Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ, ԱԺ պատգամավոր ընտրված Անի Սամսոնյանի փոխանցմամբ` Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին ներկայացրել է մի քանի առաջարկներ 2019 թվականի Երեւան քաղաքի զարգացման ծրագրում եւ բյուջեում ներառելու համար: Աջափնյակ վարչական շրջանի Արզումանյան h. 10 շենքի 1-ին, 2-րդ մուտքերի վերկանգնման-ամրացման աշխատանքների իրականացման առաջարկն ընդունվել է: Գյուղատնտեսական մթերքների իրացման նոր շուկայի ստեղծման առաջարկը նույնպես ընդունվել է: Ընդունվել են այս եւ մի քանի այլ առաջարկներ: Ա. Սամսոնյանը դիմել է նաեւ Կենտրոն վարչական շրջանի Ծիծեռնակաբերդի խճուղի 1/3 հասցեում բակի բարեկարգման, մասնավորապես` նստարանների եւ խաղահրապարակի տեղադրման հարցով, որը չի ընդունվել, քանի որ Ծիծեռնակաբերդի խճուղի 1/3 հասցեն չունի բակային տարածք, եւ կառուցված են ավտոտնակներ: «Հետեւողական եմ լինելու խոստացված աշխատանքների ամբողջ ընթացքին»,-նշել է նա:
ԷԼԵԿՏՐԱՇՈԿՈՎ ԱՀԱԲԵԿԵԼ Է
Երեւանի Թումանյան փողոցում գտնվող «Մելլաթ» բանկ է մուտք գործել մի երիտասարդ, պարսկերենով ինչ-որ պահանջներ ներկայացրել, դանակով ու էլեկտրաշոկով ահաբեկել է, այնուհետեւ սկսել էլեկտրաշոկը կիրառել: Բանկում ծառայություն իրականացնող ոստիկանության ՊՊԳՎ ծառայողները վնասազերծել են նրան եւ փոխանցել ոստիկանության Կենտրոնականի բաժին: Պարզվել է, որ բերման ենթարկվածը ԻԻՀ քաղաքացի, 1982թ. ծնված Մորտեզա Գհորբան Ջոշոառն է, որը էլեկտրաշոկի սպառնալիքով բանկի աշխատակիցներից գումար է պահանջել: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Մորտեզա Գհորբան Ջոշոառը ձերբակալված է:
ՄԱՀԱՑԵԼ Է
Դեկտեմբերի 20-ին Հանրապետության հրապարակում ինքնահրկիզված կինը երեկ Երեւանի այրվածքաբանական կենտրոնում մահացել է: Հիշեցնենք, որ կինը Կոտայքի մարզի բնակիչ, 86-ամյա Ռ. Գ.-ն էր, որն ինքնահրկիզման միջոցով փորձել էր ինքնասպան լինել: Ըստ ոստիկանության` նա այդպես էլ գիտակցության չի եկել եւ մահացել է: Նա գիտակցության չի եկել եւ հաղորդում, հայտարարություն չի արել:
ԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾ Է
«ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն» անցման կետի ծանրաբեռնվածության պատճառով խցանումներից եւ ժամանակի անհարկի կորստից խուսափելու նպատակով ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը խորհուրդ են տալիս մարդատար եւ բեռնատար ավտոմեքենաներով ՀՀ-ից դեպի Վրաստան եւ հակառակ ուղղությամբ մուտք ու ելք կատարել պետական սահմանի նաեւ «Բավրա», «Գոգավան» անցման կետերով»: