Հունվարի 15-ին, ժամը 13.20-ին, «Սպիտակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Սպիտակի բաժին հաղորդում է ստացվել, որ նույն օրը ժամը 13.16-ին «որովայնի շրջանի հրազենային վիրավորումով, ագոնալ վիճակ, ձախ ականջի ամպուտացիա և աջ ականջի կտրած վերքով» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1978 թվականին ծնված Գարուշ Մարությանը և գիտակցության չգալով հիվանդանոցում մահացել է:
Նույն օրը «Վանաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Տարոնի բաժին է հաղորդվել , որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Սպիտակ քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի ԱՊՊԱ գրասենյակներից մեկում տեղի է ունեցել սպանություն:
Դեպքի առթիվ Սպիտակի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդ. 1-ին մասով և 235 հոդ. 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ, Լոռու մարզային վարչության, Սպիտակի բաժնի, ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության և Սպիտակի քննչական բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումներով և քննչական գործողություններով պարզվել է սպանություն կատարողի ինքնությունը, նա ձերբակալվել է: Նախաքննության շահերից ելնելով՝ նրա տվյալները չենք հրապարակում:
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցների ինքնությունը պարզելու, հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու և դեպքի բոլոր հանգամանքները ճշտելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն: