Թավշյա հեղափոխությունից հետո մեծ թափով սկսված մարտի 1-ի գործի քննությունը տարվում է նաեւ առավոտյան դեպքերի դրվագով: Ինչպես հայտնի է, ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում քննվում են նաեւ այն դեպքերը, երբ 2008 թվականի մարտի 1-ի առավոտյան ոստիկանները անհամաչափ ուժ են կիրառել խաղաղ ցուցարարների վրա`ցրելով խաղաղ նստացույցը: Սակայն հետո կեղծ փաստաթղթեր են պատրաստել`իբր օպերատիվ տեղեկությունների հիման վրա Ազատության հրապարակում զենք-զինամթերքի որոնման մասին:
Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներից ի վեր այս մասին խոսվել է, եւ հիմա էլ քննվում է նաեւ այս վարկածը: Բայց հետաքրքիր է՝ արդյոք ՀՔԾ-ն քննել է կամ քննելու է նաեւ հանրահավաքի կազմակերպիչ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, օրվա վարչապետ Սերժ Սարգսյանին: Ինչո՞ւ. որովհետեւ առավոտյան իրադարձությունների մեջ էլ մութ կետեր կան, որոնք տարիներ շարունակ չեն քննվել:
Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ին հրավիրված ասուլիսի ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ «Առավոտյան 6-ին ինձ արթնացրին, ես մեքենայի մեջ քնած էի: Սովորաբար 7-ին էին արթնացնում: Ասացին` Ներքին զորքերից եւ հատուկ զորամասերից շարժ կա Փարաքարից եւ Դավիթաշենից: Առանց տեխնիկայի՝ ո՛չ ջրցան, ո՛չ զրահապատ մեքենաներ: Մեքենաներով զինվորներ են: Ես դուրս եկա հրապարակ, մարդկանց հետ զրուցեցի, չէինք կարծում, որ կարող է այսպիսի բան տեղի ունենալ, որովհետեւ նման ահազանգեր ամեն գիշեր ստանում էինք: Մտածեցինք՝ հերթական կրկնությունն է, եւ հանգիստ էինք, բայց բոլոր դեպքերում միացրեցինք միկրոֆոնները, որպեսզի եթե լրջանա, ժողովրդի հետ կարողանանք խոսել: Շատ արագ եկան: 6:40-ին մոտ երեւացին նախ շրջակա փողոցներում, պտտվեցին եւ միանգամից հայտնվեցին հրապարակում: Ես միկրոֆոնից ասացի մեր ժողովրդին` հանդարտություն, հանգստություն, ոչ մի բողոք, ոչ մի գոչյուն եւ ոչ մի կոնտակտ ոստիկանության հետ, ոչ մի շփում: Ասեցի սպասենք, տեսնենք` ոստիկանությունն ինչ է ուզում: Շարքերը սկսվեցին առաջ շարժվել եւ մահակներով ջարդել այդ ժողովրդին: Ոչ մի զգուշացում չի եղել, ժամանակ չի տրամադրվել: Իմ ելույթի վերջին խոսքի վրա տեղի է ունեցել այդ բախումը: 10-15 վայրկյան հետո իմ թեւերը ոլորեցին եւ իջեցրեցին հարթակից…»:
Տեր-Պետրոսյանի ասուլիսի տեսագրությանը հետեւելով` ակնհայտ է դառնում, որ առաջին նախագահի զրույցի տեւողությունը համակիրների հետ դժվար թե գերազանցեր 5-10 րոպեն: Ինչպես ինքն է պատմում, նա բարձրացել է հարթակ, ու կարճ ժամանակ անց սկսվել է հարձակումը: Ու թեեւ Տեր-Պետրոսյանը հայտարարել է, թե հորդորել է կոնտակտի չգնալ, ակնհայտ է, որ եղել է նաեւ մարդկանց կողմից բնազդային դիմադրություն, որի արդյունքում գրանցվել են առաջին վիրավորները թե՛ ոստիկանների, թե՛ ցուցարարների կողմից:
Օդում կախված լուրեր կան, թե Տեր-Պետրոսյանը հրապարակում գտնվող հիմնականում ազատամարտիկներին հորդորել է «գոնե մի 20 րոպե ծեծ ուտել հրապարակից հեռանալուց առաջ»:
Ուստի այս հարցի պատասխանը ստանալու համար «Ժողովուրդ» օրաթերթը հարցումներ է ուղարկել ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանին.
«Դեռեւս 2008 թվականից լուրեր են պտտվում այն մասին, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր համախոհներին խնդրել է հետեւյալը. «Երբ ոստիկանները հարձակվեն, 20 րոպե դիմացե՛ք, մի փոքր ծեծվե՛ք»:
Արդյոք ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ճշտել է այս լուրերի հավաստիությունը, արդյոք Լեւոն Տեր-Պետրոսյանը քննվել է այս դրվագով: Եթե այո, ապա ո՞ւմ եւ ինչո՞ւ է նման հրահանգ տվել նա»:
Ի պատասխան` ՀՔԾ-ից հայտնեցին. «Ինչպես բազմիցս ասվել է, ՀՔԾ-ն չի մեկնաբանում, թե ովքեր են հարցաքննվել կամ հարցաքննվելու քրեական գործի շրջանակներում: Գործով նախաքննությունը շարունակվում է»:
Բայց առավոտյան իրադարձությունների ժամանակ մի կարեւոր իրողություն էլ կա, որը, պարզ չէ` քննության առարկա դարձել է, թե ոչ: Ուստի դա էլ փորձեցինք ՀՔԾ-ից պարզել. «Դեռեւս 2008 թվականի մարտի 1-ի առավոտյան ՀՀ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր. «Մարտի 1-ի առավոտյան արթնացրեցին ինձ, ասացին, որ Ներքին զորքերի տեղաշարժ կա: Ես դուրս եկա հրապարակ, մարդկանց հետ զրուցեցի, ասացի` բախումների մեջ չմտնեք, սպասենք, տեսնենք՝ ինչ են ուզում…»: Արդյոք Հատուկ քննչական ծառայությունը քննե՞լ է, թե ով է նրան փոխանցել տեղեկատվությունը, ում հետ է այս թեմայով խոսել եւ այլն»:
Ի պատասխան` ՀՔԾ-ից հայտնեցին. «Ինչպես բազմիցս ասվել է, ՀՔԾ-ն չի մեկնաբանում, թե ովքեր են հարցաքննվել կամ հարցաքննվելու քրեական գործի շրջանակներում: Գործով նախաքննությունը շարունակվում է»:
Ուշագրավն այն է, որ Մարտի 1-ի քրգործը նախկինում քննվում էր բացառապես ողջ մեղքը ընդդիմադիր գործիչների վրա բարդելու մղումով, իսկ այսօր կարծես միայն Ռոբերտ Քոչարյանն ու իր թիմակիցներն են թիրախում: Իհարկե, այն ժամանակվա իշխանությունները` Քոչարյանի ղեկավարությամբ, ունեն իրենց մեղքի լրջագույն բաժինը եւ պետք է պատասխանատվություն կրեն կատարվածի համար: Բայց հարց է` ինչու, օրինակ, այն ժամանակ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը եւ էլի շատերը որեւէ կերպ գործում ներգրավված չեն:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
4 ԱՄԻՍ ԱՆՑ
Շուրջ չորս ամիս է անցել «Տրանսգազ» ՍՊԸ-ի տնօրեն Նիկոլայ Գաբրիելյանի` Գազի Կոլյայի ինքնասպանությունից: Հիշեցնենք, որ նա ինքնասպան էր եղել իր տանը՝ պարգեւատրված զենքով կրակելով բերանի մեջ:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս ընթացքում քրեական գործի շրջանակներում հարցաքննվել են կինը, դուստրերը, փեսան, սակայն որեւէ մեկը հստակ պատճառ չի մատնանշել: Նրանք ցուցմունքներում նշել են, որ չգիտեն, թե ինչը կարող էր լինել Գաբրիելյանի այդ քայլի պատճառը:
ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի համաձայն` ինքնասպանության հասցնելու հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում մշակվել էր քննչական պլան, առաջ քաշվել աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ իրականացվում են մեծածավալ քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումներ: Նկատենք, որ չնայած այս գործով որեւէ այլ գործողություններ չեն իրականացվում, սակայն նախաքննական մարմինը գործը չի կարճում եւ սպասումների մեջ է, իսկ թե ինչ սպասումների, դժվար է ասել:
ԱՆԶԳՈՒՅՇ ՄԱՀ
«Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲ ընկերությունում Շահումյանի անվան հանքի նախագծերի եւ ծառայությունների հերթափոխի պետը հայտնվել է ամբաստանյալի աթոռին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Սուրեն Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մարտի 3-ին ընկերության Շահումյանի անվան հանքավայրի 630 հորիզոնի թիվ 20 արեւմտյան երակային շտրեկում լեռնահանքային աշխատանքների կատարման ընթացքում խախտել է անվտանգության կանոնները եւ այդ ամենի հետեւանքով անզգուշությամբ առաջացրել է աշխատակիցներից Արթուր Մարտիրոսյանի մահը:
ԴԻՄԵԼ Է ԴԱՏԱՐԱՆ
Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը նոյեմբերի 23-ին որոշել է մինչեւ Ազատամուտ համայնքի ղեկավարի ծառայողական պարտականությունների կատարման անհնարինություն առաջացնող հանգամանքների վերացումը գյուղապետի պաշտոնակատար նշանակել: Սակայն Ազատամուտի համայնքապետ Մարտիրոսյանը հայտնեց, որ Ազատամուտ համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու մարզպետի որոշումը համարում է ոչ իրավական եւ դրա դեմ բողոքելով՝ ինքը դիմել է վարչական դատարան: Մարտիրոսյանը հայտնեց, որ սույն գործով դատական նիստը վարչական դատարանում դեռ չի կայացել:
Ո. ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ՉԻ ՆԵՐԿԱՅԱՑՆԻ
Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված Վահագն Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքի որոշումը վերացնելու Վերաքննիչ դատարանի որոշման դեմ ՀՀ դատախազությունը վճռաբեկ բողոք չի ներկայացնելու: Վերաքննիչ դատարանի որոշումն ուսումնասիրվել է, բողոք ներկայացնելու համար բավարար հիմքեր առկա չեն: Նշենք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը` դատավոր Սերգեյ Մարաբյանի նախագահությամբ, դեկտեմբերի 12-ին բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունը եւ վերացրել Վահագն Հարությունյանին կալանավորելու առաջին ատյանի դատարանի որոշումը: Վահագն Հարությունյանը մեղադրվում է Մարտի 1-ի գործով ապացույցներ կեղծելու մեջ:
ԳՐԱՎ ԵՆ ՈՒԶՈՒՄ
2008թ. սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշպանները միջնորդություն են ներկայացրել դատարան նրա նկատմամբ կալանավորման այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ: Երկրորդ նախագահի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ պաշտպանները դատարանին խնդրել են միջնորդությունը քննել օրենքով նախատեսված հնարավոր սեղմ ժամկետում, ինչպես նաեւ որոշել սահմանվող գրավի չափը:
ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՃԵԼ Է
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Հռիփսիմե Գրիգորյանը, ամփոփելով տարին, նշել է, որ Հայաստանի Հանրապետության անցման կետերով Հայաստան ներգնա զբոսաշրջային այցելությունների թիվը 2018թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին աճել է 8,8 տոկոսով: «Եթե 2017թ. Հայաստան է այցելել 1 միլիոն 172 հազար 402 այցելու, ապա 2018թ. այցելուների թիվը կազմել է 1 միլիոն 275 հազար 209: Զբոսաշրջիկներից 525 հազար 423-ը Հայաստան են այցելել Ռուսաստանի Դաշնությունից»,- ասել է Հ. Գրիգորյանը: Վերջինս նշել է, որ զբոսաշրջիկների այցելությունների թվով երկրորդ տեղում Վրաստանն է, որտեղից Հայաստան է ժամանել 233 հազար 125 այցելու: Երրորդ տեղում Իրանն է` 132 հազար 839 այցելուով, չորրորդ տեղում ԱՄՆ-ն` 46 հազար 138 այցելուով, եւ հինգերորդ տեղում` Ուկրաինան է` 24 հազար 308 այցելուով:
ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
Դեկտեմբերի 27-ից Լենինգրադյան-Շինարարներ խաչմերուկում երթեւեկությունը կփոփոխվի: Խաչմերուկում լուսացույց կդրվի: Շինարարներից մեքենաները Լենինգրադյան կարող են երթեւեկել ե՛ւ աջ (դեպի Սեբաստիայի փողոց), ե՛ւ ձախ (դեպի Կիեւյան) ուղղություններով: