«ՄՈՐՍ ԵՐԱԶԱՆՔՆ ԻՐԱԿԱՆԱՑԱՎ ԻՄ ՄԻՋՈՑՈՎ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը մի շարք ռոմանսների հեղինակ, ոչ վաղ անցյալում հայկական շոու-բիզնես մուտք գործած երգիչ Գեւորգ Սիրեկանյանն է: Մենք զրուցել ենք նրան հանդիպած դժվարությունների, ոգեշնչման աղբյուրների եւ շոուբիզնեսյան թոհուբոհի մասին:

-Գեւո՛րգ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ երգիչ-երգչուհիների թիվը Հայաստանում բավական մեծ է, շուկան՝ փոքր, դժվար չէ՞ ոլորտում կայանալը, նոր խոսք ասելը:
-Շատ դժվար է, բայց քանի որ իմ երգերը ես եմ գրում, մաքսիմալ անկեղծ եմ հանդիսատեսիս հետ, վերջինս էլ գնահատում է դա: Փառք Աստծո, ունեմ իմ լսարանը, փորձում եմ ամեն անգամ մի նորություն մատուցել, որպեսզի գոհացնեմ յուրաքանչյուրին:
-Այնուամենայնիվ, շոու-բիզնեսում կա՞ն երեւույթներ, որոնց հետ դժվարությամբ եք հարմարվում:
-Ամեն բնագավառ իր դժվարություններն ունի: Մեր ասպարեզում դրանք առավել տեսանելի են: Իհարկե, ամեն քայլափոխի կան փակ դռներ, բայց դռները, որոնք հնարավոր է բացել, եւս քիչ չեն: Առհասարակ, խոչընդոտների հանդիպելով՝ պետք չէ հուսահատվել: Նորին միշտ էլ մի փոքր դժվարությամբ են ընդունում, իհարկե, ոչ բոլորը:
-Առանց հարուստ հայրիկի, խնամի-ծանոթ-բարեկամի հնարավո՞ր է հայկական շոու-բիզնեսում ուղի հարթել, թե՞ արդեն այդ ժամանակներն անցել են:
-Այսքան ժամանակ ամեն ինչի հասել եմ իմ ուժերով: Ի դեպ, շատերը կան, որոնք ցանկանում են ձեր ասած միջոցներով մուտք գործել երգարվեստ, բայց չի ստացվում: Աչքիս առաջ ունեմ բազում օրինակներ:
-Հայտնի երգիչ-երչուհիներից ու՞մ կատարումներն եք հավանում:
-Բոլորին էլ լսում եմ, ամեն մեկն իր յուրահատուկ ձեռագիրն ունի:
-Գեւո՛րգ, Ձեր գերդաստանում էլի երգողներ կա՞ն:
-Ոչ, բայց մայրս միշտ երազել է դաշնամուր ունենալու, երգարվեստով զբաղվելու մասին, եւ, փաստորեն, իր երազանքներն իրականացել են արդեն իմ միջոցով: Ինքս վաղ հասակից երգել եմ, ունեմ երաժշտական կրթություն, ծառայել եմ ՊՆ երգչախմբում:
-Ծառայության տարիներից ի՞նչ հիշողություններ ունեք:
-Ծառայությանս տարիները շատ լավ են անցել, միշտ հագեցած են եղել համերգներով: Ընկերներիս մեծամասնության հետ բանակում եմ ծանոթացել: Ի դեպ, երգարվեստում առաջին քայլերս հենց բանակային ընկերոջս հետ եմ արել. մինչեւ հիմա էլ նա է գործիքավորում իմ երգերը:
-Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով հարկային մարմին-հարկ վճարող գործընկերային հարաբերությունները, հորդորում է շոու-բիզնեսի ոլորտում ձեռնարկատիրությամբ զբաղվողներին` երգիչներին, երաժիշտներին, հանդիսավարներին, ստանալ պետական գրանցում կամ հաշվառվել հարկային մարմնում բարեխղճորեն, Հարկային օրենսգրքով սահմանված կարգով: Ինչպե՞ս եք վերաբերվում այս հանգամանքին: Դուք եւս երգում եք կոորպորատիվներում, պատկերացնու՞մ եք՝ ինչպես է իրականացվելու այդ պրոցեսը:
-Ոչ, մասնավորապես չեմ պատկերացնում, թե ինչպես է ոլորտը վերահսկվելու: Ամսվա կտրվածքով իմ մասնակցած տասը կորպորատիվից հինգի շրջանակում ընկերական, բարեգործական սկզբունքերով եմ երգում` առանց գումար վերցնելու: Հիմա ինչպե՞ս են հաշվելու այդ ամենը: Կուզեի նաեւ նշել, որ շատ երգիչ-երգչուհիներ իրենց եկամտից հատկացումներ են անում բարեգործությունների համար, բայց շատ դեպքերում չեն բարձրաձայնում այդ մասին: Ու դա անում են առանց օրենքի, առանց պարտավորության:
-Մի փոքր էլ անձնականից խոսենք: Աղջիկ երկրպագուներին կհետաքրքրի՝ Ձեր սիրտն ազա՞տ է:
-Այո: Անկեղծ ասած՝ հիմա ամբողջ ուշադրությունս կենտրոնացրել եմ աշխատանքիս վրա: Կայացման տարիներ են: Իսկ անձնականս չեմ պլանավորում: Իմ կյանքում պատահականությունները մեծ դեր են խաղացել, անձնականս էլ եմ թողնում պատահականության հույսին:
-Շուտով Ամանոր է, ի՞նչ եք մաղթում մեր հայրենակիցներին:
-Ինձ համար Ամանորը փոքր տարիքից ասոցացվել է հեքիաթի եւ հրաշքի հետ: Մաղթում եմ, որ մեր հայրենակիցները գալիք տարում հնարավորինս զերծ մնան կենցաղային եւ ֆինանսական խնդիրներից: Առանձնահատուկ շնորհավորում եմ մեր զինվորներին, թող ծառայությունը կարճ թվա, եւ նրանք ողջ-առողջ վերադառնան իրենց ընտանիքներ:

Զրուցեց ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆԸ

 

 

Ո՞ՒՐ Է ԿՈՐԵԼ ՆԱՐԵԿ ՄԱԿԱՐՅԱՆԸ
Տեւական ժամանակ է՝ երգիչ, դերասան Նարեկ Մակարյանը էկրաններին չի երեւում, նա կարծես անհետացել է ոլորտից եւ անցել ընդհատակ: Երկրպագուներն անհանգստանում են եւ հարցնում՝ ո՞ւր է կորել Նարեկ Մակարյանը եւ ինչո՞վ է այժմ զբաղված: «Ժողովուրդ» օրաթերթը պարզել է նրանց հուզող հարցերի պատասխանները: Պարզվում է՝ արդեն երկու տարի է՝ Նարեկը բնակվում է Միացյալ Նահանգներում. «Ժամանակն իսկապես արագ է անցնում, արդեն երկու տարի է՝ Հայաստանում չեմ ապրում, Լոս Անջելեսում եմ: Զբաղվում եմ երաժշտական գործունեությամբ: ԱՄՆ-ում մնալուս պատճառն էլ այն է, որ ցանկանում եմ մասնագիտանալ իմ գործում: Երաժշտությամբ չզբաղվել չեմ կարող, այն իմ արյան բաղադրության մի մասն է կազմում»,-մեզ հետ զրույցում նշեց երգիչը: Նարեկը աշխատում է նոր նախագծերի շուրջ, որոնց մասին լսարանը շատ շուտով կիմանա: Հարցին, թե իրեն առաջիկայում կտեսնե՞նք արդյոք նոր դերերում, Նարեկը պատասխանեց. «Դերասանական արվեստն իմ առաջնային ուղղվածությունը չէ, սակայն եթե առաջիկայում ժամանակս ների, շատ կցանկանամ պրոֆեսիոնալ կերպով զբաղվել նաեւ դերասանությամբ»:
Մենք մի փոքր էլ զրուցեցինք քաղաքական թեմաներով: Նարեկից հետաքրքրվեցինք՝ օվկիանոսից այն կողմ հետեւո՞ւմ է արդյոք հայաստանյան ներքին քաղաքական զարգացումներին. «Հեղափոխության ընթացքին ակտիվ կերպով հետեւում եմ՝ քայլարշավից մինչեւ այս պահը: Ցավում եմ, որ ներկա չեմ եղել այդ պրոցեսներում եւ անձամբ չեմ վայելել ազգիս ուրախությունը, բայց վստահորեն կարող եմ նշել, որ Սփյուռքը հավասարապես ուրախանում է եւ հպարտանում մեր ժողովրդի ամեն մի ձեռքբերումով: Վստահ եմ՝ ամեն բան լավ է լինելու: Պարոն Փաշինյանի ուսերին մեծ բեռ է ընկած, որը նա հպարտությամբ է տանում»,-մեկնաբանեց մեր զրուցակիցը:
Նարեկին խնդրեցինք խոսել նաեւ անձնական կյանքի մասին: Հարցրինք՝ սիրտն ազա՞տ է, թե՞ ոչ. «Անձնականից խոսել չեմ սիրում, միայն կասեմ, որ ընտանիք կազմելու ցանկություն ունեմ, հուսամ՝ շուտով կվայելեմ այդ քաղցրությունը»,-նշեց երգիչը: Նա շնորհակալություն հայտնեց իր երկրպագուներին՝ շեշտելով, որ նրանք այն կախարդական ուժն են, որոնք երգչին մղում են առաջ անգամ ամենադժվարին պահերին:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

ԱՐՁԱԳԱՆՔԵԼ ԵՆ
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը անդրադարձել էր «ՋիԷՆՍի-Ալֆա» ընկերության գործունեությանը: Գրել էինք, որ «ՋիԷնՍի-Ալֆա» ՍՊԸ-ն գործունեությունը դադարեցրել է, ինչպես նշված է ՀՀ արդարադատության նախարարության պետական ռեգիստրի էլեկտրոնային էջում: Մեր հրապարկմանը արձագանքել են ընկերությունից եւ հայտնել, որ «ՋիԷնՍի-Ալֆա» ՍՊԸ-ն իր գործունեությունը դադարեցրել է 2007 թվականին: Բայց «ՋիԷնՍի-Ալֆա» ՓԲԸ-ն, որը 2012 թվականի փետրվարին դարձել է «Ռոստելեկոմ» խմբի անդամ, շարունակում է իր գործունեությունը:




Լրահոս