ԱՆՑՆՈՂ ՏԱՐԻՆ` ՄԵԿ ԱԿՆԹԱՐԹՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2018թ. Հայաստանի համար դարձավ բացառիկ տարի` վերջին երկու տասնամյակի կտրվածքով: Բացառիկ էր առաջին հերթին այն առումով, որ ժողովրդի կամքով իշխանության փոփոխություն տեղի ունեցավ: Այս համատեքստում ամփոփելով անցնող տարին` կարելի է, ի տարբերություն նախորդ անգամների, վերջապես խոսել հնարավոր դրական փոփոխությունների իրական ակնկալիքների մասին:

Չորրորդ նախագահ
Երբ Սերժ Սարգսյանը տարվա սկզբին ՀՀ 4-րդ նախագահի պաշտոնում առաջադրում էր Արմեն Սարգսյանի թեկնածությունը, համատարած ընկալում կար, որ վերջինս իր արարողակարգային դերակատարությամբ ընդամենը տեղապահ է լինելու: Նախագահական ուղղակի ընտրությունների վերացման պայմաններում հատկապես նախագահի դերը համազգային ֆիգուրից էականորեն նվազել էր եւ հանրության ակնկալիքների համատեքստում նկատելի չէր: Նախագահի լիազորությունների ծայրահեղ կրճատումը, ինչպես նաեւ նստավայրի առգրավումը, է՛լ ավելի համոզեցին, որ 4-րդ նախագահը ՀՀԿ-ի եւ անձամբ Սերժ Սարգսյանի իշխանավարության պայմաններում որեւէ լուրջ դերակատարություն չի ունենալու: Նման մտայնությունը, սակայն, լիովին հիմնավոր էր, քանի որ անհնար էր պատկերացնել, որ Սերժ Սարգսյանը թույլ կտար Արմեն Սարգսյանին որպես նախագահ ինքնադրսեւորվելու եւ այդ էլ այն պարագայում, երբ ինքն էր 10 տարի կրել նախագահի «տիտղոսը» եւ Արմեն Սարգսյանին այդ աթոռին բազմեցրել ՀՀԿ-ի խորհրդարանական մեծամասնությամբ: Սակայն ապրիլ-մայիսյան իրադարձությունները ոչ միայն քաղաքական դասավորությունը փոխեցին Հայաստանում, այլեւ վերափոխություններ հրամցրեցին նաեւ պետակառավարման բնագավառում, որոնցից մեկն էլ վերաբերում էր նախագահի ֆիգուրի ընկալմանը: Կարելի է ասել, որ Արմեն Սարգսյանը լիովին ազատվեց ՀՀԿ-ի` իրապես ճնշող եւ իր գործունեությունը սահմանափակող ներկայությունից ու թերեւս ամենաարագն ադապտացվեց նոր իրողություններին: Լիազորությունների սահմանափակվածությամբ հանդերձ` 4-րդ նախագահը նախորդ ամիսներին հիմնականում ներդաշնակեց ժողովրդի աջակցությունը վայելող քաղաքական շրջանակին: Նոր նախագահից առաջիկայում կարելի է ակնկալել համեմատաբար ավելի ակտիվ ու թափանցիկ գործունեություն` ներքին քաղաքականության մեջ արբիտրի ուրույն կարգավիճակով: Կարելի է ասել, որ Արմեն Սարգսյանի իսկական նախագահությունը սկսվելու է 2019թվականից:
Հեղափոխություն
Ս.թ. ապրիլի 9-ից մինչեւ 16-ը ընկած ժամանակահատվածում Սերժ Սարգսյանի 7-օրյա բացակայությունը իշխանությունից ճակատագրական հետեւանքներ ունեցավ նրա համար: Իրավիճակում, երբ թվում էր Սարգսյանը չի խորշի նախկին փորձով հանրային ալիքը ճնշելու քայլից, տեղի ունեցավ անսպասելին: Պարզվեց, որ իշխանության փամփուշտները 2008թ. մարտի 1-ին սպառվել էին, ինչպես նաեւ ճաք էր տվել իշխանական բուրգը: Ռուսահայ օլիգարխիայի հետ 2015թ. կոմպրոմիսից շեղված ու, ինչպես միշտ, սեփական ճանապարհային քարտեզը գծած Սարգսյանը կանգնեց փաստի առաջ` հանձին հաստատակամ հրապարակի: Հանրության համառությունը, շարժման ղեկավարության հաշվարկված գործողությունները թույլ չտվեցին իշխանությանը վերակազմակերպվելու` ակամայից ունենալով երկու տարբերակ` կա՛մ դիմել զենքի, կա՛մ հրաժարական տալ: Սարգսյանը խոհեմաբար ընտրեց երկրորդը` չխոչընդոտելով ժողովրդի թեկնածուի վարչապետության ամրագրմանը: Ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանի հրաժարականի, ապրիլի 25-ին ֆրուկտիդորական բնույթի իշխանազավթման տապալման, մայիսի 1-ին քրեաօլիգարխիայի ռեւանշի շղթան փակվեց` մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանի` վարչապետ ընտրվելով: Նախորդ իշխանության անկման եւ ժողովրդի թեկնածուի ընտրության արարը հիրավի պատմական խոշոր նշանակություն ունեցավ, որը վերջ դրեց իշխանության նվաճման արատավոր պրակտիկային: Ուստի հարկ է 2018թ. հեղափոխությունը դիտարկել հենց այս լույսի ներքո, երբ իշխանությունը ոչ թե նախագահականից փոխարկվեց վարչապետականի, փոխանցվեց ժառանգաբար կամ զավթվեց պալատական հեղաշրջմամբ, այլ վերադարձվեց ժողովրդին: Դրանով հաղթահարվեց հոգեբանական բավականին լուրջ բարդույթ, որի տեղապտույտի մեջ էր գտնվում հայ հանրությունը ավելի քան երկու տասնամյակ:Անշուշտ, իշխանության այդ վերադարձը չի կարող վերջնական համարվել, քանի դեռ չի ամրապնդվել ինստիտուցիոնալ մեխանիզմներով ու վերափոխումներով, սակայն պատմական առաջին խոշոր նվաճումն արձանագրված է, որը հաջող հիմք է պետական շինարարության համար:
Նոր խորհրդարան
Պետականաշինության կարեւորագույն գործիքն էլ, ըստ այդմ, պետք է դառնա դեկտեմբերի 9-ին ընտրված Ազգային ժողովը: Այն, կարելի է ասել, իր բնույթով հեղափոխական է, որն իշխանությունը փողոցից տեղափոխել է խորհրդարան: Ի սկբզանե վերջինս կոչված էր հենց քաղաքական իշխանության իրացման մարմին լինելու, սակայն տարիների հետեւողական դեգրադացիայի արդյունքում խորհրդարանը հայկական քաղաքական ներկապնակում վերածվել էր կոճակասեղմության ակումբի, որի միակ խնդիրը նախագահի սպասարկումն էր:Դրա վկայությունն էր ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի կողմից Ազգային ժողով հետեւողականորեն չայցելելն ու հաշվետվություն չներկայացնելը, այլեւ այն, որ պետության քաղաքական հարցերը որոշվում էին Բաղրամյան 26-ում եւ հաստատվում ոչ այլուր, քան Մելիք-Ադամյան փողոցում գտնվող ՀՀԿ գրասենյակում:Հայաստանում խորհրդարանին փոխարինել էր ՀՀԿ Գերագույն մարմինը` ԽՄԿԿ-ի պոլիտբյուրոյի տիպիկ նմանակմամբ: Ի դեպ, ՀԽՍՀ Գերագույն խորհուրդն էլ ձեռնասուն մի մարմին էր մինչեւ Ղարաբաղյան շարժումը եւ հենց շարժման շրջանում էլ անթաքույց դրսեւորվեց դրա անկարողությունը պետական ու ազգային նշանակության հարցերը լուծելու հարցում:Այսօր 7-րդ գումարման խորհրդարանը բարդ առաջադրանք ունի կատարելու` ապահովել ռեֆորմների ինստիտուցիոնալությունը եւ վերադարձնել նախորդ տարիներին մսխված քաղաքական կերպարանքը:Խորհրդարանը պետք է վերջնականապես դառնա այն վայրը, որտեղ կայանում է քաղաքականությունը եւ այլեւս չի վերադառնում փողոց: Խորհրդարանի գերագույն խնդիրը պիտի լինի պետական ու հասարակական կյանքում առաջացող խնդիրներին առավելագույնս աշխատող լուծումներ ներկայացնելը: Եթե խորհրդարանը բաց թողնի այս նպաստավոր պահը եւ շարունակի նախկին իներցիոն բնույթը, պատմության դասը կրկնելու նոր կարիք կզգացվի:
Իսկ առայժմ հանրային ակնկալիքները հստակ են, հույսերը` մեծ: Տարիների ընդմիջումից հետո Նոր տարվա գալուստը չի ազդարարվում հոռետեսական կանխատեսումներով ու վատթարագույնից խուսափելու կիսավարտ հույսով: Հայաստանը 2018 թ. լքում է որպես մեջքն ուղղած պետություն` թոթափած նախորդ տարիների իշխանության դելեգիտիմացիայի ծանրագույն բեռը, իսկ 2019 թվականից ակնկալում է խաղաղություն ու ստեղծագործ աշխատանք:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

ԴԱՏԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Կարինե Պետրոսյանը եւ Ալեքսեյ Սուքոյանն իսկական պատերազմ են հայտարարել ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս երկու դատավորները Հարությունյանի դեմ հայց են ներկայացրել ՀՀ վարչական դատարան: Նրանք պահանջում են Գագիկ Հարությունյանին ԲԴԽ նախագահ ընտրելու մասին ԲԴԽ 2018 թվականի մարտի 5-ի գործողությունները ճանաչել ոչ իրավաչափ: Մեզ հայտնի դարձավ, որ նրանք պահանջում են ընդունել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի դրույթները, հայցի ապահովման միջոցներ ձեռնարկել, այն է` արգելել Գագիկ Հարությունյանի` ԲԴԽ նախագահի լիազորությունների իրականացումը մինչեւ սույն գործով կայացված վերջնական դատական ակտի՝ օրինական ուժի մեջ մտնելը:

 

 

ԱՆՀԱՅՏ ՃԱԿԱՏԱԳՐՈՎ
Ալավերդու պղնձաձուլական գործարանի ճակատագիրը դեռ շարունակում է անհայտ մնալ։ Տեղեկացնենք, որ գործարանը շահագործող «Էյ Սի Փի» ՓԲԸ-ն մոտ 500 մլն դոլար վարկի դիմաց գրավադրված է ռուսաստանյան ՎՏԲ բանկում։ Երեկ գործարանի աշխատողները «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ մինչեւ փետրվարի վերջ իրենք կշարունակեն աշխատավարձ ստանալ։ Այսինքն` դեռ երկու ամիս գործարանի աշխատողները աշխատանքից ազատման վերաբերյալ ծանուցում չեն ստանա։ Բայց փետրվար ամսից հետո աշխատողները չգիտեն, թե ինչ են անելու։ Իսկ «Վալլեքս» ընկերության եւ «ՎՏԲ-Հայաստան» բանկի միջեւ տեղի ունեցած բանակցություններն անարդյունավետ են։ Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեժլումյանի կողմից տրվել է ընկերության աշխատողների պայմանագրերի լուծման պահը երկու ամսով հետաձգելու նոր հանձնարարական, որի հիման վրա գործարանի աշխատողները կստանան նոր ծանուցումներ համապատասխան աշխատանքային պայմանագրերը 2019 թվականի փետրվարի 28-ից լուծարելու մասին: Իսկ մինչ այդ նշենք, որ գործարանի մասնագետները հեռանում են Ալավերդիից՝ հաստատվելով կա՛մ Կապանում, Քաջարանում, կա՛մ էլ արտերկրում։

 

 

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ
2019 թվականի փետրվարի 17-ին Հայաստանում տեղի կունենան մի քանի համայնքների ղեկավարների ընտրություններ: Համապատասխան նախագծերն ընդգրկված են կառավարության այսօրվա նիստի օրակարգում: Ինչպես եւ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր օրեր առաջ, այդ օրը տեղի է ունենալու Գեղարքունիքի մարզի Վարդենիսի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն: Բացի այդ, ընտրություններ տեղի կունենան նաեւ Լոռու մարզի Ձորագետի համայնքում եւ Արմավիրի մարզի Վարդանաշենի համայնքում: Այսօրվա նիստի օրակարգում հաստատվում է ընթացակարգը եւ այն գումարները, որոնք ծախսվելու են:

 

 

ԿԱՆԻ ՀՆԱՐԱՎՈՐԸ
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, պատասխանելով լրագրողի հարցին` 2019 թվականին հակամարտության կարգավորման հնարավորության մասին, ասել է, որ Ռուսաստանը հնարավոր ամեն ինչ կանի ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու համար, սակայն չարժե ժամկետներ սահմանել: «Մենք չենք սահմանում ժամկետներ, մշտապես հանդես ենք եկել արագ կարգավորման օգտին եւ դրա համար ձեռնարկում ենք բոլոր միջոցները»,-ասել է Զախարովան: Վերջինս հավելել է, որ «պատմությունը երկարատեւ է, հակամարտությունը` ձգձգված»: «Բայց այն ամենը, ինչ կախված է ռուսական կողմից` ե՛ւ որպես Մինսկի խմբի շրջանակում միջնորդ, ե՛ւ որպես երկիր, որը Հայաստանի եւ Ադրբեջանի հետ ընդհանուր պատմություն, ընդհանուր անցյալ ունի, կանի անհրաժեշտ ամեն ինչ»,- ասել է ՌԴ Զախարովան:

 

 

ՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՄԵԴՅԱՐՈՎԻՆ
Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովն ասել է, որ Բաքուն պատրաստ է ապահովել Արցախի հայության անվտանգությունը եւ նրանց բարձր մակարդակի ինքնակառավարման իրավունք տրամադրել: «Պրն. Մամեդյարովին խորհուրդ եմ տալիս առաջարկը ներկայացնել նաեւ Արցախի ժողովրդին. ի վերջո, արցախցիներն իրենք են որոշելու իրենց ճակատագիրը: Դա նրանց բնական, անօտարելի, որեւէ սպառնալիքով կամ զենքի ուժով չճնշվող իրավունքն է, եւ այդ իրավունքը ուշ թե շուտ պետք է ճանաչել»,-Մամեդյարովին պատասխանել է ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը:

 

 

ԿԱՐԵՎՈՐ ԹԵՄԱՆԵՐ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 27-ին Մոսկվայում քննարկելու են երկկողմ օրակարգի հանգուցային թեմաները եւ փոխգործակցության հեռանկարները եվրասիական տարածքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Կրեմլի մամուլի ծառայությունը:




Լրահոս