ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ԲՆԱԿԱՐԱՆ Է ՆՎԻՐԱԲԵՐԵԼ ԸՆԿԵՐՈՋ ԸՆՏԱՆԻՔԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, թե Հայաստանում այլեւս արտոնյալներ չպետք է լինեն, անցել են իշխանների, իշխանիկների ու ֆեոդալների ժամանակները, Գեղարքունիքի մարզի Ճամբարակի քաղաքապետ Վազգեն Ադամյանի գործելաոճը միանգամայն հակառակի մասին է վկայում:

Ճամբարակի բնակիչները, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում խոսելով իրենց քաղաքապետի գործելաոճի մասին, հիշեցին մի պատմություն: Ըստ այդմ` Վազգեն Ադամյանն անցած տարի քաղաքապետ ընտրվելուց մոտ մեկ ամիս անց` դեկտեմբերին, հավաքել է իր բոլոր աշխատակիցներին եւ խոսել քաղաքապետարանի հին պատուհանները նորով փոխարինելու մասին: Ըստ բնակիչների` Ադամյանն ասել է. «Ես ձեզանից գումար չեմ ուզել աշխատանքի ընդունելու համար, բայց պետք է ձեր աշխատասենյակների պատուհանները եվրոյով փոխարինվեն ձեր միջոցներով»: Բայց սա դեռ ամենը չէ: Պարզվում է` քաղաքապետի եղբայրը`Պավլիկ Ադամյանը, ունի եվրոպատուհանների արտադրամաս, եւ քաղաքապետը աշխատողներին ուղղորդել է դեպի եղբոր ընկերություն` զգուշացնելով, որ Պավլիկ Ադամյանը կգա պատուհանների չափսերը վերցնելու:
Բայց ներկա աշխատողներից մեկը բարձրաձայնել է, որ ֆինանսական հնարավորություն չունի, քանի որ «դիմացը նոր տարի է, հետո` հունվար, եւ ապրելը դժվար կլինի»: Իսկ քաղաքապետն էլ արձագանքել է աշխատողի մտահոգությանն ի պատասխան` նշելով, որ զիջում է եւ պատուհանների գումարը կհավաքվի հունվարին` աշխատավարձերը բաժանելու ժամանակ:
Ճամբարակցիների պատմելով` քաղաքապետի եղբայրը` Պավլիկ Ադամյանը, եկել է, պատուհանների չափսերը վերցրել բացի ժողովի ժամանակ ըմբոստացած աշխատակցի աշխատասենյակի պատուհաններից: Ու մինչեւ հիմա այդ աշխատասենյակի պատուհանները դեռ շարունակում է նույնը մնալ: Մենք տեղեկացանք նաեւ, որ աշխատավարձերի բաժանման ժամանակ եվրոպատուհանների արտադրամասի աշխատողը մտել է բոլորի աշխատասենյակներ եւ հավաքել պատուհանների գումարները:
Ճամբարակի «լավ տղա» ձեւացող քաղաքապետի մյուս պատմության հերոսները Արծվաշենի վարչական ներկայացուցիչ Մամիկոն Խեչոյանի որդին` Թարխան Խեչոյանն ու իր կինը` Գայանե Դանիելյանն են: Ի դեպ, նրանք երկուսն էլ աշխատում են Ճամբարակի քաղաքապետարանում: Թարխան Խեչոյանը, որը Ադամյանի քաղաքապետ դառնալուց հետո աշխատել է ներքին աուդիտի բաժնում, այժմ օգնականն է, համարվում է Վազգեն Ադամյանի մտերիմ ընկերը: Ճամբարակի բնակիչները միաբերան հայտարարում են, որ հենց այս պատճառով էլ Ադամյանը «լավ աչքով է նայում ընկերոջ ընտանիքին»:
Այսպես, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ճամբարակի համայնքի ավագանին այս տարվա մայիսի 18-ին իր համաձայնությունն է տվել համայնքի սեփականություն հանդիսացող Տիգրան Մեծի 6/32 հասցեում գտնվող բնակարանը նվիրատվության կարգով օտարելու քաղաքացի Գայանե Դանիելյանին: Ավագանու համապատասխան որոշման մեջ նշված է, որ հաշվի է առնվել այն հանգամանքը, որ Գայանե Դանիելյանը չունի բնակարան, ունի անչափահաս երկու երեխա եւ տարիներ շարունակ տիրապետել է այդ գույքը: Իսկ ահա հունիսի 11-ին արդեն Ճամբարակի քաղաքապետ Վազգեն Ադամյանի որոշմամբ` վերոնշյալ հասցեում գտնվող բնակարանը նվիրատվության կարգով օտարվել է Գայանե Դանիելյանին: Ինչպես նախորդ, այնպես էլ այս որոշման մեջ հիմք է հանդիսացել այն, որ Գայանե Դանիելյանն ունի երկու անչափահաս երեխա, չունի բնակարան եւ տարիներ շարունակ տիրապետել է այդ գույքը:
Բայց ճամբարակցիների պատմելով` այս ընտանիքը նույն հասցեի շենքում ունի 4 հատ բնակարան: Որոշման մեջ նշված է, որ տուն չունի, բայց Ճամբարակի բնակիչները պնդում են, որ Գայանե Դանիելյանն իր ընտանիքի հետ ապրում է այդ շենքում: Ավելին, որոշման մեջ նշված է նաեւ, որ նրանք տարիներ շարունակ տիրապետել են այդ գույքը, պարզվում է այդ բնակարանում նրանք զբաղվել են սուրճի եւ թանի արտադրությամբ: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին պատմել են Ճամբարակի բնակիչները: Ըստ ճամբարակցիների` քաղաքի «կենցաղի տան մի հատվածն էլ է» «հարմար գներով օտարված» այս ընտանիքին:
Սակայն ինքը` Թարխան Խեչոյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ կենցաղի տան հատվածը իրեն հարմար գներով չի օտարվել եւ ինքը կապ չունի այդ շենքի հետ: «Ես իմ անունով ունեմ գրանցված երկու բնակարան, որոնք բանկում գրավադրվել են եւ մնացել են բանկին: Չեմ կարողացել մարել վարկային պարտավորությունները: Իսկ կոնկրետ այդ բնակարանը, որը նվիրատվության կարգով տրամադրվել է իմ կնոջը, ես այն 12 տարի օգտագործել եմ: Ես այդ բնակարանում, որը անմխիթար վիճակում էր գտնվում, փլատակների էր նման, սուրճ ու թան եմ փորձել արտադրել: Այդ տունը ձեռք բերելու նպատակով ես դիմել եմ դատարան, բայց ինձ փոխանցեցին, որ դեռ պետք է մինչեւ տասը տարի տիրապետեմ: Ես հիմա ապրում եմ բանկի կողմից վերցրված բնակարանում, եւ առաջիկայում պետք է տեղափոխվենք նվիրաբերած բնակարան»,- ասաց Խեչոյանը:
Զրույցի ընթացքում նա նաեւ նշեց, թե առաջիկայում հրաժարվելու է քաղաքապետի օգնականի զբաղեցրած պաշտոնից: Իսկ իր եւ քաղաքապետի մտերմության հետ կապված Խեչոյանն ասաց. «Ես շուտով դուրս եմ գալու աշխատանքից այս ֆինանսական խնդիրների պատճառով, ես պետք է այլ աշխատանք գտնեմ, որպեսզի կարողանամ ընտանիք պահել: Մեր ընկերության հետ դա ընդհանրապես կապ չունի: Իմ կինն էլ է աշխատանքից դուրս գալու, մենք ֆինանսական խնդիրներ ունենք: Իսկ մեր ստացած աշխատավարձը չի բավարարում ապրելու համար»: Ըստ Խեչոյանի` բնակարանի նվիրաբերությունը իրականացվել է օրենքի տառին համապատասխան: Բայց ավելի շատ Խեչոյանին զայրացրել է այն, որ մարդիկ իր ունեցած պարտքերը, իր վիճակը շահարկում են:
Հ.Գ. Այս հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ նաեւ Ճամբարակի քաղաքապետ Վազգեն Ադամյանից, սակայն վերջինս, իր սովորության համաձայն, չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ՄԱՐԶԵՐԻ ԱՆՀԱՄԱՉԱՓ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊՏՈՒՂՆԵՐԸ
Գյումրու կենտրոնում վառվել են տոնածառի լույսերը: Ի տարբերություն մայրաքաղաքի` այս տարի Գյումրին բավարարվեց հին տոնածառով` նույն լուսավորությամբ ու դեկորներով: Գյումրու համայնքային բյուջեից 3 միլիոն դրամ է տրամադրվել Վարդանանց հրապարակի գլխավոր տոնածառի տեղադրման, ապամոնտաժման, լույսերի, դեկորների, վերանորոգման եւ հրավառության համար: 2 տարի թիվը կրկնապատիկից էլ ավելին էր: Համայնքային բյուջեից 7 միլիոն էր տրամադրվել տոնածառի ու դեկորների տեղադրման համար: 1 միլիոն 500 հազար դրամ հատկացվել է նախորդ տարի: Ստացվում է` այս տարի էլ կրկնակի ավել է նախատեսվել: Հանրապետության ամենաաղքատ մարզի համար, իհարկե, սա մեծ ծախս է՝ հաշվի առնելով այն, որ համայնքի ընդհանուր բյուջեն կազմում էր 3 միլիարդ 470 միլիոն 200 հազար դրամ: Բայց քաղաքի համար էլ ծննդյան տոներն անհրաժեշտ է ըստ արժանվույն կազմակերպել՝ անկախ այն բանից, որ 2000 տնակ ունեցող Գյումրու համար ծախսերը ճոխ են: Օրինակ` մայրաքաղաքի տոնածառի համար ծախսվել է 71 միլիոն դրամ. 2005-ից հետո առաջին անգամ Հանրապետության հրապարակում նոր տոնածառ է տեղադրվել:
Վանաձորում ծախսվել է Գյումրու համեմատ շատ ավելի քիչ գումար: Ամանորյա նախապատրաստությանը, հրապարակի, փողոցների լուսային ձեւավորումներին, միջոցառումների կազմակերպման նպատակով հատկացվել է 4 միլիոն 480 հազար դրամ: Նախորդ տարի 5 միլիոն 480 հազար դրամ ծախսվել է նույն նպատակի համար:
Վերլուծությունը ցույց է տալիս, որ ապակենտրոնացման ուղղությամբ կառավարությունը շատ անելիքներ ունի: Համաչափ զարգացումը կարեւոր է, որպեսզի ՀՀ-ի բոլոր տարածաշրջանները զարգանան հավասար` բնակչության համար ստեղծելով նաեւ հավասար պայմաններ:

ՀԵՂԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Գյումրի

 

 

ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ
ՀՀ մի շարք հասարակական-քաղաքական գործիչներ բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ-ում ՌԴ դեսպանատան առջեւ` ընդդեմ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայում տիրող իրավիճակի, ոչ կանոնադրական հարաբերությունների եւ ռուս զինծառայողների` ՀՀ քաղաքացիների անվտանգությանը սպառնացող վարքագծի: Երեկ էլ դեսպանատան դիմաց հավաքվել են Հայաստանի կոմունիստական կուսակցության ներկայացուցիչները` մոտ 15-ից 20 մարդ` «Ո՛չ հակառուսական սադրանքներին», «Հավերժ Ռուսաստանի հետ» կարգախոսներով:




Լրահոս