«Դաշնակցության» ընդհանուր ժողովի ժամանակ իր ելույթում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը փորձել է իրենց վերագրել թավշյա հեղափոխությունը` միաժամանակ նշելով. «Նոր իշխանությունները չեն արտահայտում ժողովրդական շարժման տրամադրությունները եւ անկարող են լուծել այն խնդիրները, որոնց համար էլ սկիզբ առավ այդ շարժումը»։ «Ժողովուրդ» օրաթերթը երեկ մեկնաբանությունների համար դիմեց ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր, ՔՊ վարչության անդամ Հովիկ Աղազարյանին: «Նման հայտարարություն անելը տարբեր պատճառներ կարող է ունենալ։
Մի պատճառը կարող է լինել այն, որ իրենք իսկապես էդպես են մտածում, բայց այդ պարագայում շուտ էր նման կարծիք հրապարակելու համար, որովհետեւ ամբողջ աշխարհում ընդունված տարբերակ է, որ պետք է գոնե 100 օր սպասեն, նոր նման բան ասեն։ Մյուս տարբերակը կարող է լինել այն, որ այն արդյունքները, որոնք գրանցեց «Դաշնակցությունը» ընտրությունների ժամանակ, ինչի պատասխանատուն էր նաեւ «Դաշնակցության» ղեկավարությունը, փորձում են նման բաներ ասելով` մեղմացնել իրենց վիճակը»,-ասաց պատգամավորը։
Հետաքրքրվեցինք` «Դաշնակցությանը» տեսնո՞ւմ է արտախորհրդարանական ընդդիմության դերում, արդյոք նրանք կարո՞ղ են հակազդել ներկա իշխանություններին, քանի որ Մարգարյանը խոսել է հաջորդ ընտրություններին «իշխանությանը տուն ճամփելու» մասին: ««Դաշնակցությունը» կլինի ԱԺ-ում, թե չի լինի, դրանից որպես ընդդիմադիր որեւէ փոփոխություն չի լինի իրենց մոտ, որովհետեւ ՀՅԴ-ն միշտ կարող է ազդել քաղաքական դաշտի վրա։
ՀՅԴ-ն պատմություն ունեցող կուսակցություն է, եւ նույնիսկ արտախորհրդարանում կարող է օգտագործել իր հնարավորությունները եւ այս կամ այն խնդրի վրա որոշակի ազդեցություն ունենալ»,- նշեց պարոն Աղազարյանը: Հիշեցնենք, որ նախկինում՝ մինչեւ 1999թ., Աղազարյանը եղել է ՀՅԴ անդամ, առաջին գումարման ԳԽ-ում ՀՅԴ խմբակցության քարտուղար: