ՀՅԴ-ի ներսում խռովություններ են․ ով ում դեմ է գործում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախում մեկնարկել է ՀՅԴ 33-րդ ընդհանուր Ժողովը, այն կընթանա մինչեւ հունվարի 24-ը: Ընդ որում, այն անցկացվում է Արցախի խորհրդարանի դահլիճում: Երեկ նաեւ արցախցի պաշտոնյաները՝ նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ, ողջույնի խոսք էին հղել ՀՅԴ ընդհանուր ժողովի մասնակիցներին:
Ըստ պաշտոնական հաղորդագրության` ՀՅԴ ընդհանուր ժողովին մասնակցում են աշխարհի շուրջ 30 երկրներից ավելի քան 100 ներկայացուցիչներ եւ հրավիրյալներ: Իսկ քննարկվելու են ՀՅ Դաշնակցության նախորդ 4 տարիների գործունեությունը, կորոշվի կուսակցության առաջիկա տարիների ռազմավարությունն ու անելիքները:

Նշենք, որ ժողովի ավարտին կընտրվի կուսակցության բարձրագույն գործադիր մարմնի` ՀՅԴ Բյուրոյի նոր կազմը: Չնայած որ ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանի խոսքով` ՀՅԴ ժողովների ժամանակ շատ ավելի կարեւոր են ռազմավարական եւ ազգային հարցերը, սակայն, ըստ էության, ամենաուշագրավն ու հետաքրքիրը լինելու է Բյուրոյի նոր կազմի ընտրությունը: ՀՅԴ-ական Արթուր Խաչատրյանի խոսքով` թեկնածուները որոշվում են հենց տեղում, եւ այս ընդհանուր ժողովի անցկացման մեջ նա խորհուրդ է տալիս տարօրինակ ոչինչ չտեսնել: Սակայն դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո շատ է բարձրաձայնվում կուսակցությունների կազմի փոփոխության եւ այդ թվում` ՀՅԴ-ի նորացման մասին:

Բանն այն է, որ 2000 թվականից ի վեր Հայաստանում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը Հրանտ Մարգարյանն է: Բացի նրանից Հայաստանն ունի երեք ներկայացուցիչ` Արմեն Ռուսատամյան` քաղաքական ներկայացուցիչ, Կիրո Մանոյան եւ Սպարտակ Սեյրանյան: ՀՅԴ Բյուրոն ունի նաեւ 2-ական ներկայացուցիչ Լիբանանից (Բենիամին Պչաքճյան, Հակոբ Խաչերյան), ԱՄՆ-ից (Վիգեն Յակուբյան, Խաչիկ Մուրադյան) եւ մեկական` Իրանից (ՎիգենԲաղումյան), Ֆրանսիայից (Մուրադ Փափազյան) եւ Կանադայից (Հակոբ Տեր-Խաչատուրյան):

ՈՒ հիմա 1999թ. ի վեր առաջին անգամ ՀՅԴ-ն ընդհանուր ժողով է անցկացնում ԱԺ ընտրություններում պարտություն կրելուց հետո` լինելով արտախորհրդարանական ուժ: Ի վերջո, 1999 թվականից առ այսօր 2018 թվականի ընտրությունները միակն էին, որոնց արդյունքում ՀՅԴ-ն չհայտնվեց խորհրդարանում, եւ կատարվածը կուսակցության ներսում լրջագույն քննարկումների եւ լուրջ հարցերի տեղիք պետք է տա, միաժամանակ՝ առիթ լինի քննարկելու կուսակցության վերջին տարիների աշխատաոճը:

Նախորդ տարիների խորհրդարանական ընտրությունների արդյունքները տեսնելով` փաստ է, որ ՀՅԴ-ի վարկանիշը գնալով ընկել է: 2007 թվականի մայիսի 12-ին տեղի ունեցած ԱԺ ընտրություններում կոալիցիայի մաս կազմող «Դաշնակցության» քվեների թիվը կազմել է 177 հազար 907: Այս ընտրությունների արդյունքում ձեւավորված խորհրդարանում ՀՅԴ-ն ուներ 16 պատգամավոր` կրկին բոլորը համամասնական ընտրակարգով: Իսկ ահա 2012 թվականի մայիսի 6-ին տեղի ունեցած վերջին ԱԺ ընտրությունների արդյունքում կուսակցության քվեներն արդեն կազմեցին 85 հազար 544:

Այս ընտրություններից հետո ՀՅԴ-ն մի կերպ կարողացավ խորհրդարան անցնել: Իսկ արդեն 2017 թվականին ՀՅԴ-ն ստացել էր 103 հազար 048 ձայն եւ 7 պատգամավորով էր ներկայացել խորհրդարան, որից երեքը պատգամավոր էին վարկանիշային ընտրակարգով: Սրանից կարելի է ենթադրել, որ կուսակցության առաջ ծառացել է սերնդափոխության հարցը:

Երեկ հայտնի դարձավ, որ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ եւ կուսակցության փաստացի ղեկավար Հրանտ Մարգարյանը Բյուրոյի կազմի ընտրությունների ժամանակ չի առաջադրի իր թեկնածությունը: Առաջին հայացքից տպավորություն է, թե ՀՅԴ-ում արվում է սերնդափոխության ճանապարհին առաջին քայլը: Մանավանդ, որ կուսակցության ներսում նրանից դժգոհություններ ունեին:

Ըստ մեր հավաստի աղբյուրների` այս պաշտոնի համար իր թեկնածությունը կառաջադրի Արմեն Ռուստամյանը: Աղբյուրների հավաստմամբ` պատահական չէր Մարգարյանի կողմից Ռուստամյանին Բյուրո բերելը, որպեսզի «դե յուրե» նրան փոխանցի կուսակցության ղեկը: Բայց եւ Մարգարյանը շարունակելու է իր ազդեցությունը պահպանել` մնալով կուսակցության ստվերային ղեկավարը:

Ըստ էության, այս մասով պատահական չէր նաեւ Հրանտ Մարգարյանի հայտարարությունը. «Իմ որոշումը ո՛չ նահանջ է, որովհետեւ չեմ հեռանում աշխատանքներից ու մեր ընդհանուր պայքարից, ո՛չ պարտություն է, որովհետեւ չեմ պարտվել, ո՛չ հոգնածություն է, որովհետեւ իրավունք չունենք հոգնելու, այլ պարզապես մարտավարական ճկունություն է ու վե՛րջ»,-մասնավորապես ասել է նա: Այսինքն` սա ոչ թե սերնդափոխություն է, այլ անձերի փոփոխություն, ինքն էլ ընդամենը «մարտավարական ճկունություն» է ցուցաբերում՝ ժամանակավորապես «դե յուրե» մի կողմ քաշվելով:

Ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ «Դաշնակցությունում» շատ դժվարությամբ են տեղի ունենում թեկուզ ամեն չնչին փոփոխությունները: Բայց որ նույնիսկ խորհրդարանում չհայտնվելը դաս չեղավ այս կուսակցության համար, առնվազն զարմանալի է: Մյուս կողմից էլ` պետք է նշել, որ ՀՅԴ-ում չեն կարողանում գտնել մեկին, որը, որպես էդպիսին, կարող է զբաղեցնել Հրանտ Մարգարյանի տեղը, դրա համար էլ փոփոխությունը կրելու է ձեւական բնույթ:

Մի ուշագրավ բան եւս. ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը չի ցանկացել մանրամասնել, թե ՀՅԴ-ի արտերկրի կառույցներն ինչպես են գնահատում ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրություններում իրենց պարտությունը: Սրանից, թերեւս, կարելի է ենթադրել, որ ՀՅԴ արտերկրի կոմիտեները ինչ-որ առումով դժգոհեն տեղի ունեցածից: Ըստ մեր տեղեկությունների` որոշ ժամանակ առաջ Բյուրոյի ներկայացուցչի պաշտոնին հավակնել են կուսակցության Արեւմտյան կոմիտեի ներկայացուցիչները:

Բայց ՀՅԴ հայաստանյան թեւի համար, ըստ էության, սա անթույլատրելի է դիտվել, որովհետեւ ՀՅԴ-ն չի կարողանա հանդուրժել կուսակցություն ներխուժող պրոարեւմտյան տրամադրությունները: Ավելին` տեւական ժամանակ ՀՅԴ արեւմտյան կոմիտեների ներկայացուցիչները դժգոհ են եղել հայաստանյան կառույցի գործունեությունից, երբ Սերժ Սարգսյանի իշխանավարման ժամանակ նրանք կոալիցիա կնքեցին: Ըստ մեր տեղեկությունների` ՀՅԴ պարսկահայ թեւը, լիբանանյան թեւը, որը համարվում է ՀՅԴ-ի ողնաշարը, որոշել են բռնել Հրանտ Մարգարյանի հովանավորյալի` այսինքն այս պարագայում Արմեն Ռուստամյանի կողմը:

Լուսինե Մինասյան




Լրահոս