«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի հավաստի տեղեկություններով՝ Սյունիքի մարզպետի տեղակալ, ՔՊ անդամ, Կապանի քաղաքապետի նախկին թեկնածու Նարեկ Բաբայանը կնշանակվի Սյունիքի մարզպետ։
Հիշեցնենք, որ Նարեկ Բաբայանը Կապանի քաղաքապետի ընտրություններում առաջադրվել էր «Իմ քայլը» դաշինքից, սակայն, չստանալով բավարար ձայներ, պարտվել էր։ Մեզ հետ զրույցում ինքը՝ Բաբայանը նշեց, որ նման առաջարկ այս պահին չի ստացել և այդ մասին խոսել չի կարող։
Մեր տեղեկություններով՝ փոփոխությունների համատեքստում, Սյունիքի ներկայիս մարզպետ Հունան Պողոսյանը նշանակվելու է ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի փոխարեն։
Պողոսյանը մեզ հետ զրույցում ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց տեղեկությունը։ «Ես ձեզ շատ հարգում եմ, ընդունում եմ, բայց նման ոչ մի հարցի չեմ ուզում պատասխանել, անդրադառնալ։ Ես մարզպետի պաշտոնում պաշտոնավարելու եմ Սյունիքի մարզում, խնդրում եմ՝ ինձ նման հարցեր մի տվեք»,- ասաց Պողոսյանը։ Մեր հստակեցնող հարցին՝ նման առաջարկ ստացե՞լ եք, Պողոսյանը մի պահ լռեց, ապա նորից պնդեց, որ այդ թեմայով խոսել չի ցանկանում»։
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: