Սիրելի՛ ընթերցողներ, ավարտին է մոտենում 2018 թվականը, տարի, որ Հայաստանի համար լի էր քաղաքական բուռն իրադարձություններով: Մինչեւ վերջին պահը համաժողովրդական շարժման հաղթանակն անհավատալի էր թվում, բայց կատարվեց անսպասելին. թավշյա հեղափոխությունը հաղթեց առանց զոհերի, առանց արյան: 20 տարի շարունակ իշխանության ղեկին գտնվող ՀՀԿ-ն` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, չնայած իշխանությունը դեռ երկար պահպանելու տարատեսակ ծրագրերին, համաժողովրդական ճնշման ներքո ստիպված եղավ հեռանալ, նաեւ համաձայնել իրավունքի ուժով ԱԺ արձակմանը: Կարելի է ասել` վերջին քսան տարվա ընթացքում Հայաստանում տեղի ունեցան իսկապես ազատ եւ արդար, միջազգային չափանիշներին համապատասխան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, եւ քաղաքացին վերստին տերը դարձավ իր երկրի։ Ըստ այդմ` 2019 թվականը հույսերի եւ հույզերի տարի է, մեծ են ակնկալիքները ու սպասումները նոր իշխանություններից։ Արդ պետք է աշխատել արդարացնելու համար այն ակնկալիքներն ու հույսերը, որոնք ժողովուրդն ունի` տալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը ավելի քան 70 տոկոս քվե: Այնպես որ, սիրելի՛ ընթերցողներ, շնորհավո՛ր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ։
Թավշյա հեղափոխությունից հետո միաժամանակ, սակայն տարբեր քրեական գործերի շրջանակներում կալանավորվեցին ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանն ու գործարար Արթուր Ասատրյանը` դոն Պիպոն: Ասատրյանը, որ կալանավորվեց ապօրինի զենք-զինամթերք պահելու մեղադրանքով, որոշ ժամանակ անց ազատ արձակվեց: «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում Ասատրյանը նշել է, թե իրեն մեղավոր չի համարում: Ավելին` նա հիշեցրել է, որ իր դեմ էին ժամանակին մահափորձ կազմակերպել: Ըստ այն ժամանակվա մամուլի հրապարակումների` մահափորձը պատվիրել էր Արտյոմ Կանեւսկոյ անունով հայտնի քրեական հեղինակությունը: «Ես հանցանք չեմ գործել: Մարդիկ են եկել, ուզել են սպանել ինձ: Էդպես ասում են: Ամեն ինչ պարզ, արդար ձեւով գրված է, ժողովուրդը տեսել է: Տեսաք` ինչ արձագանք ունեցավ: Մարդիկ ասում էին` եթե նույնիսկ ինքը` այսինքն ես, նման բան եմ արել, սխալ չեմ արել. չէ՞ որ եկել էին ինձ սպանելու: Համենայնդեպս, չեմ արել նման բան: Եթե արած էլ լինեի, դա էլ հանցանք չէր լինի, որովհետեւ ես ընդամենը կանխած կլինեի սպանությունը»,- ասաց նա:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «Սվիթուեյ տրանս» ընկերությանը պարտավորեցրել է պետական բյուջե վճարել 296 հազար դրամ պարտքը: Պարզվում է` այս ընկերությունը դեռեւս 2010 թվականից ունի ռադիոհաճախականության օգտագործման թույլտվություն, բայց մինչ օրս չի կատարել դրա վճարումը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ տաքսի ծառայությունը պատկանում է Երեւանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության նախկին պետ Հրայր Անտոնյանին, որը «Զիբիլիքս» գործի շրջանակներում մեղադրվում է 2017թ. Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ի եւ Տարոն Մարգարյանի օգտին ընտրակաշառք բաժանելու մեջ: Անտոնյանն ունի մի քանի հատ տաքսի ծառայություն: Նրան են պատկանում ոչ միայն Երեւանում «Սվիթ ուեյ տրանս», այլեւ Վանաձորում «Կառուզո տրանս» տաքսի ծառայությունները: Ըստ ՀՀ պետական ռեգիստրի` «Սվիթ ուեյ տրանս» տաքսի ծառայության հիմնադիրը Քրիստինե Անտոնյանն է` Հ. Անտոնյանի կինը, իսկ «Կառուզո տրանս»-ի հիմնադիրը Համեստ Առաքելյանն է` Անտոնյանի մայրը:
Իրավունքի ուժով արձակված խորհրդարանի ՀՀԿ խմբակցության պատգամավորներից Մանվել Գրիգորյանը, որին թավշյա հեղափոխությունից հետո կալանավորել էին հայտնի քրեական գործի շրջանակներում, հայտնվել է ամենաշատ անհարգելի բացակա ունեցող պատգամավորների թվում: «Ժողովուրդ» օրաթերթի գրավոր հարցմանն ի պատասխան` ԱԺ-ից տեղեկացրել են, որ Մանվել Գրիգորյանն ԱԺ-ից եւ ԱԺ մշտական հանձնաժողովներից անհարգելի բացակայել է 9 անգամ: Արդյունքում խորհրդարանի ղեկավարությունը նրան պատժել է` աշխատավարձից պահումներ անելով: Մեր հարցմանն ի պատասխան` ԱԺ-ից տեղեկացրին, որ Մանվել Գրիգորյանի աշխատավարձից 9 անհարգելի բացակայության համար պահվել է 287 հազար 367 դրամ: Տեղեկացնենք նաեւ, որ ամենաշատ անհարգելի բացակայություն ունեցող պատգամավորներն ԱԺ ՀՀԿ եւ «Ծառուկյան» խմբակցություններից են:
ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԿԱՆ
Այս տարվա «Երջանկության համաշխարհային զեկույցի» համաձայն` Հայաստանը 156 երկրերի շարքում 129-րդ հորիզոնականն է զբաղեցրել: Ցուցանիշն, իհարկե, գոհացուցիչ չէ. նախորդ տարի 155 երկրների շարքում Հայաստանն, ըստ բնակչության երջանկության չափանիշի, հայտնվել էր 121-րդ տեղում: Հայաստանի ցուցանիշները գոհացուցիչ չեն նաեւ հարեւան երկրների հետ համեմատած. ՀՀ-ն 1 քայլով զիջում է հարեւան Վրաստանին, որը 128-րդ տեղում է. Ադրբեջանը՝ 87-րդ, Թուրքիան՝ 74-րդ հորիզոնականներն են զբաղեցրել:
ՄԱԿ-ի պատվերով ամեն տարի անցկացվող այս հետազոտության արդյունքները հետաքրքիր են: Ի վերջո, այսպես կարելի է ընդհանուր պատկերացում կազմել տվյալ երկրի, ժողովրդի վիճակի մասին: ՈՒ սխալված չենք լինի, եթե ասենք, որ զեկույցը գոնե Հայաստանի մասով, ընդհանուր առմամբ, արտացոլում է իրական պատկերը: Արտացոլում է, որովհետեւ պարզ է՝ այս տարի հրապարակված զեկույցի համար համապատասխան ուսումնասիրությունները մասնագետներն անցկացրել էին դեռ նախորդ տարի, այսինքն՝ դեռ մինչեւ թավշյա հեղափոխությունը: Իսկ ՀՀԿ իշխանության տարիներին, երբ քաղաքացին օտարված էր իր պետությունից, երբ ամեն քայլափոխի ոտնահարվում էին մարդկանց իրավունքները, ճնշվում ազատությունը, երբ թեւածում էր ապօրինությունն ու անարդարությունը, ծաղկում կոռուպցիան, բնական է՝ իրեն չէր կարող երջանիկ համարել: Այլապես հազիվ թե երջանիկ ժողովուրդն ընտրությունների ժամանակ իրեն թույլ տար քվեն՝ առաջիկա հինգ տարիները, վաճառել 10 հազար դրամով. տխուր պատկեր, որին ականատես ենք եղել նախկինում ու ականատես ենք եղել մշտապես: Այնպես որ, այդ պատճառով Հայաստանը 156 երկրների շարքում 129-րդ հորիզոնականն է զբաղեցրել:
Հիմա` Հայաստանում այս տարի տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո, իրավիճակն այլ է: Համաժողովրդական շարժման հաղթանակից հետո, երբ մարդկանց հաջողվեց ամբողջական իշխանափոխություն իրականացնել, իսկապես իրավիճակ է փոխվել. ՀՀ քաղաքացին կարծես վերգտել է իրեն, վերգտել է իր երջանկությունը:
Ու հիմա նոր իշխանությունները պարտավոր են ջանք ու եռանդ չխնայել այդ ուղղությամբ, երկրի հզորացման, բարեկեցության ապահովման համար, որպեսզի քաղաքացին էլ իրեն լիարժեք երջանիկ զգա: Եւ հետո, հիշում եք՝ ԱԺ ընտրություններում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» կարգախոսը հենց սկսվում էր «երջանիկ անհատ» բառակապակցությամբ: Այնպես որ, անհատի երջանկությունը եւ պետության հզորացումը իշխանությունների համար պետք է լինեն գերնպատակներից: Ի վերջո, հայ ժողովուրդը երջանիկ լինելու իրավունք ունի եւ պետք է լինի երջանիկ: