«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ուրբաթ օրն ԱԺ դահլիճում տեղի ունեցած «Իմ քայլը» խմբակցության փակ նիստի ժամանակ Արարատ Միրզոյանը տեղեկացրել է, թե ովքեր են ղեկավարելու խորհրդարանական հանձնաժողովները, շատերի համար անսպասելի հայտարարվել է, որ եվրաինտեգրման հանձնաժողովը չի տրվելու ԲՀԿ-ին։
Մեզ նախապես ասացին, որ այն ղեկավարելու է Անուշ Բեղլոյանը՝ «Բիլայնի» նախկին խոսնակը, որը Միրզոյանի ջանքերով է հայտնվել խորհրդարանում։ Սակայն երեկ այլ անուն էր հնչում՝ Նիկոլ Փաշինյանի նախկին խոսնակ Արման Եղոյանի։ Մեզ հետ զրույցում վերջինս ասաց՝ դեռ քննարկման փուլում է հարցը։ Ի դեպ, «Իմ քայլը» խմբակցությունն անմասն է այս հարցերից՝ որոշումները կայացնում է Փաշինյանն անձամբ՝ պատգամավորների «քաստինգն» անող խմբի հետ։
Դաշինքը, սակայն, այս օրերին ցայնտոտի մեջ է՝ հունվարին կարեւոր միջխորհրդարանական վեհաժողովներ կան նախատեսված, ու պետք է կարողանան հավուր պատշաճի մասնակցել դրանց` ԵԽԽՎ, Արեւելյան գործընկերության` Եվրանեստի, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովների նիստեր։ Պետք է պատվիրակություններ ձեւավորել, պատվիրակներին նախապատրաստել, ղեկավարներ նշանակել: Եվրասիական ուղղությամբ եւս՝ ՀԱՊԿ, ԱՊՀ խորհրդարանական վեհաժողովների, հայ-ռուսական բարեկամական խմբի ձեւավորման ժամանակն է:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: