
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը հայտարարություն է տարածել գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի անունից՝ ողջունելով Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որը կայացել է հունվարի 16-ին Փարիզում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարությունը հրապարակվել է ՄԱԿ-ի պաշտոնական կայքում:
«Գլխավոր քարտուղարը բարձր է գնահատում Լեռնային Ղարաբաղի ձգձգված հակամարտության լուծման համաձայնեցված և խաղաղ ուղիներ որոնելու կողմերի հանձնառությունը, և, մասնավորապես, ողջունում է ժողովուրդներին խաղաղության պատրաստելու ուղղությամբ կոնկրետ միջոցառումներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին նախարարների համաձայնությունը: Գլխավոր քարտուղարը վերահաստատում է լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի կարևոր միջնորդական ջանքերին»,- ասված է հայտարարության մեջ: