ԱՏՐՃԱՆԱԿՈՎ ՊԵՏՔ Է ԱՌԱՆՁՆԱՆԱ ՄԻ ՍԵՆՅԱԿՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, օրեր առաջ, դատարանի որոշմամբ, փոխվեց Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը: Վերջինս ազատ արձակվեց գրավի դիմաց: Այդ առիթով Էջմիածի բնակիչները իրենց բողոքի ձայնը բարձրացրին: Ցույցերի օրերին սկսեց շրջանառվել Արթուր Ասատրյանի` Դոն Պիպոյի անունը: Շատերի պնդմամբ հենց նա էր կանգնած այդ ամենի հետեւում եւ ուղղորդում էր բողոքի ակցիաները: «Ժողովուրդ» օրաթերթը այս եւ այլ հարցերի մասին զրուցել է գործարար Արթուր Ասատրյանի` Դոն Պիպոյի հետ:

-Թավշյա հեղափոխությունից հետո ի՞նչ է փոխվել Հայաստանում: Այն մարդիկ, որոնք ուզում են գալ, ներդրումներ անել, նրանց համար նպաստավոր պայմաններ ստեղծվա՞ծ են:
-Ես հիմա Հայաստանում չեմ: Առողջական հարցերով եկել եմ Իտալիա: Ամսի 10-ին վերադառնալու եմ: Ընտրություններն անցան: Հիմա նոր պետք է կառավարություն ձեւավորվի: Ամեն բան դեռ ապագայում է, ոչ մեկը ոչինչ չի կարող ասել հիմա: Ամբողջ աշխարհում էլ նույն իրավիճակն է. կառավարություն եւ պառլամենտ ձեւավորելուց հետո նոր մարդիկ մտածում են` ինչ քայլեր անել: Հիմա բնական է, որ բոլորը սպասողական վիճակում են:
-Այնուամենայնիվ, ի՞նչ ակնկալիքներ ունեք այս կառավարությունից:
-Ոչ միայն ես ունեմ ակնկալիքներ, այլ ամբողջ հայ ազգը: Բոլորիս ակնկալիքներն էլ գրեթե նույնն են: Ամեն նոր տարվա հետ սպասում ենք հրաշքների: Որ ասեմ շատ փոփոխություններ եմ տեսել, ոչ: Հայաստանում ապրող ժողովրդի մեջ վստահություն եմ տեսնում դեպի իշխանությունները: Պետք է ամրապնդել այդ վստահությունը, պետք է, որ այն մարդիկ, որոնք կիսահավատի մեջ են, լրիվ հավատան, որ ամեն ինչ դեպի լավն է գնում: Դրանից հետո էլ մարդիկ հետ կվերադառնան, կապրեն Հայաստանում, ներդրումներ կանեն:
-Դուք ազատ եք արձակվել գրավի դիմաց, այսինքն` Ձեր նկատմամբ քրեական գործ կա հարուցված, որը դեռ ընթացի մեջ է: Կարո՞ղ ենք իմանալ` ինչ փուլում է գտնվում գործը:
-Գործը դեռ քննության փուլում է: Ամսի 10-ին հետ եմ գալու: Երեւի մինչեւ այդ քննությունը կավարտվի, դրանից հետո արդեն ժամանակը ցույց կտա, որովհետեւ ես անմեղ եմ ու ոչ մի հանցանք չեմ գործել: Հետ եմ գալու` առողջական հարցերիս հետ կապված ամեն ինչ թողնելով կիսատ: Գործը կավարտվի, նորից կվերադառնամ բուժումս շարունակելու:
-Փաստորեն չե՞ք ընդունում Ձեզ առաջադրված մեղադրանքը:
-Ես ընդհանրապես ինձ մեղավոր չեմ համարում: Առաջին օրվանից ասել ու հիմա էլ ասում եմ, որ ընդհանրապես կապ չունեմ այդ գործի հետ: Ես հավատում եմ, որ արդարությունը կհաղթի, արդարությունը կգտնի իր իսկական տեղը, ճշմարտությունը դուրս կգա ջրի երես, ժողովուրդն էլ կտեսնի, կիմանա իրականությունը: Ես հանցանք չեմ գործել: Մարդիկ են եկել, ուզել են սպանել ինձ: Էդպես ասում են: Ամեն ինչ պարզ, արդար ձեւով գրված է, ժողովուրդը տեսել է: Տեսաք` ինչ արձագանք ունեցավ: Մարդիկ ասում էին` եթե նույնիսկ ինքը` այսինքն ես, նման բան եմ արել, սխալ չեմ արել. չէ՞ որ եկել էին ինձ սպանելու: Համենայնդեպս, չեմ արել նման բան: Եթե արած էլ լինեի, դա էլ հանցանք չէր լինի, որովհետեւ ես ընդամենը կանխած կլինեի սպանությունը: Ոչ մի վատ բան արած չէի լինի. ո՛չ գողություն է, ո՛չ էլ ուրիշի հացին վայիս լինել: Բայց նորից եմ ասում` կապ չունեմ դրա հետ:
-Ինչպես տեղյակ եք, Մանվել Գրիգորյանը գրավի դիմաց ազատ է արձակվել: Սպասելի՞ էր, որ խափանման միջոցը կփոխվի:
-Ես ոչ մեկի կալանքը չեմ ուզում աշխարհում: Ես ինքս տեսել եմ, թե ինչ բան է կալանքը, եւ ես նման բան որեւէ մեկին չեմ ցանկանում: Ինչ որ վերաբերում է Մանվել Գրիգորյանին, հակառակը, ես ուրախ եմ, որ ինքը հիմա շփվելու է իրականության հետ: Ես չեմ ուզում, որ նույնիսկ մեկ օր ինքը բանտում լինի, որովհետեւ բանտում լինելով, իրականությունը չտեսնելով, ինֆորմացիա չունենալով` նա չի հասկանա` ինչ իրավիճակ է փոխվել, ու ինքը իրականում ինչեր է արել: Հիմա ինքը աղոթք ա անելու, որ նստած լինի, որովհետեւ ինքը` որպես տղամարդ, իրականության հետ ծանոթանալով, տեսնելով, որ տարիներ շարունակ ամենամեծ լծակները իր ձեռքում ունենալով, մարդկանց բացի վատությունից լավություն չի արել, կհասկանա ամեն ինչ: Հիմա եթե ինքը խորը մտածի, խորը հասկանա` ինչ է արել, կտեսնի, որ ինքը երկու ճանապարհ ունի. մի ճանապարհը այն է, որ իր ատրճանակով պիտի առանձնանա մի սենյակում, իսկ եթե իր տղամարդկությունը չի հերիքում, որ դա անի, կարող է գնալ, դառնալ ճգնավոր, որ ժողովուրդը ների իրեն:
-Խափանման միջոցի փոխվելը ժողովրդի դժգոհության ալիքը բարձրացրեց: Էջմիածնում մի քանի օր է` ցույցեր էին: Ձեր անունը այս մասով շատ է շրջանառվում: Ասում են` դուք եք ուղղորդել: Ի՞նչ կասեք:
-Իմ անունը բոլոր տեղերում շրջանառվում է: Լեննականում որ ֆայտոն շուռ գա, կասեն, թե ես եմ մեղավոր: 25 տարի է` ես Հայաստանում չեմ ապրում: Արդեն հոգնել եմ այդ մեղադրանքներից: Իսկ ինչ որ անում է ժողովուրդը, դա իր ապրած տարիների արդյունքն է: Մանվել Գրիգորյանը դա իր աչքով է տեսնում: Չկա ավելի մեծ պատիժ, քան այն, որ ինքը համարվում է ազգի հերոս եւ տեսնում է, որ մի ամբողջ ժողովուրդ իր դեմ է դուրս եկել, որ ինքը չկարողանա մտնի իր տուն: Դրանից ահավոր այլ բան չի կարող լինել տղամարդու համար: Կարո՞ղ ա Արթուր Ասատրյանն է իրեն խնդրել, որ 25 տարի շարունակ մարդկանց նեղացնի, մարդկանց տները խլի կամ մարդկանց տուշոնկեքը տանի իրենց տուն: Ամեն ինչի մեջ ինձ են մեղադրում: Ես դրսում եմ ապրել, չեմ էլ հետաքրքրվել` Մանվելը ինչով ա զբաղվում: Ինքը ստանում է իր ապրած տարիների արդյունքը: Ինչ ձեւով ապրել ես, ուշ թե շուտ, դա դուրս է գալու քո դեմ: Թող սա բոլորի համար խրատ լինի, որ ամեն քայլ անելուց առաջ մտածեն, թե ինչ են անում: Ուղղակի մի բան ասեմ. ինչ իմ անունի հետ պտտվում է, դա լավ կարդացվում է:

Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆԸ

 

 

 

ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ԶԻՋԵԼ Է ԻՐ ԴԻՐՔԵՐԸ

ՀՀ Ազգային ժողովի 6-րդ գումարման պատգամավորների հետ վերջնահաշվարկ կատարվելու է: Այս մասին, «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան, նշեցին ԱԺ աշխատակազմից:

Միեւնույն ժամանակ «Ժողովուրդ» օրաթերթը հարցում էր ուղարկել` խնդրելով տրամադրել ՀՀ Ազգային ժողովի 6-րդ գումարման պատգամավորների հերթական ու արտահերթ նիստերից, հանձնաժողովների նիստերից անհարգելի բացակայությունների համար աշխատավարձերից պահված գումարի չափը:
Ամենաշատը անհարգելի բացականեր ունեցող պատգամավորը «Ծառուկյան» խմբակցության ներկայացուցիչ Իշխան Զաքարյանն է. նա ունի 40 բացակա, եւ նրա աշխատավարձից, ընդհանուր առմամբ, պահվել է 1 մլն 244 հազար 503 դրամ: Երկրորդ ամենաշատ բացակայած պատգամավորը Կարեն Կարապետյանն է` 27 բացակայով եւ 780 հազար 759 դրամ պահված գումարով: Եվ մի քանի տարի առաջին հորիզոնականում գտնվող Գագիկ Ծառուկյանն այս անգամ միայն երրորդն է` 26 բացակայով եւ 751 հազար 583 դրամ պահված գումարով:
Այլ բացականերին ներկայացնում ենք ստորեւ.
Արթուր Մանուկյան` 23 բացակա, 695 հազար 068 դրամ
Մելիք Մանուկյան` 21 բացակա, 687 հազար 905 դրամ,
Միհրան Պողոսյան` 21 բացակա, 655 հազար 012 դրամ,
Վահան Կարապետյան` 27 բացակա, 780 հազար 579 դրամ,
Սամվել Ալեքսանյան` 19 բացակա, 621 հազար 477 դրամ,
Սասուն Միքայելյան` 18 բացակա, 581 հազար 272 դրամ,
Սեյրան Սարոյան` 15 բացակա, 454 հազար 372 դրամ,
Արարատ Զուրաբյան` 13 բացակա, 421 հազար 327 դրամ,
Արման Սահակյան` 13 բացակա, 419 հազար 625 դրամ,
Աշոտ Արսենյան` 12 բացակա, 339 հազար 305 դրամ,
Արտակ Սարգսյան` 11 բացակա, 363 հազար 719 դրամ,
Մանվել Գրիգորյան` 9 բացակա, 287 հազար 367 դրամ
Արկադի Համբարձումյան` 8 բացակա, 232 հազար 087 դրամ,
Արգամ Աբրահամյան` 7 բացակա, 222 հազար 850 դրամ,
Հակոբ Բեգլարյան` 7 բացակա, 199 հազար 703 դրամ:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ԱՄԵՆ ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՆ
Նորընտիր խորհրդարանում «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչների թիվն այնքան շատ է, որ հնարավորություն է տալիս կատարել ցանկացած փոփոխություն, այդ թվում` ամենաաղմկահարույց նախագծերի կամ պաշտոնների փոփոխություն: Խոսքը վերաբերում է խորհրդարանի կողմից ընտրովի պաշտոններին, այդ թվում` դատավորներին, Մարդու իրավունքների պաշտպանին, Բարձրագույն դատական խորհրդի անդամներին եւ այլն: Նշված մարդիկ ընտրվում են խորհրդարանի կողմից` պատգամավորների ձայների 3/5-րդով: Տվյալ դեպքում 132 պատգամավոր ունեցող խորհրդարանի պարագայում 3/5-րդը ստացվում է 79 քվե: Իսկ իշխանական «Իմ քայլը» խմբակցությունն ունի 88 պատգամավոր եւ ստացվում է, որ նրանց ոչինչ չի խանգարում այդ ամենը իրականացնելու համար:

 

 

ՊՆ-ԻՑ ԱԶԱՏՄԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ
Պաշտպանության նախարարի կողմից ազատված ՊՆ պաշտոնատար անձինք դիմել են դատարան: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Մեսրոպ Մարգարյանը պահանջում է դատարանից անվավեր ճանաչել Պայմանագրային զինվորական ծառայությունից արձակելու մասին ՀՀ Պաշտպանության նախարարի` 2018թ դեկտեմբերի 10-ի հրամանը: Նա նաեւ պահանջում է նախկին պաշտոնում վերականգնել եւ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին պաշտոնային դրույքաչափը բռնագանձել: Նշենք, որ այս գործով դատավորը լինելու է Ավագ Գաբրիելյանը:

 

 

ՕՏԱՐԵՐԿՐԱՑՈՒՆ ՄԵՐԺԵԼ ԵՆ
«Շրջակա միջավայրի մոնիթորինգի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը դիմել է գնումների բողոքարկման խորհուրդ եւ պահանջել սեւ ցուցակում ներառել Ռասուլ Ռահիմի Մաջդի Հասսանի Ա/Ձ-ին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՊՈԱԿ-ի կողմից աղբամանի ձեռքբերման կազմակերպված գնանշման հարցման ընթացակարգին մասնակցության հայտ է ներկայացրել Ռասուլ Ռահիմի Մաջդի Հասսանի Ա/Ձ-ն, որի կողմից առաջարկված գնային առաջարկը կազմել է 320 հազար դրամ: Սակայն որոշ ժամանակ անց Ա/Ձ-ի հայտը մերժվել է, քանի որ վերջինս հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով ունեցել է ժամկետանց պարտավորություն` 33 հազար 671 դրամի չափով: Ավելին, Ռասուլ Ռահիմի Մաջդի Հասսանի Ա/Ձ-ին առաջարկվել է մեկ աշխատանքային օրվա ընթացքում շտկել արձանագրված անհամապատասխանությունը: Սակայն դա չի արվել Ա/Ձ-ի կողմից: Արդյունքում գնումների բողոքարկման խորհուրդը որոշել է բավարարել ՊՈԱԿ-ի` Ռասուլ Ռահիմի Մաջդի Հասսանի Ա/Ձ-ն գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու պահանջը: Եւ օտարերկրացուն պատկանող Ա/Ձ-ն երկու տարով ներառվել է սեւ ցուցակում:




Լրահոս