«Անուշարան»-ում խուճապ է ստեղծվել. Սամվել Բալասանյանը փակում է բիզնեսները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռ նախորդ տարվանից լուրեր են շրջանառվում, որ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը պատրաստվում է վաճառել բիզնեսները: Այդ մասին խոսակցություններն առավել ակտիվացան թավշյա հեղափոխությունից հետո, երբ շրջանառության մեջ դրվեցին Սամվել Բալասանյանի հրաժարականի մասին լուրերը:

Այդ մասին տեղեկատվությունը Սամվել Բալասանյանը ո՛չ հերքում, ո՛չ էլ հաստատում էր դեռ նախորդ տարվանից: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ էլ հայտարարեց, որ խնդիրներ իրականում կան ոչ միայն իրենց պատկանող ընկերություններում, այլ ոլորտում բիզնես ծավալած բոլոր ընկերություններում:

Նախքան «Անուշարանի» խնդիրը մեծ հնչեղություն ստացավ «Գյումրի գարեջուր» ընկերությունում կատարված բացահայտումները: ՊԵԿ-ի պաշտոնական հայտարարությունից հետո պարզվեց, որ ընկերության կողմից 360 միլիոն դրամ պետբյուջե պակաս է վճարել։ Հետագայում այս հարցը հարթվեց։

Քաղաքապետն էլ հայտարարությամբ հանդես եկավ. «Ոչ միայն Անուշարանը, այլ, ընդհանրապես, ալրային եւ շաքարային հրուշակեղենի հետ կապված խնդիր է առաջացել, որովհետեւ ներկրվող հրուշակեղենը, մանավանդ շաքարային հրուշակեղենը, խայտառակ էժան գներով է գալիս Հայաստան։

Հիմա այդպիսի փաստի առաջ է կանգնել նաեւ «Գրանդ քենդին»։ Ալրայինն ինչ-որ տեղ, չգիտես, տարբեր տեղերից է գալիս, այլ ֆիրմաներով, բայց այնքա~ն էժան է ուկրաինական եւ ռուսական շաքարային հրուշակեղենը, գնացե՛ք, տեսե՛ք գները, կզարմանաք։ Հնարավոր չէ այդ ինքնարժեքով, որն այսօրվա դրությամբ ստանում է, կարողանա շահագործել։ Այսինքն` ինչ-որ տեղ, բնականաբար, կա նվազում»,-ասաց Սամվել Բալասանյանը։

«Անուշարան»-ում էլ խուճապ է ստեղծվել: Աշխատակիցները մտավախություն ունեն, որ գործարանը կփակվի, իրենք էլ փողոցում կհայտնվեն: Այդ մասին տեղեկություններն էլ հերքվում են: Ընկերության տնօրեն Յուրի Նազարյանի փոխանցմամբ` գործարանում անգամ ազատ աշխատատեղեր կան. «2013 թվականի հոկտեմբերի մեկից բացել ենք գործարանը, էսօր աշխատում ենք աշխատատեղ բացել, նոր տեսականի արտադրել, 2013-ից առ այսօր ոչ մի կարգի խոսակցություն լուրջ չի եղել: Խոսում են` գնացել ենք Դուբայ, թագավորն էլ մեզ հնարավորություն է տվել 4 տարով դուրս գնալու, 600 աշխատատեղ է փակվելու, դա ընդամենը թյուրիմացություն է»,-ասաց ընկերության տնօրեն Յուրի Նազարյանը:

Հեղինե Մանուկյան
Գյումրի




Լրահոս