Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 14-ի դրությամբ պոլիկլինիկական ծառայության դիմել է սուր շնչառական վարակներով 1080 հիվանդ, ստացիոնարներում բուժում է ստանում 837 քաղաքացի, որոնց 95 տոկոսը երեխաներ են: Նաեւ հունվարի 14-ին 499 երեխայի մոտ դիտվել է ՍՇՎ, եւ վերջիններս տուն են ուղարկվել:
Ըստ առողջապահության նախարարության` 2018-2019թթ. սեզոնում շրջանառում է գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակը, որի մասին բարձրաձայնվել է դեռեւս 2018 թվականի նոյեմբերից:
Հայաստանում, H1N1 վիրուսով պայմանավորված, արդեն մահվան երկու դեպք է գրանցվել: ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն»-ի հատուկ վտանգավոր եւ օդակաթիլային վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյանի խոսքերով` ՀՀ-ում հունվարի 1-ից մինչ օրս H1N1 վիրուսով հիվանդանալու մոտ 60 դեպք է գրանցվել: «Տվյալներն անընդհատ փոփոխվում են, գրեթե 600 կատարված հետազոտության արդյունքում միայն երեկվա դրությամբ ունենք 60-ի մոտ H1N1-ի դեպք: Այսինքն` խոսքը 10 տոկոսի մասին է: Բայց այս դեպքում էլ մենք դեռեւս գործ ունենք H1N1-ի հետ»:
Նշենք, որ Վրաստանում հունվարի 14-ի դրությամբ H1N1 վիրուսից մահացել է 16 քաղաքացի: Խոզի գրիպի տարածումը կանխելու համար Հարավային Օսիայի եւ Վրաստանի սահմանը փակվել է: Սակայն մեր իշխանությունների մոտ, կարծես թե, Վրաստանի հետ սահմանը փակելու հարցը չի քննարկվում, մի հանգամանք, որը տարակուսանք է հարուցում:
«Հարուցիչը շրջանառվում է նոյեմբեր ամսից ե՛ւ մեզ մոտ, ե՛ւ Վրաստանում, ե՛ւ Ռուսաստանում, ե՛ւ եվրոպական տարածաշրջանում: Արդեն բնության մեջ ցիրկուլացիա կա, ի՞նչ անենք, սահմանը փակե՞նք: Օդակաթիլային մեխանիզմով փոխանցվող հիվանդություն է, դա անմիաստ միջոցառում ենք համարում: Դրա համար մեր ամբողջ ուժերը կենտրոնացված են վաղ հայտնաբերմանը, հարուցիչի շրջանառության իրավիճակային գնահատմանը, ինչը այս պահի դրությամբ արվում է: Ես կարող եմ սահմանը հատել գաղտնի շրջանի մեջ, սահմանային անցակետում ի՞նչ պետք է իմանան` ես գաղտնի շրջանի մեջ եմ, թե ոչ: Անիմաստ է, բացարձակ անիմաստ: Որպես համաճարակաբան, որպես մասնագետ` նման միջոցառումներ այս պահի դրությամբ անհրաժեշտ չէ իրականացնել»,- պարզաբանեց համաճարակաբանը:
Բայց չնայած սրան` Առողջապահության նախարարությունից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ գրիպի եւ սուր շնչառական վարակների վերաբերյալ այս եւ նախորդ սեզոնի վիճակագրական տվյալների համեմատությամբ` դիտվում է աշխուժացում: Սակայն անհրաժեշտ է նշել, որ սեզոնին, մասնավորապես` ձմեռային ամիսներին, կարող են արձանագրվել հիվանդացության տարբեր բարձրացումներ (պիկեր)` պայմանավորված թե՛ շրջանառվող հարուցչով եւ թե՛ հիվանդացության հետագա ակտիվությամբ:
Մեր այն հարցին, թե ներկա պահին հոսպիտալացման քանի դեպք կա, որից քանիսը թոքաբորբով, նախարարությունից արձագանքել են. «Հունվարի 10-ի դրությամբ սուր շնչառական վարակներով Հայաստանի բոլոր առողջապահական կազմակերպություններում հոսպիտալացված է 650 հիվանդ, որից 96 տոկոսն արձանագրվում է երեխաների շրջանում: Բոլորն ունեն առողջացման դրական շարժընթաց»: Ըստ ԱՆ-ի` իրավիճակին լիարժեք տիրապետելու համար իրականացվում է նաեւ թոքաբորբերի մշտադիտարկում, եւ թոքաբորբերով հոսպիտալացված հիվանդներ կան, սակայն ոչ բոլորն ունեն վիրուսային ծագում:
Այնուամենայնիվ, «Ժողովուրդ» օրաթերթը ԱՆ-ից հետաքրքրվեց, թե թոքաբորբով պայմանավորված` մահվան քանի՞ դեպք է գրանցվել այս տարվա հունվարի 1-ից մինչ օրս: Սակայն մեր այս հարցին ԱՆ-ից պատասխանեցին, որ թոքաբորբի վերաբերյալ տվյալները հավաքագրվում են տարեկան կտրվածքով: Ընդ որում` այժմ հավաքագրվում են 2018 թվականի տվյալները: Բայց ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` անցած տարվա հունվար-նոյեմբերին Հայաստանում արձանագրվել է վիրուսային թոքաբորբի 894 դեպք, իսկ թոքաբորբ` չճշտված հարուցիչով` 5701:
Հաշվի առնելով այս տվյալները` համաճարակաբան Լիաննա Թորոսյանից հետաքրքրվեցինք` արդյոք ՀՀ առողջապահության նախարարի ԺՊ Արսեն Թորոսյանը հրահանգե՞լ է բժշկական կենտրոնների ղեկավարներին ստուգման կամ լաբորատոր հետազոտության ենթարկել թոքաբորբի բոլոր դեպքերը: Համաճարակաբանը պնդեց, որ լաբորատոր հետազոտություններն արվում են դետքային հսկողության շրջանակներում եւ վիրուսի շրջանառությունը պարզաբանելու համար: Ըստ մասնագետի` այս մոտեցումը ոչ միայն մեր երկրում է, այլեւ ամբողջ աշխարհում: «Ոչ բոլոր դեպքերն են պահանջվում հետազոտել գրիպի նկատմամբ, քանի որ գրիպի հետզոտություններն արվում են ոչ դիագնոստիկ, այլ համաճարակաբանական նպատակներով շրջանառվող հարուցիչը պարզաբանելու համար: Եթե նախարարությունը հայտարարում է, որ շրջանառում է այս կամ այն հարուցիչը, ապա բուժական անձնակազմը տեղեկացված է, թե ցանկացած դեպքում բուժման ինչ տակտիկա, մեթոդաբանություն պետք է ընտրի»,- բացատրեց Լիաննա Թորոսյանը: Մյուս կողմից` մասնագետը դա անիմաստ միջոցառում համարեց: «Ես նորից եմ կրկնում` իրավիճակը վերահսկվում է, բայց ինչ վերաբերում է հետազոտություններին, սա միայն ՀՀ-ով չի պայմանավորված: Հարուցիչի պարզաբանման համար են արվում լաբորատոր հետազոտությունները»,- լրացրեց նա:
Այնուամենայնիվ, «Ժողովուրդ» օրաթերթը առողջապահության նախարարությունից հետաքրքրվեց` նախօրոք նախապատրաստական աշխատանքներ տարվե՞լ էին, պաշարվե՞լ էր համապատասխան անհրաժեշտ դեղորայք` կապված H1N1–ի հետ, վերապատրաստվե՞լ էին մասնագետները: Իսկ ԱՆ-ից մեր այս հարցին պատասխանել են, որ ի տարբերություն մի շարք երկրների` Հայաստանն ապահովված է հակավիրուսային դեղերով, որոնք բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունների կողմից ներկայացված հայտերի հիման վրա բաշխվել են: Պարզվում է, որ միջազգային փորձագետների անմիջական մասնակցությամբ հանրապետությունում վերապատրաստումներ իրականացվում են վերջին մի քանի տարիների ընթացքում: Այս տարի եւս մասնագետները վերապատրաստվել են ծանր սուր շնչառական վարակների վարման հարցերի շուրջ: Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, ամենայն հավանականությամբ, առաջիկա օրերին հրահանգ կտրվի դպրոցական հաստատությունները 10 օրով փակելու մասին: Բայց Ան-ից փոխանցեցին, որ համաճարակաբանական ցուցման դեպքում նախարարությունը հանդես կգա անհրաժեշտ առաջարկությամբ: Իսկ մինչ այդ մանկական հիվանդանոցներում, հիվանդանոցների մանկական բաժանմունքներում «ասեղ գցելու տեղ չկա». շատ են հիվանդ երեխաները, որոնց մի մասին նույնիսկ տեղավորել են այլ բաժանմունքներում:
Սյունէ Համբարձումյան