«Տակով անել» հնարավոր չէր. ինչ է իրականում թաքնված ԱԺ-ում հայտարարված տնտեսումների տակ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս տարվա հունվարի 10-ին ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը հայտնել էր, որ 2018 թ. ընթացքում արդյունավետ կառավարման եւ ծախսերի ճշգրիտ կանոնակարգման արդյունքում ունեցել են 404 միլիոն դրամի տնտեսում: Ավելին` նա ասել էր, թե վառելիքի գծով 2018թ-ին ՀՀ ԱԺ աշխատակազմը տնտեսել է 114.000 լիտր բենզին, որը պահեստավորվել է 2019 թ. համար: Սակայն, ըստ շրջանառվող լուրերի, այդ տնտեսումների մասին ԱԺ նախկին ղեկավարությունը հայտարարել է ստիպված:

Մինչ այդ Աժ տնտեսումները որեւէ տեղ ամրագրված չեն եղել եւ փաստաթղթերով չեն երեւացել: Նախորդ տարվա գարնանը տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո ԱԺ-ում զգուշացել են, հասկացել են՝ անհնարին է այդ ամենը «տակով անել», ու ստիպված հայտարարել են տնտեսումների մասին: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց Բաբայանին, որն էլ ասաց. «Տնտեսումների հետ կապված կանոնակարգումները դեռ 2017 թվականի սկզբից ենք իրականացրել: Դեռ 2017-ին մեր աշխատանքները այնպես ենք կազմակերպել, որը 2018-ի համար պիտի լուրջ տնտեսումներ ապահովեր: Այդ ճանապարհով էլ հասել ենք տնտեսումների»:

Նշեռնք, որա այսօր Արսեն Բաբայանը հավելյալ տեղեկություններ է ներկայացրել տնտեսումների մասին.

«2017 թվականին բենզինի գծով տնտեսումները սկսվեցին, երբ Աշխատակազմը նվազեցրեց հատկացվող բենզինի ամսական սահմանաչափերը: Այդ պահից սկսած Աշխատակազմին հաջողվեց ամսական տնտեսել շուրջ 7.000 լիտր բենզին: Նույն տարում հանձնաժողովների քանակի նվազմամբ կրճատվեցին նաև ծառայողական ավտոմեքենաները, որի արդյունքում էլ հնարավոր եղավ տնտեսել լրացուցիչ բենզին և այդ ավտոմեքենաների շահագործման ծախսերը:

Բենզինի սպառման սահմանաչափերի կրճատումները շարունակվեցին 2018 թվականին, միաժամանակ կրճատելով 14 ավտոմեքենա:
2018 թվականի տնտեսումների կտրուկ ավելացումը պայմանավորված է մի քանի հանգամանքով և համակարգմամբ, որոնց ներդրումն սկսվել էր դեռևս 2017 թվականին, երբ որևէ մեկի մտքով չէր անցնում, որ կարող է իշխանափոխություն տեղի ունենալ: Հենց այդ ժամանակ Աշխատակազմի համար արդեն պարզ էր, որ 2018-ին տնտեսումները լինելու են զգալի: Օրինակ՝ ներդրվեց էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգը, որի արդյունքում զգալի տնտեսումներ ունեցանք թղթի, տպիչ սարքերի, դրանց թանաքի ու սպասարկման գծով, կանոնակարգվեցին և նվազեցվեցին ներկայացուցչական և գործուղումների գծով, ինչպես նաև բազմաթիվ այլ ուղղություններով ծախսերը: Այս նպատակների համար ընդունվեցին բազմաթիվ իրավական ակտեր:

Անհնար է ունենալ տնտեսում և դրանք արտացոլված չլինեն համապատասխան փաստաթղթերում»:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս