Երեկ հայտնի դարձավ, որ Եվրամիությունն ու Համաշխարհային բանկն առաջիկա տարիներին շուրջ 13 միլիարդ եվրո կտրամադրեն Արեւելյան գործընկերության ծրագրին մաս կազմող վեց պետություններում, այդ թվում` Հայաստանում, ենթակառուցվածքային մի շարք լայնամասշտաբ ծրագրեր կյանքի կոչելու նպատակով: Կոնկրետ Հայաստանին այդ գումարից կտրամադրվի 700 մլն եվրո գերազանցապես ավտոճանապարհների վերանորոգման համար:
Հատկանշական է, որ Հայաստանին ԵՄ-ի ու ՀԲ-ի կողմից 700 մլն գումար հատկացնելու մասին հայտարարվեց ԱԺ արտահերթ ընտրություններից հետո, երբ մեզանում ամբողջական իշխանափոխությունն այլեւս իրողություն է: Սա, թերեւս, պատահական չէ: Թավշյա հեղափոխությունից հետո, երբ ՀՀԿ-ն խորհրդարանում դեռ մեծամասնություն էր, բայց երկրի վարչապետ դարձել էր Նիկոլ Փաշինյանը, Բրյուսել այցից հետո նա դժգոհել էր եվրոպացի գործընկերներից` ասելով, թե ժողովրդավարական Հայաստանն ավելի լուրջ վերաբերմունք է ակնկալում: «Հանդիպման ժամանակ տարակուսանք հայտնեցի, որ ԵՄ-ն հեղափոխությունից հետո Հայաստանի համար նախատեսվող աջակցության ծավալը չի ավելացնում»,- ասել էր Փաշինյանը:
Այստեղ հատկանշական է ընդգծել, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները հապշտապ անցկացնելու հանգամանքը վարչապետ Նիկոլ Փաշինյանը պայմանավորում էր գործարարների մոտ սպասողական վիճակով եւ այն հանգամանքով, որ շատերը ռիսկեր են տեսնում Հայաստանի հետ համագործակցության մեջ, քանի որ անորոշ իրավիճակ է։ Եվ այդ ընթացքում շատերն էին փորձում հերքել վարչապետին, մատնանշել, թե այդ ամենը կապ չունի ներդրումների աճի կամ համագործակցության հետ։
Հիմա ստացվում է՝ ընտրությունների եւ նոր խորհրդարանի ձեւավորումից անմիջապես հետո այսպիսի նորություն է հայտնի դառնում, որը եւս չի կարող պատահական լինել։ Ենթադրվում է՝ առաջիկայում միջազգային կառույցները կավելացնեն ՀՀ-ին տրամադրվող օժանդակության չափերը:
Նաիրա Հովհաննիսյան