Երեկ մեկնարկեց յոթերորդ գումարման խորհրդարանի առաջին նիստը։ Այս խորհրդարանը տարբերվում է նախ նրանով, որ առաջին անգամ ամենաքիչ թվով խմբակցություններ են ներկայացված ԱԺ-ում՝ ընդամենը երեքը: Բացի այդ, իշխող ուժն աննախադեպ շատ պատգամավորներ ունի: «Իմ քայլը» խմբակցությունն ունի 88 պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 26 մանդատ, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն էլ` 18 պատգամավոր։
Երեկ խորհրդարանում տեղի ունեցան ԱԺ նախագահի եւ փոխնախագահների ընտրություններ։ Եվ խորհրդարանների պատմության մեջ առաջին անգամ Արարատ Միրզոյանը խորհրդարանի ղեկավար ընտրվեց աննախադեպ շատ կողմ ձայներով։ Մասնավորապես, երեկ գաղտնի քվեարկության արդյունքում նա ստացել է 131 կողմ, 0 դեմ ձայն: Այսինքն՝ Միրզոյանին դեմ ոչ ոք չէր քվեարկել, սակայն մեկ քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել: Մինչդեռ նախորդ խորհրդարանների դեպքում ընդդիմադիր ուժերը կա՛մ իրենց հակընդդեմ թեկնածուն են առաջադրել, կա՛մ պարզապես բոյկոտել են ընտրությունները:
Փորձենք հասկանալ, թե նախորդ տարիների պատմության մեջ ԱԺ նախկին նախագահները որքան ձայնով են ընտրվել:
Օրինակ` 2006 թվականին ԱԺ նախագահ էր ընտրվել Տիգրան Թորոսյանը։ Նրա թեկնածությանը դեմ էր քվեարկել մեկ պատգամավոր, անվավեր էր ճանաչվել երկու քվեաթերթիկ։ Ընտրվելու համար անհրաժեշտ էր 66 կողմ ձայն: Պարզ է, որ Տիգրան Թորոսյանի թեկնածությունն առաջադրել էր ՀՀԿ խմբակցությունը, նրա օգտին կողմ էին քվեարկել նաև ՀՅԴ, ՄԱԿ, «Օրինաց երկիր» խմբակցությունները, «Գործարար պատգամավորական խումբը, «Ժողպատգամավոր» խմբի անդամներ: Իսկ «Արդարություն» եւ «Ազգային միաբանություն» խմբակցությունները չմասնակցեցին քվեարկությանը:
2008 թվականին խորհրդարանը պատգամավոր ընտրեց Հովիկ Աբրահամյանին։ Փակ գաղտնի քվեարկությանը մասնակցել էին 115 պատգամավոր, նրա օգտին քվեարկել էր 110-ը, բացի «Ժառանգությունից», մյուս բոլոր խմբակցությունները կողմ էին քվեարկել։ Այդ ժամանակ թեկնածու էր նաեւ «Ժառանգություն» խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանը․նա ստացել էր 5 կողմ ձայն։
2011 թվականին 102 կողմ ձայներով ԱԺ նախագահ է ընտրվել Սամվել Նիկոյանը, իսկ մյուս թեկնածու Լարիսա Ալավերդյանը ստացել էր 4 կողմ ձայն։ Այսինքն՝ այդ քվեարկության ժամանակ էլ խմբակցություններից մեկը հստակ դեմ դիրքորոշում էր արտահայտել:
2012 թվականին կրկին անգամ ԱԺ նախագահ է ընտրված եղել Հովիկ Աբրահամյանը։ Նրա թեկնածությանը կողմ էր քվեարկել 102 պատգամավոր, դեմ՝ 4-ը։ Այդ տարի ՀՅԴ-ն չէր մասնակցել քվեարկությանը, իսկ «Հայ Ազգային Կոնգրես» եւ «Ժառանգություն» խմբակցություններն ընդհանրապես բոյկոտել էին ԱԺ առաջին նիստը եւ ներկա չէին գտնվել քվեարկությանը։
Հինգերորդ գումարման խորհրդարանում Հովիկ Աբրահամյանից հետո ԱԺ նախագահ 2014 թվականին ընտրվել է Գալուստ Սահակյանը։ Նա մինչ այդ ՀՀԿ խմբակցության ղեկավարն էր։ Գալուստ Սահակյանը ստացել էր 101 ձայն, մյուս թեկնածու Հրանտ Բագրատյանը՝ 3։ Քվեարկությանն այդ ժամանակ մասնակցել էր 106 պատգամավոր, իսկ երկու քվեաթերթիկ անվավեր էր ճանաչվել։ Այն ժամանակ էլ ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն ու «Ժառանգությունը» բոյկոտել էին:
Արդեն մեկուկես տարվա կյանք ունեցած վեցերորդ գումարման խորհրդարանում ԱԺ նախագահ էր ընտրվել Արա Բաբլոյանը։ 105 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել էր 100-ը։ Արա Բաբլոյանը ստացել էր 88 ձայն, 12 ձայն էլ ստացել էր «Ելք» խմբակցության թեկնածու Էդմոն Մարուքյանը: Եւ հիմա այս անգամ արտահերթ ընտրությունների արդյունքում ձեւավորված խորհրդարանի նախագահին կողմ են քվեարկել ԱԺ բոլոր երեք խմբակցությունների ներկայացուցիչները՝ ե՛ւ իշխանական, ե՛ւ ընդիմադիր ճամբարից: Սա ինքնին ուշագրավ է: Մնում է՝ Արարատ Միրզոյանը կարողանա պաշտոնավարել մինչեւ այս ԱԺ-ի լիազորությունների ավարտը, որովհետեւ նորանկախ ՀՀ պատմության մեջ ԱԺ նախագահներից որեւէ մեկին դա չի հաջողվել` հիմնականում պայմանավորված ներքաղաքական իրադարձություններով: Միակ բացառությունն Արա Բաբլոյանն էր, այն էլ` նրա ղեկավարած ԱԺ-ն ընդամենը 1.5 տարվա կյանք ունեցավ. այն վաղաժամ դադարեցրեց լիազորությունները:
ԱԺ նախագահի ընտրությունից հետո խորհրդարանում քննարկվեց փոխնախագահների ընտրության հարցը․իշխող ուժի թեկնածուները Լենա Նազարյանը եւ Ալեն Սիմոնյանն էին, ԲՀԿ-ինը՝ Վահե Էնֆիաջյանը, իսկ ԼՀԿ-ինն էլ` Մանե Թանդիլյանը։ Ի սկզբանե արդեն իշխող ուժը որոշում էր կայացրել, որ միաձայն քվեարկելու են Մանե Թանդիլյանի օգտին։
Սակայն քվեարկություն այդպես էլ չկազմակերպվեց, քանի որ պատգամավորները չհասցրեցին մինչեւ աշխատանքային ժամի վերջն ավարտել քննարկումները, եւ դրանք կշարունակվեն այսօր։ Նշենք, որ հազվադեպ է պատահում այնպես, որ ընդդիմադիր թեկնածուներն անգամ կողմ քվեարկեն թեկնածուի օգտին, ինչպես եղավ Ազգային ժողովի նախագահի թեկնածու Արարատ Միրզոյանի դեպքում։
Եվ սա այն դեպքում, երբ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը իրեն հայտարարում է ընդդիմություն, քննադատում իշխող ուժի գործելակերպը, սակայն փաստացի պաշտպանում է նրանց թեկնածուին եւ անգամ իրենց թեկնածուն չեն առաջադրում։ «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան` ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշեց, թե արդեն իր ելույթում մանրամասնել է , թե ինչու որոշեց կողմ քվեարկել Արարատ Միրզոյանի թեկնածությանը։
Իսկ իր ելույթում Էդմոն Մարուքյանը հետեւյալն էր ասել․ «Պարո՛ն Միրզոյան, սա նաեւ, ըստ էության, կրեդիտ է, որը դեռեւս պետք է որպես ԱԺ նախագահ վաստակել։ Այն, ինչ որ մենք ունենք, մենք գիտենք, բայց մենք Ձեզ ընտրում ենք ԱԺ նախագահ եւ մենք չգիտենք, թե Դուք ինչպիսի ԱԺ նախագահ եք լինելու։ Մենք սա կրեդիտ ենք տալիս, որ Դուք ժամանակի ընթացքում այն, ինչի մասին մենք խոսեցինք այստեղ, Դուք քայլ առ քայլ ցույց տաք, որ Դուք բոլորի ԱԺ նախագահն եք, Դուք շենքում եք արդարություն ապահովում, Դուք դրսում եք Ազգային ժողովի դերը բարձր պահում եւ ամեն ինչ անում եք նաեւ մեր աջակցությամբ, որ խորհրդարանը դուրս գա գործադիր իշխանության կցորդը լինելուց»,- նշել էր Մարուքյանը։
Եվ հետաքրքիր է, թե այսօր ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի քվեարկությունից հետո ինչպես կդրսեւորի իրեն «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը։
Նաիրա Հովհաննիսյան