2017 հոկտեմբերի 10-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարություն էր տարածել այն մասին, որ ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունը 2017թ. 2-րդ կիսամյակի աշխատանքային ծրագրի շրջանակում ՀՀ ԶԿԴ պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից ուսումնասիրել էր ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի կադրային համալրվածության եւ դրանում պետական շահերի պաշտպանության վիճակը:
Արդյունքում պարզվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական եւ ՀՀ ՊՆ համապատասխան զորամասի պաշտոնատար անձինք, չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը, մասնագիտական գործունեության եւ շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիր չունեցող, նույն վարչության արտահաստիքային կոնսուլտանտ Տ.Թ.-ին նույն զորամասում հատկացրել են համապատասխան աշխատասենյակ եւ ներգրավել զինվորական հոսպիտալ դիմած անձանց անմիջական բժշկական օգնություն տրամադրելու գործընթացում:
Վերջինս էլ, ըստ այդ հաղորդագրության, խախտելով «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքի դրույթները, 2015-2017 թվականների ընթացքում մանկաբարձական եւ գինեկոլոգիական ծառայություններ մատուցելու համապատասխան լիցենզիա չունեցող զորամասի կնախտաբանական բաժանմունքում բազմիցս կատարել է ապօրինի աբորտ (հղիության արհեստական ընդհատում):
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերով քննության վարչությունում, քննվող գործերի բաժնի պետի որոշմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 122-րդ հոդվածի 2-րդ մասով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությանը:
Լուրեր կան, որ ՊՆ-ում առաջ է քաշվել վարկածը, թե կին դատախազներից մեկը գինեկոլոգ Տ.Թ-ի հետ խնդիրներ է ունեցել եւ նրա գործունեության մասով սկսել է ստուգումներ իրականացնել, որից հետո էլ հարուցվել է քրեական գործ: Ասվել է, թե դատախազը «ցանկացել է վրեժ լուծել» գինեկոլոգից, ինչի արդյունքում հարվածի տակ են հայտնվել ՊՆ մի շարք աշխատողներ:
Արդյոք դատախազությունը տրվել է կանանց «ռազբորկաներին»: «Ժողովուրդ»-ը ստեղծված իրավիճակի մասով մեկնաբանություն ստանալու համար դիմեց ՀՀ գլխավոր դատախազություն: Ի պատասխան՝ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնել էր. «Այդ տեղեկատվությունն իրականությանը բացարձակ չի համապատասխանում եւ ակնհայտորեն բամբասանքի ժանրից է… անկախ նրանից՝ ով ինչ է կարծում, քրեական գործը հարուցվել է կոնկրետ փաստական տվյալների հիման վրա, եղել է քրեական գործ հարուցելու օրինական հիմք եւ առիթ, եւ նախաքննության նկատմամբ իրականացվում է պատշաճ դատախազական հսկողություն: Այս իմաստով ուղղակի անհեթեթ է դեպքի հայտնաբերումն ու քրգործի հարուցումը տեղափոխել անձնական շահագրգռությունների կամ քինախնդրության դաշտ»:
Եվ, ահա, աղմկահարույց այս քրեական գործով «Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել, մասնավորապես` գործով հարցաքննության են հրավիրվել ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի աշխատակիցները, որոնք իրենց ցուցմունքներում նշել են, թե հոսպիտալում «ապօրինի աբորտի» դեպք չի արձանագրվել, այլ կին դատախազներից մեկը իրենց հետ խնդիր ունի եւ փորձել է իրենց դեմ քրեական գործ սարքել: Ավելին, վերջիններս նախաքննական մարմնին պատմել են, որ դատախազ Զարուհի Խորասանյանը հոսպիտալի աշխատակիցներից պահանջել է իր մտնելու ժամանակ ոտքի կանգնել: Երբ բժիշկները հարցրել են` ինչո՞ւ, նա ասել է, որ ինքը դատախազ է: Իսկ ահա բժիշկներն էլ հակադարձել են նրան` նշելով, որ իրենք էլ բժիշկ են:
Մեզ նաեւ հայտնի դարձավ, որ որոշ ժամանակ անց դատախազությունը ՀՀ զինվորական քննչական բաժնին հրահանգել է, որ գինեկոլոգ Տ.Թ-ին մեղադրանք առաջադրի, սակայն քննիչները ասել են, որ չեն կարող, քանի որ անհիմն կլինի նրան մեղադրանք առաջադրել:
Ինչեւէ, շուրջ մեկ տարի տեւած քննությունից հետո «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս քրեական գործը կարճվել է: Ըստ էության, ստացվեց այն, որ դատախազությունն ինչ-որ պահի տրվել է կանանց «ռազբորկաների»: Իսկ ո՞վ պետք է պատասխան տա պետությանը միջոցների վատման համար, ի վերջո, շուրջ մեկ տարի նախաքննական մարմինը քննություն է իրականացրել, մարդկանց է հարցաքննել, ռեսուրս է վատնել եւ այն չեղած թեմայով, պարզապես այն պատճառով, որ դատախազ Զարուհի Խորասանյանի եւ հոսպիտալի աշխատակիցների հարաբերություններն այդքան էլ լավ չեն եղել, եւ դատախազը որոշել է նրանց դաս տալ:
«Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ մեկնաբանության համար դիմեց ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղից ի պատասխան հայտնեցին. «Նշված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար փաստական տվյալներով հիմնավորվել է, որ գործում որպես մեղադրյալ ներգրավված անձի կատարած արարքը թեեւ ձեւականորեն պարունակել է ՀՀ քրեական օրենսգրքի 122-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ, սակայն նկատի ունենալով, որ դրա արդյունքում որեւէ անձի առողջությանը վնաս չի պատճառվել, այլ բացասական հետեւանքներ չեն առաջացել, այսինքն այդ արարքներն իրենց նվազ կարեւորության պատճառով հասարակական վտանգավորություն չեն ներկայացրել եւ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, հասարակությանը կամ պետությանը էական վնաս չի պատճառվել, 2018 թվականի նոյեմբերի 13-ին որոշում է կայացվել վերջինիս նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու, ինչպես նաեւ 2017թ. նոյեմբերի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 122-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի վարույթը կարճելու մասին:
Միաժամանակ հարկ է նշել, որ նախաքննության ընթացքում ՀՀ զինվորական դատախազի կողմից հաղորդում է ներկայացվել ՀՀ պաշտպանության նախարարին, որի արդյունքներով` ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ բոլոր հոսպիտալները համապատասխան կարգով լիցենզավորվել են, իսկ ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի համապատասխան բաժանմունքը լիցենզավորվել է որպես կնախտաբանական բաժանմունք, եւ արգելվել է դրանում իրականացնել մանկաբարձական-գինեկոլոգիական (այդ թվում նաեւ` հղիության արհեստական ընդհատման) միջամտություններ»:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԹՄՐԱՄԻՋՈՑԻՑ ՄԻՆՉԵՎ ԿՐԱԿՈՑ
«Ռոսնեֆտ» ՍՊԸ տնօրեն Ներսես Շիրինյանի շուրջ աղմկահարույց պատմությունները շարունակվում են: Իրավապահները թմրամիջոց պահելու համար նրան մեղադրանք են առաջադրել:
Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2017թ. դեկտեմբերի 29-ին` ժամը 16:45-ի սահմաններում, Ներսես Շիրինյանի BMW մակնիշի ավտոմեքենան Երեւան քաղաքի Վարդանանց-Երվանդ Քոչար փողոցների խաչմերուկում արգելված վայրում կայանելու հարցի շուրջ վիճաբանել է ոստիկանության ՊՊԾ գնդի աշխատակիցների հետ, ապա դիմելով փախուստի, Վարդան Մամիկոնյանի արձանի մոտ գրպանից հանել է կտորից դրամապանակը եւ նետել գետնին: Դեպքի վայրի զննությամբ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի աշխատակիցները հայտնաբերել եւ վերցել են կտորից դրամապանակը, որի մեջ առկա է եղել պոլիէթիլենային փաթեթ խոշոր չափերով` 0,44 գրամ «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց: Շիրինյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, եւ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր.օր-ի 268 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը պատժվում են ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով: 2018 թվականի սեպտեմբերի 7-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, սակայն Շիրինյանը այս պատմությունից չոր դուրս եկավ: Նրա վրա տարածվել է համաներումը, եւ գործի վարույթը կարճվել է:
Դատելով իրավիճակից` եթե իրավապահները Ներսես Շիրինյանի այս արարքի համար պատասխանատվության կանչեին, ապա նոյեմբերի 2-ին տեղի չէր ունանա այն, ինչ եղավ : Հիշեցնենք` Նոյեմբերի 2-ին` ժամը 18:10-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ էր ստացվել, որ Հանրապետության եւ Բուզանդի փողոցների խաչմերուկում վիճաբանություն է: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն` կրակոցների կիզակետում է եղել «Ռոսնեֆտ» ՍՊԸ տնօրեն Ներսես Շիրինյանը: Դեպքի վայրից իրավապահները հայտնաբերել են նաեւ ատրճանակ, որը, ինչպես «Ժողովուրդ» օրաթերթին հաջողվել էր պարզել, ժամանակին նվիրել է Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը: Ու ստացվում է, որ ԼՂՀ նախկին նախագահի նվիրած զենքից կրակոցներ են արձակվել, ու այդ զենքը տիրոջ հետ միասին հայտնվել է միջադեպերի կիզակետում:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՆՈՐ ՌԵԿՏՈՐ
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) հոգաբարձուների խորհուրդը ռեկտոր է ընտրել: Թեկնածուն մեկն էր` ռեկտորի պաշտոնակատար, «Ագրոբիզնեսի հետազոտությունների եւ կրթության միջազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն, տնտեսագիտության թեկնածու Վարդան Ուռուտյանը: Նիստին ներկա են եղել հոգաբարձուների 26 անդամներից 22-ը: Բոլորը քվեարկել են հօգուտ Վարդան Ուռուտյանի թեկնածության:
ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՔՆՆԵԼ
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը շարունակում է քննել գործարար Սամվել Մայրապետյանի կալանքի ժամկետը երկարաձգելու որոշման դեմ նրա պաշտպանի ներկայացրած բողոքը: Ս. Մայրապետյանի պաշտպան Կարեն Բատիկյանի խոսքով` դատարանին միջնորդություն է ներկայացրել պաշտպանյալի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառել գրավը: «Գրավի չափ չենք սահմանել` թողնելով դատարանի հայեցողությանը»,-ասել է նա: Նշենք, որ Ս. Մայրապետյանը մեղադրվում է կաշառքի միջնորդության համար, սակայն Կարեն Բատիկյանը կրկին հրաժարվել է նշել, թե, ըստ մեղադրանքի, իր պաշտպանյալն ում է կաշառքի միջնորդություն արել:
ԳԱՂՏՆԱԼՍՈՂ ՍԱՐՔԵՐ
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը 2016թ. ապրիլին ձեռք է բերել գաղտնալսող սարքեր: Քաղաքագետ Սուրեն Սարգսյանն ասել է. «Դեռ հետեւություններ չեմ անում, կարծում եմ` կլինի պաշտոնական պարզաբանում»,-գրել է նա: Փաստաթղթում նշվում է, որ ԱՄՆ դեսպանատունը լայն սպեկտրի սմարթֆոնների ու տարբեր օպերացիոն համակարգերի համար գաղտնալսող սարքեր գնելու պատվեր է իջեցրել: Ըստ փաստաթղթի` ընկերությունները, որոնք հետաքրքրված են դրանց մատակարարումներով, պետք է դիմեն հատուկ այդ նպատակով նշված էլեկտրոնային փոստով: Հատուկ ընդգծվում է, որ որեւէ հարց հեռախոսով չի քննարկվելու: