Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատար Արսեն Մանուկյանի ներկայացմամբ ՀՀ կառավարության 2019թ. հունվարի 17-ի հերթական նիստում հավանության է արժանացել ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-Ի N 145-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» որոշման նախագիծը:
Նախագծի նպատակն է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների սոցիալական պաշտպանության բավարար մակարդակի ապահովումը, որոնք 2019 թվականի հունվարից կենսաթոշակի, ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերի բարձրացման պատճառով, չեն զրկվի ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստանալու իրավունքից:
Ընտանիքի անապահովության գնահատման միավորը հաշվարկելիս հաշվի է առնվում ընտանիքի անդամների ունեցած եկամուտներն, այդ թվում կենսաթոշակների, ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում տրվող նպաստները: Դրանց բարձրացման պարագայում՝ հնարավոր է այն հանգեցնի ընտանիքների անապահովության գնահատման համակարգի հիման վրա նշանակվող նպաստների (ընտանեկան, սոցիալական նպաստներ, հրատապ օգնություն) իրավունքի փոփոխության:
2019 թվականի հունվարից բարձրացել են ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը, ինչը կանդրադառնա մի շարք ընտանիքների ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունքի վրա:
Մասնավորապես, ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերն արդեն իսկ հունվարից սահմանվել են և վճարվել 25500 դրամի չափով։ Արդյունքում, առկա է ռիսկ, որ ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունքից կզրկվեն այդ ընտանիքների մի մասը։
Որոշմամբ հաստատված նորմը գործելու է յուրաքանչյուր ընտանիքի համար իր փաստագրման (դիմելու) ժամկետում: Արդյունքում նպաստի իրավունքը պահպանվում է ձմեռային ամիսներին այն ընտանիքների համար, որոնք ձմեռային ամիսների համար նախօրոք պլանավորել էին իրենց ծախսերը, մասնավորապես՝ ջեռուցման նպատակով, հաշվի առնելով նպաստի առկայությունն իրենց ընտանեկան բյուջեում:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին