Խորհրդարանն արդեն երկու օր է՝ քննարկում է մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը։ Եւ այս հարցում օրենսդիրը չի շարժվում գործադիրի տրամաբանությամբ. մինչ կառավարությունը փորձում է կրճատել նախարարությունների թիվը, խորհրդարանում, ընդհակառակը, ավելացնում են մշտական հանձնաժողովների քանակը: Եւ հիմա ԱԺ-ն նախկին 9 հանձնաժողովի փոխարեն ունենալու է 11 հանձնաժողով, ինչն իր հերթին ենթադրում է նաեւ ծախսերի ավելացում։
Ավելացված հանձնաժողովներից մեկը Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովն է, որն ունենալու համար նախկինում պայքարում էր «Ելք» խմբակցությունը, սակայն այն այս անգամ բաժին հասավ ԲՀԿ-ին: Հանձնաժողովի նախագահն էլ կլինի Նաիրա Զոհրաբյանը։ Իսկ ահա նրա նախկին՝ Եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովը տրվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին խոսնակ Արման Եղոյանին։ Նկատենք, որ սա այն դեպքն է, երբ գրեթե ողջ լրատվական դաշտն ուրախ է, որ վերջինս այլեւս Փաշինյանի խոսնակը չէ, սակայն մնում է հասկանալ՝ նա որքանով կկարողանա ղեկավարել այսպիսի կարեւոր հանձնաժողով։ Սակայն նաեւ ընդգծենք, որ այս հանձնաժողովն ամենապարապներից է, եւ այնտեղ ամենաքիչ նախագծերն են գալիս։ Եվ կարծիքներ են հնչում, թե այս հանձնաժողովն իրականում պետք է միացվի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին, սակայն դրա փոխարեն ավելացել է եւս մեկը: Խոսքը Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրացիայի հարցերով զբաղվող հանձնաժողովի մասին է, որը տրվել է Միքայել Մելքումյանին։
Սակայն խորհրդարանում մի քանի հանձնաժողով է միայն, որոնք ամենածանրաբեռնվածն են եւ շատ են օրինագծեր քննարկում։ Դրանցից մեկը Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն է, որը գլխավորելու է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Վլադիմիր Վարդանյանը։ Նա այս խմբակցությունում որպես իրավաբան ամենապրոֆեսիոնալներից է համարվում, եւ դրա համար է որոշվել հենց նրան վստահել այս հանձնաժողովը։ Աշխատատար հանձնաժողովներից է նաեւ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, որը տրվում է արտաքին գործերի նախկին փոխնախարար Ռուբեն Ռուբինյանին։ Այս որոշումն այնքան էլ իդեալականներից չէ, քանի որ Ռուբինյանն իր գործունեության ընթացքում ապացուցել է, որ շատ հարցերում կաղում է․հատկապես դա զգացվեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ բանավեճի ընթացքում։ Թեեւ չի բացառվում, որ այս իրավիճակում նա իրեն միանգամայն այլկերպ դրսեւորի ու արդարացնի ակնկալիքները:
Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն էլ կղեկավարի Նարեկ Զեյնալյանը։ Նրա թեկնածության մասին տարընթերցումներ չեն եղել, քանի որ վերջինս այդ ոլորտի մարդ է եւ զբաղվել է առողջապահության հարցերով նաեւ որպես Երեւանի ավագանու անդամ։
Սփյուռքի նախկին նախարար Մխիթար Հայրապետյանին չնեղացնելու եւ առանց պաշտոն չթողնելու համար նրան տվեցին երկար անվանումով մի հանձնաժողով՝ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը։ Եվ անվանման մեջ սփյուռք բառը, կարծես թե, դիտմամբ են ավելացրել։
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն էլ կղեկավարի դարձյալ Անդրանիկ Քոչարյանը: Նրա թեկնածության շուրջ եւս միասնական մոտեցում է եղել. ի վերջո, Քոչարյանը պաշտպանության փոխնախարար է եղել, նաեւ նա եղել է մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի ղեկավարը։ Նման մոտեցում է եղել նաեւ Վարազդատ Կարապետյանի շուրջ. նա կղեկավարի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը։ Իսկ Տնտեսական հարցերի հանձնաժողովը կնախագահի տնտեսական լրագրող Բաբկեն Թունյանը:
Հետաքրքիրն այն է, որ ամենապատասխանատու հանձնաժողովներից մեկն էլ բաժին է հասել «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը։ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը կնախագահի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Մանե Թանդիլյանը, որին առաջադրել էին Աժ փոխնախագահի պաշտոնում:
Նաիրա Հովհաննիսյան