ՀԱՅՏՆԻՆԵՐԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՄԱՂԹԱՆՔՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաշված օրերից Ամանոր է, եւ ժամանակն է հետադարձ հայացք նետել անցնող տարվան ու ամփոփել՝ ինչ ձեռքբերումներ ունեցանք 2018-ին, ինչ դասեր պետք է քաղել այս տարվանից եւ ինչ սպասել 2019 թվականից: «Ժողովուրդ» օրաթերթն իր տարեվերջյան ամփոփիչ համարում ներկայացնում է հայ հայտնիների խոսքը անցնող տարվա վառ, պայծառ դրվագների եւ գալիք տարվա հետ կապված երազանքների մասին: Նրանք պատմել են, թե տոնին առնչվող ինչ ասոցիացիաներ ունեն, եւ հղել են իրենց ամանորյա մաղթանքները:

Սոֆի Դեւոյան՝ Հայաստանի վաստակավոր արտիստ
Ամանորն ինձ համար սիրո եւ ջերմության խորհրդանիշն է: Նայում ես` շուրջդ առատություն է, դու ընտանիքիդ անդամների, թանկ մարդկանց հետ ես: Դրանից հաճելի ի՞նչ կարող է լինել: Ինձ թվում է՝ աշխարհում չկա մեկը, ով չսիրի Ամանորը: 2018-ը գործնական առումով ինձ համար բեղմնավոր տարի էր, ունեցանք մի շարք համերգներ եւ հյուրախաղեր, առավել տպավորիչ էր մեր եզրափակիչ համերգը: Ցավոք, տարեվերջին մեծ կորուստ ունեցա. կյանքից հեռացավ մայրս: Աստծո առաջ խիղճս մաքուր է, որ որդիական պարտքս լավագույնս կատարել եմ նրա առջեւ: Մաղթում եմ, որ գալիք տարում կորուստներ չլինեն, պատերազմներ, արտակարգ իրավիճակներ չլինեն: «Ժողովուրդ» օրաթերթին մաղթում եմ հետաքրքիր նյութեր, դինամիկա եւ առաջընթաց, իսկ հայ ժողովրդին ցանկանում եմ սեր, թող մարդիկ երբեք չչարանան, լինեն ազնիվ, յուրաքանչյուրն ունենա իր սիրելի աշխատանքը եւ շրջապատված լինի սիրելիներով, որոնք կգնահատեն եւ կհասկանան իրենց:

Հրանտ Թոխատյան` Հայաստանի ժողովրդական արտիստ
Բնականաբար, 2018 թվականը յուրաքանչյուրիս համար ամենահիշվող տարիներից մեկն էր: Տա Աստված, որ կարողանանք 2019-ին արժանի լինել այն ամենին, ինչ ձեռք բերեցինք այս տարի, եւ վայելենք ստացածի պտուղները: Ամանորը ասոցացնում եմ մանուկների ժպիտների հետ: Անձամբ ես ամեն տարի նամակ եմ գրում Ձմեռ պապիկին եւ դնում եմ այն տոնածառի տակ: Այս տարի էլ նույնն եմ արել: Երեխաներս էլ են այդպես վարվում: Մեր հայրենակիցներին գալիք տարում մաղթում եմ խաղաղություն, խոհեմություն, համբերություն եւ սեր:

Վաչե Թովմասյան՝ հումորիստ, դերասան
Ես միշտ, բոլոր տարիքներում Ամանորն ասոցացրել եմ մանդարինի բույրի հետ: 2018-ն ինձ համար թոհուբոհերի, էմոցիոնալ տատանումների տարի էր: Այդ տատանումները կապված էին ե՛ւ երկրի, ե՛ւ անձամբ ինձ հետ: Կարիերայի առումով 2018-ը առաջընթացի տարի էր: Գալիք տարվա հետ կապված Ձմեռ պապիկին մի խնդրանք ունեմ. թող պետավտոտեսչությունը լավ աշխատի: Շատ գոհ եմ երկրում տեղի ունեցած փոփոխությունների կապակցությամբ, բայց հաճախ եմ նկատում, որ հարբած նստում են ղեկին: Թող այդպիսի դեպքեր այսուհետ չլինեն: Ամենաթողության էլեմենտներ եմ նկատում, հուսով եմ՝ կշտկվի իրավիճակը: Ցանկանում եմ, որ մեր երկրում իսկապես օրենք հաստատվի: Մեր հայրենակիցներին մաղթում եմ համբերություն, առողջություն, ոչ ցուրտ ձմեռ, թող մարդիկ միշտ ժպտան, կենսուրախ լինեն, փորձեն դրականը տեսնել եւ չպառակտվեն:

Անի Ղազարյան` դերասանուհի
Ամանորն ինձ մոտ ասոցացվում է նոր երազանքների, նպատակների ու պայծառ, լուսավոր մտքերի հետ: 2018-ն ինձ համար մասնագիտական վերելքի, հաջողություններով, ձեռքբերումներով լի երջանիկ տարի էր: Ձմեռ պապիկից խնդրում եմ, որ գալիք տարում բալիկս բարեհաջող գա, հասնի մեզ եւ իր ծնունդով խնդություն պարգեւի մեր ընտանիքին: Ցանկանում եմ նաեւ, որ գալիք տարում կարողանամ գործնականը համատեղել անձնականիս հետ: Աստծուց խնդրում եմ, որ 2019-ը բոլորիս համար խաղաղ տարի լինի, սահմանում հանգիստ լինի, մնացած ամեն բան կարող ենք ձեռք բերել:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ




Լրահոս