Արամ Հարությունյանը երկու փորձ է արել. ինչպես դեպքերը զարգացան Փաշինյանի հայտարարությունից հետո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՔԾ-ն հայտնեց, որ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա Աժ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Արամ Հարությունյանը ներգրավվել է որպես մեղադրյալ:

Ըստ մեղադրանքի` Արամ Հարությունյանը, 2007թ. հունիսի 8-ից զբաղեցնելով ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնը, միաժամանակ հանդիսանալով ռազմավարական նշանակություն ունեցող, օգտակար հանածոներ պարունակող ընդերքի տեղամասերի նկատմամբ հանքային իրավունքի ձեւավորման միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի նախագահ, գործարար Ս. Հ.-ին հանքերեւակումների ուսումնասիրության 10 հատուկ լիցենզիաներ տրամադրելու գործընթացն իրականացնելու, հետագայում ուսումնասիրության ժամկետները երկարացնելու եւ հանքերի շահագործման թույլտվություն ստանալու հարցը նրա օգտին լուծելուն նպաստելու համար գործարարից պահանջել եւ ստացել է առանձնապես խոշոր չափերով` 4.2 մլրդ ՀՀ դրամին համարժեք 14 մլն ԱՄՆ դոլար կաշառք:

Արդյունքում 2008թ. հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում Սյունիքի, Լոռու եւ Գեղարքունիքի մարզերի տարբեր բնակավայրերում գտնվող հանքերեւակումների ուսումնասիրության 10 հատուկ լիցենզիաներն անցել են Ս. Հ.-ին պատկանող ընկերությունների տրամադրության տակ: Նույն ժամանակահատվածում Ս. Հ.-ն բանկային իր հաշվեհամարներից կանխիկացրել եւ Արամ Հարությունյանի մտերիմի միջոցով նրան է տվել 6 մլն ԱՄՆ դոլար կաշառքի գումարը:

Այսպիսով, Արամ Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Իրավապահները պնդում են, թե Հարությունյանն իրենց տեսադաշտում է:

Ըստ մեր տեղեկությունների` այն բանից հետո, երբ հոտեմբերի 24-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե առաջիկայում խոշոր կաշառքի գործով պատգամավոր կկալանավորվի, Արամ Հարությունյանը փորձել է ճողոպրել ՀՀ-ից: Սակայն նրան թույլ չեն տվել լքել երկիրն անգամ դիվանագիտական անձնագրով` մտավախություն ունենալով, որ այսպես կթաքնվի նախաքննությունից: Հետո Հարությունյանը փորձել է ՀՀ-ի ներսում թաքնվել. հիմա նա չի բնակվում այն հասցեում, որտեղ գրանցված է, բայց իրավապահները պնդում են՝ Հարությունյանն իրենց տեսադաշտում է, ու որպեսզի խուզարկություն անեն, կալանավորեն, հայտարարվել է հետախուզում:

Քնար Մանուկյան




Լրահոս