«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԵԽ-ի եւ ՄԻԵԴ-ի ներկայացուցիչները վերջերս հանդիպում են ունեցել հայաստանցի մի քանի դատավորի հետ: Քննարկումները հիմնականում վերաբերել են դատական համակարգի խնդիրներին, բացթողումներին եւ արդար դատաքննությանն առնչվող նման այլ հարցերի: Միաժամանակ, ՄԻԵԴ ներկայացուցիչները հստակ ուղերձ են հղել դատավորներին՝ ասելով, որ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ-ի նկատմամբ ԵԽ-ի եւ ՄԻԵԴ-ի վերաբերմունքը չի փոխվել, ու իրենք նույն անաչառությամբ շարունակելու են հետեւել ՀՀ-ի դեմ ներկայացված հայցերում համապատասխան ընթացակարգերի ու օրենքների պահպանմանը` անկախ նրանից, թե ով է լինելու հայցվորը: Ասել է թե` եվրոպացիները հստակ հասկացրել են՝ իրենց չի հետաքրքրում թավշյա հեղափոխությունից հետո ինչ որոշում կկայացնի դատական համակարգը, ում կկալանավորի ու չի կալանավորի, միեւնույն է, իրենք հետեւելու են օրենքի տառի պահպանմանը: Սա, իհարկե, հետեւությունների տեղիք պետք է տա, որպեսզի կայացված որոշումները հետագայում շուռ չգան ՀՀ-ի դեմ: Եւ հուսանք` դատական համակարգը սրանից հետեւություններ կանի, քանի որ այս օրերին ՄԻԵԴ-ում իրար են հաջորդում մարտի 1-ի գործով որոշումները. Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ շինծու մեղադրանքներով դատական գործերի հետեւանքը եղավ այն, որ մարդիկ դիմեցին ՄԻԵԴ եւ հիմա հերթով հաղթում են: Պարզապես ժամանակին քաղաքական գործընթացների ընթացքում որպես մահակ ծառայած դատավորների փոխարեն պատասխան է տալիս կառավարությունը՝ պետական բյուջեից որպես փոխհատուցում մեծ գումարներ տրամադրելով քաղաքացիներին:
ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը երեկ հրապարակել է կառավարության կառուցվածքի մասին փոփոխությունների նախագիծը: Այն, իհարկե, դեռ վերջնական տեսքի չի բերվել, այլ քննարկվում է նախարարությունների ներսում: Մինչ այդ, սակայն, հետաքրքիր է փաստը, որ 2019 թվականի պետական բյուջեի նախագծով օպտիմալացվող նախարարություններին մեծ գումարներ են հատկացվել։ Օրինակ՝ ՀՀ մշակույթի նախարարությանը հատկացվել է 15 մլրդ դրամից մի փոքր ավելի գումար, Գյուղատնտեսության նախարարությանը՝ 16 մլրդ 85 մլն դրամ, Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությանը՝ 47 մլրդ 947 մլն դրամ, Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը՝ 45 միլիարդ 197 միլիոն դրամ։ Ամենաքիչ գումարը ստացած է եղել Սփյուռքի նախարարությունը՝ 1 մլրդ 148 մլն դրամ, որն էլ առհասարակ լուծարվում է։ Ու հիմա այդ գումարների մի մասը տնտեսվելու է կադրային կրճատումների պատճառով:
Ուրբաթ օրը, դատարանի որոշմամբ, փոխվել է ԱԺ պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը՝ կալանքը, եւ նա 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել: Որպես պաշտոնական պատճառ` նշված է նրա առողջական վիճակը. դատարան են ներկայացվել բժշկական փաստաթղթերը, որոնց համաձայն՝ Մ. Գրիգորյանի առողջական վիճակը անհամատեղելի էր նրան կալանքի տակ պահելու հետ: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Գրիգորյանին ազատ արձակելը եւս մեկ հանգամանքի հետ է կապված. նրա դեմ հարուցված քրեական գործով նախաքննությունը արդեն մոտեցել է ավարտին, եւ առաջիկայում նախաքննական մարմինն այն կուղարկի դատարան: Մինչ այդ տեղեկացնենք, որ դատախազությունը վերաքննիչ դատարանում բողոքարկել է Գրիգորյանին ազատ արձակելու՝ առաջին ատյանի դատարանի որոշումը: Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի մեկնաբանմամբ՝ Գրիգորյանը կխոչընդոտի նախաքննության իրականացմանը, բայց հաշվի առնելով փաստը, որ նախաքննությունը գրեթե ավարտվել է` այս պնդումը հիմնավոր չէ: Լավագույն դեպքում նա կարող է որոշակի ազդեցություն ունենալ դատավարության մասնակիցների՝ վկաների վրա, բայց այս ողջ աղմուկից հետո հազիվ թե Գրիգորյանը նման փորձեր անի:
ՀՀ կառավարությունում հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել: ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանի շրջապատի ներկայացուցիչները գրոհ են սկսել ՀՀ Կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի ներկայացրած կադրերի դեմ: Մասնավորապես, ԿԳՆ-ն առաջարկել է անունների ցանկ, որոնք պետք է փոխարինեն ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի անդամներին՝ Հրանուշ Հակոբյանին, Արա Բաբլոյանին եւ այլոց: ԿԳՆ ցանկից բժշկական համալսարանում ուրախությամբ են ընդունել հատկապես համալսարանի հիմնադիր, բժիշկ-երգահան Վահան Արծրունու թեկնածությունը՝ որպես խորհրդի արժանի նախագահ: Սակայն այս ինքնուրույն հանդգնությունը դուր չի գալիս Արսեն Թորոսյանին, որի թիմակիցները անգամ վիրավորական արտահայտություններով մերժում են Վահան Արծրունուն: Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է բուհերը պաշտոնյաներից ու կուսակցություններից հեռու պահելու եւ ապաքաղաքական լինելու հրամայականի մասին: Սակայն նրա խոսքը երիտասարդների համար, կարծես թե, այնքան էլ ընկալելի չէ:
ՍԱՀՄԱՆԱԳԻԾ
Ամանորի կապակցությամբ գործարար համայնքի ներկայացուցիչների համար կազմակերպված ընդունելության ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթում երկու ուղերձ, այնուամենայնիվ, խիստ կարեւոր էին: «Կարող եմ արձանագրել, որ ՀՀ կառավարության վերնախավում ներգրավված մարդիկ չունեն եւ չեն ունենալու խմբային, անձնային տնտեսական հետաքրքրություններ, ինչը նշանակում է, որ մեր հիմնական խնդիրը լինելու է ընդհանրապես տնտեսության եւ դրանում ներգրավված ընկերությունների հաջողությունը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Բացի այդ` նա շեշտել է. «Ուզում ենք նաեւ ձեզ հավաստիացնել, որ այդ հարկերն առավել արդյունավետ եւ նպատակային ծախսելու արդյունավետությունը պիտի դառնա մեր հիմնական առաջնահերթություններից մեկը…կրկին ուզում եմ ընդգծել, որ ՀՀ-ում տնտեսվարողները եւ, ընդհանրապես, որեւէ ընկերություն ազատված է որեւէ տեսակի կոռուպցիոն պարտավորությունից»:
Եթե նախկինում հետեւել եք, ո՛չ Ռոբերտ Քոչարյանը, ո՛չ Սերժ Սարգսյանը նման հավաստիացումներ չեն տվել: Սա մեկ պարզ պատճառով. իշխանության ղեկին կանգնած անձինք, նրանց մերձավորները, ընտանիքի անդամները հստակ տնտեսական հետաքրքրություններ են ունեցել Հայաստանում: Երկրի տնտեսությունը տարիներ շարունակ հստակ քվոտավորված ու բաժանված էր մի խումբ անձանց ձեռքին: ՈՒ հենց դա եղավ պատճառը, որ Հայաստանում շատ արագ դուրս մղվեց միջին խավը, երկրի հարստությունը կուտակվեց մի խումբ անձանց ձեռքում, իսկ հանրության մի ստվար զանգված ստիպված էր գոյատեւել աղքատության ճիրաններում: Հենց դա եղավ պատճառը, որ բիզնեսն ու քաղաքականությունը պարզապես տարրալուծվեցին, ու ինչ-որ պահից բիզնեսը եղավ քաղաքականության մեջ թելադրողը: Ավելի ուշ, երբ Հայաստանը փորձեց եվրաինտեգրացիայի ուղին բռնել, ՍերԺ Սարգսյանը փորձում էր հավաստիացնել, որ իր ղեկավարած կուսակցության ցուցակում գործարարներն այլեւս չեն ընդգրկվելու, որպեսզի տարանջատվի բիզնեսն ու քաղաքականությունը: Բայց այդ հայտարարություններին զուգահեռ գործարարներն առաջադրվեցին մեծամասնական, այնուհետեւ ռեյտինգային ընտրակարգով` ընտրվելուց հետո համալրելով ՀՀԿ խմբակցության շարքերը:
Մինչդեռ հիմա հստակ գիծ քաշելով բիզնեսի ու քաղաքականության մեջ, հայտարարելով որ կառավարության վերնախավում ընդգրկված անձինք չունեն եւ չեն ունենա տնտեսական հետաքրքրություններ` Փաշինյանի իշխանությունը հնարավորություն է ստեղծում իսկապես ազատ գործելու:
Նույն շարքից է Փաշինյանի հավաստիացումները, թե հարկերը նպատակային ու արդյունավետ կծախսվեն: Հիշում եք նախորդ իշխանությունների օրոք կոռուպցիայի մակարդակը: