«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին Հայաստանում գրիպի եւ սուր շնչառական վարակների, նաեւ թոքաբորբով հիվանդացությունների մակարդակը լուրջ մտահոգությունների տեղիք է տվել: Ընդ որում, հիվանդացության մակարդակը մեծ է հատկապես երեխաների շրջանում: Հայաստանում անգամ H1N1 վիրուսից՝ խոզի գրիպից, մահացության երկու դեպք է գրանցվել:
Ճիշտ է, երեկ երեկոյան ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը փորձեց մեղմել իրավիճակը` տեղեկացնելով, որ չնայած սուր շնչառական հիվանդությունների վարակի ակտիվացմանը, իրավիճակը սկսել է կայունանալ, արդեն հիվանդացության անկում է գրանցվում, սակայն հիվանդանոցներում տիրող իրավիճակը միանգամայն հակառակ տպավորությունն է թողնում:
Հատկապես մանկական հիվանդանոցներն աշխատում են գերծանրաբեռնված. սուր շնչառական վարակներով եւ թոքաբորբով հիվանդացած երեխաների թիվն այնքան շատ է, որ բժիշկները նրանց ստիպված տեղավորել են այլ բաժանմունքներում: Չի բացառվում` ստեղծված իրավիճակի հետեւանքով առաջիկա օրերին հրահանգվի դպրոցական ու նախադպրոցական հաստատությունների աշխատանքները մոտ 10 օրով դադարեցնելու մասին: Առողջապահության նախարարությունից «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան` տեղեկացրին, որ համաճարակաբանական ցուցման դեպքում նախարարությունը հանդես կգա անհրաժեշտ առաջարկությամբ:
Ըստ մեր աղբյուրների` առանց նախարարության առաջարկի շատ ծնողներ այս օրերին խուսափում են իրենց երեխաներին դպրոց եւ մանկապարտեզ ուղարկելուց` վախենալով հիվանդանալուց: Փոխարենը տարօրինակ հանգիստ են ՀՀ իշխանությունները: Բանն այն է, որ հարեւան Վրաստանում հունվարի 14-ի դրությամբ H1N1 վիրուսից մահացել է 16 քաղաքացի: Խոզի գրիպի տարածումը կանխելու համար Հարավային Օսիայի եւ Վրաստանի սահմանը փակվել է, սակայն ՀՀ իշխանությունների մոտ կարծես թե Վրաստանի հետ սահմանը փակելու հարցը չի քննարկվում:
Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: