Կյանքից հեռացել է ՀՀ Ժողովրդական արտիստ Ռաֆայել Ջրբաշյանը։ Այս մասին հայտնել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը։
«Հեռացավ լեգենդը, նվիրյալը, մեծ արվեսագետը, մեր Ռաֆայել Ջրբաշյանը…»,- գրել է նա։
Ռաֆայել Ջրբաշյանը 96 տարեկան էր։ 1954-1969 թվականներին եղել է Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի ռեժիսոր և բեմադրիչ, 1971-1973 թվականներին՝ Վանաձորի Աբելյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար, 1975-1990 թվականներին՝ Արտաշատի Ամո Խարազյանի անվան և միջշրջանային թատրոնների գեղարվեստական խորհրդատուն, բեմադրություններ է արել Օպերայի և բալետի, Պարոնյանի անվան, Պատանի հանդիսատեսի, Գյումրու Վարդան Աճեմյանի անվան, Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան և այլ թատրոններում։ 1957 թվականից մինև 2018 թվականը դասավանդում էր Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, եղել է ամբիոնի վարիչ, պրոռեկտոր, 1985 թվականից՝ պրոֆեսոր։ Նրա ջանքերով ինստիտուտում ստեղծվել է ռեժիսուրայի ամբիոնը և բեմանկարչության բաժինը։