս 100 տոկոսով չի նշանակում, թե քաղցկեղ կլինի: Բայց փաստ է, որ արգանդի պարանոցի բոլոր ուռուցքները կապված են ՄՊՎ-ի հետ. եթե չլիներ ՄՊՎ-ն, ապա, ըստ էության, չէր լինի նաեւ արգանդի պարանոցի քաղցկեղը: Այդ իսկ պատճառով մենք այժմ ջանում ենք էլիմինացնել մարդու պապիլոմավիրուսը: Եվ սա մարդու առողջության հետ կապված գլոբալ խնդիրներից մեկն է», – ասաց նա:
Անտոն Բարչուկը նշեց, որ Ռուսաստանում, ինչպես եւ Հայաստանում, խոսակցություններ կան այն մասին, թե պետք է լավ սկրինինգ կազմակերպել, եւ այդժամ պատվաստման կարիք չի լինի:
«Այո, մենք միջոցներ եւ ռեսուրսներ ենք ներդնում պատվաստման մեջ եւ էլիմինացնում ենք ոչ ամենատարածված ուռուցքներից լոկ մի քանիսը: Արգանդի պարանոցի քաղցկեղը դրանցից ամենահաճախակի հանդիպողն է: Դա իրոք այդպես է, որը, սակայն, միանգամայն բնորոշ է առողջապահության ցանկացած մեթոդի` լինի սկրինինգ, պատվաստում, թե ցանկացած կանխարգելում` առաջնային կամ երկրորդական: Մենք պետք է լուրջ միջոցներ ծախսենք մեկ կոնկրետ հիվանդություն կանխարգելելու համար, եւ դա վերաբերում է նաեւ սկրինինգին», – ասաց նա` հավելելով, որ ճշգրիտ, արդյունավետ սկրինինգ կազմակերպելը շատ ավելի բարդ եւ ծախսատար է, քան պատվաստում իրականացնելը:
«Ի՞նչն է պատվաստման առավելությունը: Պատվաստումը կանխում է խնդիրը. չկա ՄՊՎ, չկա եւ հիվանդություն, իսկ սկրինինգը հիվանդության հայտնաբերումն է վաղ փուլերում, ընդ որում` կանայք ստիպված են լինում անդուր միջամտությունների ենթարկվել, կյանքի որակը վատանում է, իսկ պատվաստումը կյանքի որակը չի վատացնում», – նկատեց նա:
Անտոն Բարչուկը հիշեցրեց, որ միայն որոշ երկրներում է հաջողվել արդյունավետ սկրինինգային ծրագրեր ներմուծել արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելման համար: Մասնավորապես, այդպիսի ծրագիր գործում է Ֆինլանդիայում, եւ այն ներդրվել է դեռ այն ժամանակ, երբ ՄՊՎ-ի դեմ պատվաստանյութերը չէին ստեղծվել:
«Այդ ծրագիրը մշտապես իրականացնելու համար մեծ ռեսուրսներ են ներդնում: Եվ որքան էլ պարադոքսալ է, պատվաստման ծրագիրը առաջինը գործարկեցին հատկապես այն երկրներում, որտեղ որակյալ սկրինինգ է կիրառվում, որովհետեւ նրանք տեսնում են, որ այդպիսով վարակը վերահսկելը, առավել եւս` երիտասարդ տարիքում, ավելի հեշտ է», – ասաց նա:
«Գարդասիլային վախերը»
Անպտղություն
Հայաստանն, ըստ Անտոն Բարչուկի, այդ հարցում բացառություն չէ: Գարդասիլի մասին «սարսափները», դավադրությունների տարատեսակ տեսությունները տարածվում են ե՛ւ Ռուսաստանում, ե՛ւ մյուս հետսովետական երկրներում, ասիական երկրներում, ե՛ւ նույնիսկ ԱՄՆ-ում: Ինչո՞ւ է դա տեղի ունենում` մասնագետը դժվարանում է ասել:
Ըստ փորձագետի` ներկայումս աշխարհում պատվաստված է մարդկանց հսկայական մի զանգված, եւ որեւէ ապացույց չկա, որ ՄՊՎ-ի դեմ պատվաստումները լուրջ կողմնակի ազդեցություններ են հարուցում: Ինչ վերաբերում է ներդիրում նշված կամ ամերիկյան VAERS համակարգում գրանցված բարդություններին, ապա բժիշկը հիշեցրեց, որ ներդիրներում եւ այդ համակարգում ֆիքսվում են բոլոր կողմնակի երեւույթները, որոնք առաջացել են պատվաստված մարդկանց մոտ` անկախ այն բանից, թե պատվաստումն իրոք դրա պատճառն է, թե ոչ:
«Դա վկայում է այն, որ արտադրողներն անկեղծ են. նրանք չեն փորձում թաքցնել լուրջ հիվանդությունները, որոնք առաջացել են պատվաստվածների մոտ: Բայց կարեւոր է հասկանալ` եթե դրանք ծագել են պատվաստված մարդկանց մոտ, դա չի նշանակում, որ դրանք առաջացել են հենց պատվաստումից: Դրանք շատ դեպքերում առաջանում են այլ պատճառներից: Դա, չգիտես ինչու, շատ մարդկանց վախեցնում է, բայց նաեւ, ընդհակառակը, վկայում է համակարգի թափանցիկության մասին, այն մասին, որ ոչ մի դավադրություն էլ չկա, եւ ոչ մեկը ոչինչ չի փորձում թաքցնել», – ասաց նա:
Պատվաստանյութը խթանում է ուռուցքի աճը, եթե այն արդեն կա:
«Հաստատ ո՛չ: Պատվաստանյութն ընդհանրապես ոչ մի կապ չունի քաղցկեղի զարգացման հետ: Ըստ հետազոտությունների տվյալների` եթե վիրուսն արդեն կա օրգանիզմում, վատագույն դեպքում պատվաստանյութը չի օգնում, իսկ լավագույն դեպքում քիչ է օգնում», – ասաց Անտոն Բարչուկը:
Ըստ նրա` պատվաստանյութն այնպես է կառուցված, որ այն չի թույլատրում վիրուսին մտնել օրգանիզմ, բայց չի կարող որեւէ բան անել վիրուսի հետ, որն արդեն օրգանիզմում է: «Կան տվյալներ, որ այն կանանց մոտ, որոնց մոտ ՄՊՎ-ն եղել է, բայց հետո վերացել է, պատվաստանյութը կանխարգելում է հետագա վարակումը: Կան ՄՊՎ-ի շատ շճատիպեր, եւ պատվաստանյութը գործում է որոշակի շճատիպերի դեմ, եւ եթե մարդը ՄՊՎ-ի այլ տեսակ է ունեցել, ոչ այն, որի դեմ պայքարում է պատվաստանյութը, ապա այդժամ պատվաստանյութը կօգնի: Բայց, ընդհանուր առմամբ, սեռական կյանք վարող կանանց պատվաստման արդյունավետությունը շատ ավելի ցածր է, քան մինչեւ սեռական կյանքի սկիզբը: Այդ պատճառով սկրինինգը ոչ մի դեպքում չի կարելի չեղարկել: Դա պետք է մնա այն կանանց համար, որոնք արդեն ՄՊՎ-ի հետ շփում ունեցել են», – ասաց նա:
Ըստ մասնագետի` պատվաստանյութի անվտանգությունն ապացուցելու միակ միջոցը մշտադիտարկումն է եւ մեծ կոհորտային հետազոտությունները: «Տվյալ պահին ՄՊՎ-ի դեմ պատվաստանյութի կապակցությամբ որեւէ վախեցնող բան չկա: Դա աշխարհում ամենաանվտանգ պատվաստանյութերից մեկն է», – ամփոփեց Անտոն Բարչուկը:




Լրահոս