2019 թվականը Դեղին Հողե Խոզի տարի է: Խոզն ավարտում է Արեւելյան աստղագուշակի 12-ամյա բոլորաշրջանը: Վերադարձվում են պարտքերը, եկամուտ է գալիս եւ, ընդհանրապես, շնչելը դառնում է շատ ավելի հեշտ: Պետության եւ ընտանիքի ամրապնդման տարի է: Պատասխանատվությունը պետք է իշխի բոլորի հոգիներում, սրտերում եւ գործողություններում:
Ավանդույթի համաձայն` «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակում է հասարակական-քաղաքական գործիչների, պաշտոնյաների հումոր-աստղագուշակը` փորձելով կանխատեսել նրանց ապագան:
Նիկոլ Փաշինյան՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար (ցուլ) – 2018 թվականը, ինչպես եւ կանխատեսել էինք Փաշինյանի համար, փոփոխական տարի էր. ե՛ւ հիասթափություն, ե՛ւ ոգեւորություններ, իսկ թիմային մտածողության դրսեւորման դեպքում` հաղթանակ: Այդպես էլ եղավ: Նապաստակի տարում ծնված Նիկոլ Փաշինյանի համար Հողե Խոզի տարում հնարավոր կլինի երկարաժամկետ ծրագրեր իրականացնել, ամրապնդել դիրքերը, որոնք կես տարի առաջ անհնար էր թվում գրավելը: Պետք է իսպառ մերժել նախկին բարքերը: Ովքեր որ կփորձեն Ձեր անվան տակ գործողություններ իրականացնել, որոնք կհակասեն Ձեր կյանքի սկզբունքներին, անվարան մերժե՛ք նրանց: Այդ ճանապարհը լավ տեղ չի տանի: Աստղերը հուշում են ուշադիր լինել եւ կասկածելի մարդկանցից հեռու մնալ, որոնք կան եւ դեռ կհայտնվեն ձեր շրջապատում: Հավատի անսպառ թվացող չափաբաժինը կմաշվի, եթե Ձեզ շրջապատողները չգիտակցեն պահի լրջությունն ու պատասխանատվությամբ չգործեն: Ընտանիքում սպասվում է ներդաշնակություն:
Սերժ Սարգսյան` ՀՀ երկրորդ նախագահ (ձի)-Ինչպես եւ կանխատեսել էինք, շրջապատը, սխալ ներկայացված թվերը եւ սուտը կործանարար եղան: Ձեր եւ Ձեր շրջապատի գլխին ամպրոպի նման խնդիրներ թափվեցին, եւ ստիպված եղաք հանձնվել: 2019 թվականը Ձեզ համար ձեռքբերումներով ու հաջողություններով աչքի չի ընկնի: Որոշ ժամանակ, իհարկե, կվայելեք խաղաղությունը, ազատությունը եւ միայնությունը: Բայց սրտում ունեցած վախը` ճաղավանդակների մասին մերձ պատկերացում կազմելու, հանգիստ չի տա ձեզ: Տարին կշարունակի բացահայտումներով աչքի ընկնել. կիմանաք, թե ովքեր են Ձեր հավատարիմներն ու բարեկամները, ովքեր` ուրախության ընկերները: Աստղերը հուշում են խոհեմ լինել, բոլոր հարցերում զիջել երիտասարդությանը: Վերադարձ անցյալին այլեւս չի լինելու: Աշխատե՛ք շատ ժամանակ անցկացնել թոռնիկների հետ:
Լեւոն Տեր-Պետրոսյան` ՀՀ առաջին նախագահ (աքաղաղ) – Հողե Խոզի տարին ՀՀ առաջին նախագահի համար լի է հետաքրքիր իրադարձություններով, սակայն քաղաքական կարիերայի առումով տարեց տարի նկրտումները սահմանափակվում են կուլիսային հանդիպումներով: Իհարկե, 2019-ին եւս բարձրագույն ղեկավարության հետ թեյախմությունների ավանդույթը կպահպանվի, բայց արդեն կալանքներ չեն հետեւի այդ հանդիպումներին: Բայց եւ հաջորդ տարի էլ կմնա նա իր բարձրության վրա:
Աշխատե՛ք մաքրել Ձեր շրջապատը, քանի որ խուլ դժգոհություն է հասունանում Ձեր կողմնակիցների միջեւ: Անձի պաշտամունքը շարունակում է մնալ Ձեր թիմի գլխավոր արժեքը, սակայն ժամանակ առ ժամանակ երիտասարդների ամբարտավան քննադատությունները մի օր Ձեզ հունից կհանեն: Կողմնակիցների փոքրացող թիվը, իհարկե, Ձեզ չի մտահոգում, բայց առաջիկա 5 տարիների պլաններ կազմելիս աշխատե՛ք չհենվել այն մարդկանց վրա, որոնք կերդվեն Ձեր անունով: Տարին դարձյալ բարենպաստ կլինի այգեգործության համար: Աստղերը հուշում են շեշտադրում անել ծիրանի բերքի վրա:
Ռոբերտ Քոչարյան` ՀՀ երկրորդ նախագահ (ձի)- Շան տարին Ձեր եւ Ձեր ընտանիքի համար երկու մասի բաժանվեց` վայելք, հարստություն, ձեռքբերումներ ու խաղաղություն, իսկ տարվա երկրորդ կեսին` վատ անակնկալներ, կորուստներ, ստրես: Մոտիկից ծանոթացաք թախտաբիթիների հետ, որոնց գոյությունը Ձեզ համար այդքան աննկատ ու հեռու էր թվում: 2019-ի շան տարում, չնայած փնթիություններին, այնուամենայնիվ, լուրջ ձեռքբերումներ չեն լինի: Ազատություն գուցե, բայց ցանկացած իրավիճակում ապավինե՛ք Ձեր փորձին եւ ինտուիցիային, դա կօգնի Ձեզ խնայել փողերն ու նյարդերը: Մի՛ վստահեք այն մարդկանց, որոնց քիչ եք ճանաչում: Ընկերներն, իհարկե, երկրի ներսում կամ դրսում կշարունակեն օգնության ձեռք մեկնել: Եւ արեւելյան օրացույցի համաձայն` տարեվերջին իրավիճակը կբարելավվի, բայց վերադարձ անցյալին այլեւ չի լինելու: Աստղերը հուշում են հետեւել առողջությանը:
Կարեն Կարապետյան` ՀՀ նախկին վարչապետ (կատու)-Ձիու վրա էիք շան տարում: Ամեն ինչ գնում էր գծագրված սցենարով, եթե մի քանի երիտասարդ չորոշեին ուղղակի քայլել: Տարվա կեսից կտրուկ փոխվեց Ձեր կյանքը, եւ անգամ մեծ եղբայր երկրի ամենամեծ եղբոր զանգը չօգնեց իրավիճակը շտկել` հօգուտ Ձեզ: Սուտը մաշեց ամեն ինչ: 2019թ. կփոխեք Ձեր ճակատագիրը եւ կմաքրեք Ձեր կարման. ցուցակագրմամբ ինչ-որ տեղ մտնելիս թերեւս չէիք մտածում, որ նույնքան ցուցակագրված էլ դուրս կգաք: Տիեզերքը կօգնի Ձեզ նաեւ անձնական կյանքում կտրուկ փոփոխություններ անել: Տարվա սկիզբը հաջող կլինի: 2019թ. վերջին իրավիճակը կվատթարանա, եւ Ձեզ չի հաջողվի ամբողջությամբ հանգստանալ: Աստղերը հուշում են աշխատել նոր իմիջով նոր թափով գործելու կարողությունը վերագտնելու համար: Դա Ձեզ կհաջողվի քրտնաջան աշխատանքով միայն:
Արարատ Միրզոյան` ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար (այծ)- Այս համաստեղության տակ ծնվածների համար տարին գլխապտույտ հաջողություններով փակվեց: Շան տարվա առաջին կեսում միապաղաղ ու մշուշոտ ապագան երկրորդ կեսում մի պահ մթագնեց, այնուհետեւ ճաղերից այս կողմ շողաց արեւը: Երբեմն միամիտ արված գործողությունները Ձեզ անպատկերացնելիորեն առաջ մղեցին: Հաջողությունները կշարունակվեն գրանցվել նաեւ 2019 թվականին: Աստղերը հուշում են, որ երկրի թիվ մեկ պաշտոնյան դառնալու հեռանկարը ամենեւին էլ մշուշոտ չէ: Բայց ապագայի համար անհրաժեշտ է պլաններ մշակելիս ճիշտ շրջապատ ընտրել, խուսափել վեճերից: Ֆինանսական ոլորտում մի՛ ապավինեք ինտուիցիային, գործե՛ք մտածված եւ հավասարակշռված, հատկապես եթե թանկարժեք գնումներ կամ ներդրումներ պետք է կատարեք: Տնային գործերում, իհարկե, ստիպված կլինեք որոշակի պասիվություն դրսեւորել: Աստղերը հուշում են շատ շփվել մարդկանց հետ, բայց ոչ վերեւից:
Վալերիյ Օսիպյան` ՀՀ ոստիկանապետ (շուն)- Անցնող տարին իրապես ձերն էր: Նախորդ տարիներից պատուհասած վտանգները, համակարգին հրաժեշտ տալու փորձերը, պատանդառության տխուր հիշողություններն այլեւս անցյալում են: Փողոցում ծառայություն իրականացնելով` Դուք վաստակեցիք այսօրվա կարգավիճակը, որի համար պետք է շնորհակալություն հայտնեք Ձեր ճակատագրին: Մարդիկ, որոնք Ձեզ հրահանգներ էին տալիս, սկսեցին խնդրելով խոսել: Սա շան տարում ծնվածների համար միակ ձեռքբերումը չէր: Ազդեցության օրեցօր մեծացումը չխանգարեց հանրային ընկալման մեջ լինել բացառիկներից: Բայց աստղերը հուշում են լինել ավելի խիստ, զգոն եւ պահանջկոտ: Նախկին ավանդույթների շարունակումը կարող է կործանարար լինել Ձեր եւ Ձեր ընտանիքի համար: Աշխատե՛ք սահմանափակել Ձեր շփումները` ընկերություն հաստատելով բացառապես ՀՀ օրենսդրության հետ: Սա է ճշմարիտ ճանապարհը: Ենթականերին լսելիս թերահավատություն դրսեւորեք բոլոր դեպքերում: Ընտանեկան ջերմությունը կշարունակի տնօրինել հարկի ներքո:
Արթուր Վանեցյան` ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն (այծ)- Բարեկեցիկ կենցաղն ու խնջույքային տրամադրություններով ուղղորդվող տարին երկրորդ կեսից կտրուկ փոխվեց: Գլխապտույտ հաջողությունն ու համակարգային ուրախ դիմավորումները լրջագույն պատասխանատվությամբ օժտեցին Ձեզ: Միակը լինելու բերկրանքն այնքան խորացավ, որ հաճախ սկսեցիք չգիտակցել այլոց առկայությունը կյանքում: Շտապողականությունն ու ոգեւորությունը որոշ դեպքերում սկսեցին չընկալվել` դրդելով որոշումներ կայացնել լռելու կամ քիչ խոսելու: Աստղերը խորհուրդ են տալիս շատ չհավատալ ավագ սերդնի ներկայացուցիչներին, որոնք Ձեր միջոցով կփորձեն անձնական վրեժխնդրության հարցեր կարգավորել: Ձեր միակ դաշնակիցը պետք է լինի ՀՀ օրենքը: Աստղերը հուշում են զգուշություն ցուցաբերել նորագույն տեխնիկական միջոցներ օգտագործելիս: Հատկապես վտանգավոր են Iphone տեսակի նոր թողարկված հեռախոսները:
Սասուն Խաչատրյան` ՀՔԾ պետ (վիշապ)- Միապաղաղ շան տարին գլխիվայր շուռ եկավ Ձեզ համար: Այն, ինչ երազանք էր թվում, թափվեց Ձեր գլխին: Բայց ավելի երջանիկ դառնալու համար հարկավոր է հրաժարվել շատ բաներից: 2019թ. ինքնուսուցման հրամայականներ է թելադրում, եւ առաջիկա 12 ամիսների ընթացքում ստիպված կլինեք շատ աշխատել: Ծայրահեղության մեջ մի՛ ընկեք, խուսափե՛ք իմպուլսիվ որոշումներից եւ գործողություններից, որոնք կարող են կյանքի հաջորդ փուլերի համար ճակատագրական հետեւանքներ ունենալ: Ավելի մեծ ուշադրություն դարձրե՛ք աշխատանքին, ընտանեկան գործերին եւ պարտականություններին, այլ ոչ թե ժամանցին: Աստղերը հուշում են հատկապես հեռախոսով խոսելիս չափազանց զգուշավորություն ցուցաբերել եւ հատընտիր բառեր օգտագործել, որպեսզի ներողության պահանջներ քիչ հնչեն:
Հայկ Մարության` Երեւանի քաղաքապետ (վիշապ)- Շան տարում սկսված այլոց ծաղրելու եւ ուրախացնելու կենսակերպը տարվա երկրորդ կեսին կտրուկ շրջադարձ ունեցավ: Մի քանի խրոխտ ելույթ, նախկինում պայքարների մասնակցության մի քանի կադրեր եւ ընկերների կյանքի նպատակը ոտնակոխ անելով` գլխապտույտ հաջողությունը թակեց Ձեր դուռը: Պատասխանատվության ահռելի չափաբաժինն, իհարկե, փոխել է Ձեզ: Առաջվա պես երազկոտ չեք եւ ամեն ինչ հեշտ չի թվում այլեւս: Աստղերը հուշում են ավելի մեծ ուշադրություն դարձնել ինքնակրթությանը, հրաժեշտ տալ ժամանցին եւ 24 ժամ շարունակ աշխատել: Մերժելու արվեստը ձեզ շատ կօգնի աշխատանքում, բայց մարդկային հարաբերությունները ոտնակոխ անելու գործելաոճը կարող է անցանկալի հետեւանքների առաջ կանգնեցնել: Չսխալվելը կյանքի գերագույն պահանջն է ձեզանից:
Քաղաքական գործիչների ու
պաշտոնյաների ապագան գուշակեց
ՆԱՏԱԼՅԱ ՊՈՂՈՍՅԱՆԸ