Իրավիճակ է փոխվել. Կառավարությունն ամբողջական չի ձևավորվի. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ կառավարությունը օրենսդրությամբ սահմանված ժամկետում ամբողջությամբ չի կազմավորվի: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարել է, թե առաջիկայում կնշանակվի Կառավարության անդամների 2/3-ը միայն: Ու քանի որ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքը նախատեսում է Կառավարության անդամների առնվազն 2/3-ի նշանակման դեպքում այն համարել կազմավորված, իրավական առումով հարցը համարվելու է լուծված: Եթե հաշվի առնենք փաստը, որ Կառավարության անդամ են համարվում ոչ միայն նախարարները, այլեւ վարչապետն ու երեք փոխվարչապետները՝ ընդհանուր 21 հոգի, նշանակում է՝ պետք է նշանակված լինի առնվազն 14 հոգի: Ենթադրվում է՝ չեն նշանակվի առաջին փոխվարչապետ (այս պաշտոնը նախատեսված է հանել) եւ 6 նախարարներ:

Ստեղծված իրավիճակի պատճառը Կառավարության կառուցվածքում նախատեսված փոփոխություններն են: Թեեւ նախարարությունների թվի կրճատման գաղափարի մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր դեռ օգոստոսի 17-ին իր պաշտոնավարման 100 օրվա ելույթում, սակայն օրենսդրական նախագիծը մինչեւ հիմա պատրաստ չէ:

Դատելով իրավիճակից` դեռ երկար ժամանակ այդ նախագիծը հազիվ թե պատրաստ լինի: Ի վերջո, օպտիմալացումները բավական ցավոտ են անդրադառնալու հասարակության մի շերտի վրա` ստիպելով շատերին համալրել գործազուրկների բանակը: Բացի այդ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նախարարություններից մի քանիսի միացման վերաբերյալ տարընթերցումներ եւ անհամաձայնություններ են եղել եւ անգամ հենց իշխող ուժի ներսում։ Խոսքը հատկապես Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության եւ Գյուղատնտեսության նախարարության միացման գաղափարի մասին է, որը աննպատակահարմար են համարում ոլորտի մասնագետները։ Սփյուռքի նախարարության հարցը եւս վերջնականապես որոշված չէ: Եվ, առհասարակ, լուծարումը դժգոհություններ է առաջացրել, եւ չի բացառվում, որ այդ որոշումը հետաձգվի:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս