Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 21-ին ավարտվել է ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները բողոքարկելու համար սահմանված ժամկետը: Մասնակից քաղաքական ուժերից ոչ մեկը չի դիմել Սահմանադրական դատարան արտահերթ ընտրությունների արդյունքները վիճարկելու նպատակով։
Եվ քանի որ բողոքարկումների մասին դիմումներ չկան, ապա համաձայն ընթացակարգի` Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նիստ կգումարի եւ ԱԺ-ն կազմավորված կճանաչի: Այժմ կուսակցություններին տրամադրվում է որոշակի ողջամիտ ժամկետ, որպեսզի եթե կան ինքնաբացարկներ, ներկայացնեն դրանք, այնուհետեւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հնարավոր ինքնաբացարկների հետ կապված կկայացնի համապատասխան որոշումներ, կկազմի արձանագրություն մանդատներ տրամադրելու մասին եւ, բնականաբար, կհայտարարվի նաեւ ԱԺ առաջին նիստի օրը: Ըստ այդմ, այս պահի դրությամբ ինքնաբացարկներ հայտնելու վերջնաժամկետը դեկտեմբերի 28-ն է:
Անցած կիրակի՝ դեկտերմբերի 15-ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփեց դեկտեմբերի 9-ին խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքներն ու բաշխեց պատգամավորական մատդատները։ Ըստ այդմ, 7-րդ գումարման Ազգային ժողովը կունենա 132 պատգամավոր։ Անցողիկ շեմը հաղթահարած երեք կուսակցությունները մանդատները կկիսեն հետեւյալ կերպ՝ «Իմ քայլը» դաշինքը ստանում է 88 մանդատ, «Բարգավաճ Հայաստան»-ը՝ 26, «Լուսավոր Հայաստան»-ը՝ 18 մանդատ։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե այս պահի դրությամբ ինքնաբացարկի մասին դիմումներ չկան: «Առաջարկել ենք, որ այդ ժամկետներում ներկայացնեն ինքնաբացարկները: Որպես այդպիսին, վերջնաժամկետ չի սահմանվում, որովհետեւ նիստից րոպեներ առաջ էլ կարող է անձը ներկայանալ եւ ինքնաբացարկ հատնել», – նշեց նա:
Միաժամանակ ԿԸՀ նախագահը հստակ չի նշում, թե երբ է տեղի ունենալու 7-րդ գումարման Ազգային ժողովի նիստը: Սակայն արդեն հստակ է, որ նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը տեղի կունենա հունվարի 14-ին: Այդպիսի ժամկետ է սահմանվել նաեւ` հաշվի առնելով առաջիկա տոների կապակցությամբ ոչ աշխատանքային օրերը, որպեսզի հնարավոր լինի ամեն ինչ կազմակերպել մինչ այդ ժամկետը:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Լուսավոր Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Անի Սամսոնյանը նշեց, թե կուսակցության թեկնածուների կողմից ինքնաբացարկներ չկան, եւ այն մարդիկ, ում մանդատ է հասնում, կվերցնեն դրանք, իրենց գործունեությունը կշարունակեն խորհրդարանում:
Հետաքրքիր է, որ այս անգամ ինքնաբացարկի մասին դիմումներ չկան եւ չեն լինելու նաեւ ԲՀԿ-ի կողմից: Ոչ մեկ անգամ գրել ենք այն մասին, որ մշտապես ընտրություններից առաջ թեկնածուները մանդատներից հրաժարվելու մասին դիմումներ են գրել, եւ ընտրություններից հետո կուսակցությունների վերնախավերն են որոշել` ով կգնա խորհրդարան, ով` ոչ: Սակայն այս անգամ ԲՀԿ-ի թեկնածուները նման դիմումներ գրած չեն եղել եւ մանդատից հրաժարվողներ եւս չեն լինի. ովքեր մանդատ են ստացել, գնալու են խորհրդարան։
Եվ այս պարագայում հետաքրքիր է, թե ովքեր ինքնաբացարկի դիմումներ կներկայացնեն «Իմ քայլը» դաշինքից: Արդեն հայտնի է, որ կառավարության կառուցվածքային փոփոխությունների արդյունքում օպտիմալացված նախարարությունների ղեկավարները` Լիլիթ Մակունցը, Մխիթար Հայրապետյանը եւ այլք, կգործուղվեն խորհրդարան, մարզպետները եւ կառավարության կազմում ներգրավված թեկնածուների մեծ մասն էլ կվերադառնան իրենց աշխատանքին: Չնայած ցուցակը գրեթե պատրաստ է, սակայն այս պահի դրությամբ ինքնաբացարկներ դեռեւս չկան: Հաշվի առնելով նախկին ընտրությունների փորձերը` ինքնաբացարկի մասին դիմումներ թերեւս կլինեն հենց վերջին օրը` դեկտեմբերի 28-ին: Սակայն չմոռանանք, որ պատգամավորները եւ պատգամավորների թեկնածուները մանդատից հրաժարվելու մասին դիմումներ կարող են ներկայացնել ցանկացած պահի:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս պահի դրությամբ հայտնի է, որ ինքնաբացարկի դիմումներ կներկայացնեն ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը, Կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը, Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը եւ բոլոր մարզպետները: Հայտնի է նաեւ, որ Տիգրան Ավինյանը կմնա փոխվարչապետ, իսկ Արարատ Միրզոյանի՝ պատգամավորի թեկնածուների թիմը, ովքեր անցողիկ տեղերում էին, նրա հետ կգործուղվեն խորհրդարան:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՊԱՏՐԱՍՏ ԵՆ
«Իմ քայլը» խմբակցությունում բացի ցուցակ կազմելուց բաշխում են նաեւ աշխատասենյակները: Ըստ այդմ, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին բաժին կհասնի Էդուարդ Շարմազանովի, իսկ Լենա Նազարյանին էլ` Արփինե Հովհաննիսյանի նախկին աշխատասենյակները: ԲՀԿ-ական փոխնախագահ Միքայել Մելքումյանի աշխատասենյակը «Իմ քայլ»-ի կողմից ոչ մեկ չի զբաղեցնի, եւ որոշում է կայացվել դա թողնել հենց հաջորդ ԲՀԿ-ական փոխնախագահին: Ի դեպ, ԱԺ փոխնախագահի թեկածուի հարցում ԲՀԿ-ն դեռ վերջնական որոշում չի կայացրել: Այս պահին նաեւ որոշված է, որ «Իմ քայլը» դաշինքի պատգամավորների աշխատասենյակները կլինեն ԱԺ դահլիճի կողքերին` հիմնականում վերանորոգված եւ լավ պահպանված աշխատասենյակները: Սակայն դեռ որոշված չէ, թե որ պատգամավորը որ աշխատասենյակն է զաղեցնելու: Հայտնի է, որ այս գործընթացը նախկինում միշտ դժգոհությունների առիթ է հանդիսացել, թե ում լավ աշխատասենյակ բաժին կհասնի: Եվ այս ամենից խուսափելու համար «Իմ քայլը» խմբակցությունը որոշել է վիճակահանության միջոցով կարգավորել հարցը:
ՍՊԱՍՈՒՄ ԵՆ
Նոր ձեւավորվելիք խորհրդարանը պատրաստվում է նաեւ կադրային փոփոխություններ կատարել: Խոսքը այն մասին է, երբ պաշտոնյաների ընտրությունը եւ հետկանչումը կատարվում է Ազգային ժողովի կողմից: Ըստ այդմ` «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները չեն բացառում, որ նոր խորհրդարանը բարձրացնի ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ետ կանչելու հարցը: Իսկ մինչ այդ իշխանությունները սպասում են մարտի 1-ի քրեական գործին, որի շրջանակներում սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվում է Ռոբերտ Քոչարյանը: Մասնավորապես, եթե ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ձախողի Ռոբերտ Քոչարյանի քրեական գործի ընթացքը, ապա նրա ազատման հարցը կլինի նոր խորհրդարանի օրակարգում:
ԱՐԳԵԼՈՒՄ ԵՆ
Մի շարք համայնքներ հերթով որոշումներ են կայացնում իրենց համայնքում մետաղական հանքարդյունաբերությունն արգելելու մասին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ավագանին դեկտեմբերի 18-ին հավանություն է տվել ջերմուկցիների` դեկտեմբերի 5-ին համայնքի ավագանուն ներկայացրած Ջերմուկը էկո-տնտեսական տարածք դարձնելու եւ համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու վերաբերյալ կոլկտիվ հանրագրում նշված առաջարկությանը: Նշենք, որ ավելի քան 5 ամիս է՝ Ջերմուկի բնակիչները բնապահպանների հետ փակ են պահում դեպի Ամուլսար լեռ տանող ճանապարհը` խոչընդոտելով «Լիդիան Արմենիա» ընկերության շինարարական աշխատանքների իրականացումը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մինչ այս Նոյեմբերյանի համայնքի ավագանին էր որոշում կայացրել համայնքի տարածքում երկրաբանական եւ մետաղական հանքերի շահագործման աշխատանքները արգելելու մասին:
ԴԵՌ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ
«ՌԻԱ Նովոստի» ռուսաստանյան լրատվական գործակալության փոխանցմամբ` ՀԱՊԿ քարտուղարության մամլո ծառայության ղեկավար Վլադիմիր Զայնետդինովն ասել է, որ ՀԱԿՊ գլխավոր քարտուղարի թեկնածուի համաձայնեցումը դեռ շարունակվում է: «Գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասի թեկնածությունը համաձայնեցնելու գործընթացը կազմակերպվել է ՀԱՊԿ յուրաքանչյուր անդամ-երկրի ղեկավարի հետ նրա անձնական հանդիպումների միջոցով: Դեկտեմբերի 12-ից 20-ը Զասը հանդիպել է Ղրղըզստանի, Ղազախստանի, Տաջիկստանի, Բելառուսի եւ Ռուսաստանի նախագահների հետ, ովքեր իրենց աջակցությունն են հայտնել թեկնածուին: Հանդիպումը Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի հետ հետաձգվել է եւ տեղի կունենա ավելի ուշ»,- ասել է Զայնետդինովը:
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Երեւանի ավագանին հաստատել է Երեւան համայնքում տեղական տուրքերի 2019թ. դրույքաչափերը սահմանելու մասին Երեւանի ավագանու որոշման նախագիծը: Փոփոխության են ենթարկվել Երեւանում ոչ հիմնական շենք-շինությունների համար տուրքերը: Փոփոխության են ենթարկվել նաեւ Երեւանի վարչական տարածքում հեղուկ վառելիքի, սեղմված բնական եւ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվության համար տուրքերը` օրացուցային տարվա համար սահմանվել է 600 հազար դրամ նախկին 350 հազար դրամի փոխարեն: Փոփոխության են ենթարկվել նաեւ Երեւանի վարչական տարածքում առեւտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի, վիճակախաղերի կազմակերպման օբյեկտների, խաղատների, բաղնիք-սաունաների` ժամը 24:00-ից աշխատելու համար տեղական տուրքերը: Նախքան նախագծի քննարկումը Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը նշել է, որ նախագծով որոշ տուրքեր Երեւան քաղաքում բարձրանում են:
ՉԻ ԸՆԴԳՐԿՎԵԼ
Մանվել Գրիգորյանին Արմավիր քաղաքի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու հարցը չի ընդգրկվել Արմավիրի ավագանու դեկտեմբերի 25-ի նիստի օրակարգ: Հիշեցնենք, որ բազմաթիվ արմավիրցիներ նախօրեին նախաձեռնությամբ էին հանդես եկել, որ Արմավիրի ավագանու դեկտեմբերի 25-ի արտահերթ նիստում կքննարկվի Մ. Գրիգորյանին Արմավիրի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու հարցը: «Քաղաքացիները դիմել էին ստորագրություններով հարցը օրակարգում ներառելու համար: Ավագանու կազմում քննարկում եղավ, եւ անդամները նպատակահարմար համարեցին, որ հարցն այս պահին օրակարգում չներառենք եւ թողնենք հերթական նիստի օրակարգում քննարկելու համար»,- ասել է Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը:
ԱՐՏԱԿԱՐԳ ՌԵԺԻՄՈՎ
Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ «Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով: Մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ: Միայն դեկտեմբերի 31-ին աշխատանքները կսկսվեն 07:00-ից եւ կավարտվեն 2019թ. հունվարի 1-ին՝ ժամը 02:00-ին: