Չնայած երեկ յոթերորդ գումարման խորհրդարանի միայն երկրորդ նիստն էր, սակայն արդեն ակնհայտ է, որ նորընտիր պատգամավորներին դեռ երկար ժամանակ է անհրաժեշտ ադապտացվելու եւ շատ հարցերի սովորելու համար: Նույնը վերաբերում է նաեւ ԱԺ ղեկավարությանը: Երեկ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը երբ ցանկանում, սկսում էր նիստը, երբ ցանկանում, ընդմիջում էր հայտարարում: Ընդ որում, եթե նախկին գումարումների խորհրդարանում օգտագործում էին նույնիսկ վերջին վայրկյանները ընդմիջման գնալուց առաջ, ապա երեկ նույնիսկ ընդմիջման ժամից հինգ րոպե առաջ էր հայտարարվում այդ մասին:
Նույնը եղավ նաեւ ԱԺ նախագահի տեղակալների քվեարկության ժամանակ: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նշեց, թե կարող են շարունակել օրակարգով շարժվել, ապա գնալ քվեարկության, սակայն որոշում կայացրեց քվեարկությունից 15 րոպե առաջ ընդմիջում հայտարարել: Եվ սա այն դեպքում, երբ նախորդ գումարումների ժամանակ փակ քվեարկությունների ընթացքում հաճախ նույնիսկ ընդմիջում չէր լինում, եւ դրանք ընթանում էին նիստին զուգահեռ: Ապա քվեարկությունից հետո` նախատեսված ժամին, պատգամավորների մեծ մասը նիստերի դահլիճում էր, սակայն Արարատ Միրզոյանը չկար ու չկար: Իսկ ահա ամենաերկար ընդմիջումից վերադառնալով` «Իմ քայլը» խմբակցությունը կրկին 20 րոպե ընդմիջում վերցրեց, որը նրանք օգտագործեցին սնվելու նպատակով եւ քվեարկության էին վազում շնչակտուր:
Սակայն պատգամավորները դեռ չեն սովորել քվեարկությունների կարգին: Եվ երեկ նրանց մի զգալի մասը գլուխ չէր հանում՝ որ կոճակը պետք է սեղմեն, որ քվեարկեն։ Դրա համար էլ ԱԺ հանձնաժողովների թվաքանակի ավելացման մասին հարցի քվեարկությունը մի քանի անգամ խափանվեց։ Ստիպված ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը որոշեց սովորեցնել պատգամավորներին, թե ինչպես պետք է քվեարկել՝ «մի կոճակը սեղմում են, որ համակարգը ճանաչի, մյուս երեք կոճակներով էլ քվեարկում են «կողմ», «դեմ» կամ «ձեռնպահ»։ Բայց նույնիսկ փոքրիկ դասընթացից հետո էլ մի քանի պատգամավորներ չկարողացան քվեարկել: Արարատ Միրզոյանն էլ առաջարկեց՝ ով չի կարողացել քվեարկել, թող ձեռքը բարձրացնի, որ քարտուղարությունը ձեռքերով հաշվի եւ ավելացնի ընդհանուր թվին։ Քվեարկել չկարողացողների թվում էին հիմնականում «Իմ քայլը» խմբակցության անդամները: Իսկական մանկապարտեզ` պարզապես չափահասներից կազմված:
Նաիրա Հովհաննիսյան